Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՔՐ ԴԱՇՏԸ

Ապրիլ 05,2006 00:00

Երեկ
մայրաքաղաքի Կենտրոն համայնքի Խորենացի 47 հասցեում շահագործման հանձնվեց ՈՒԵՖԱ-ի
«Փոքր դաշտեր» ծրագրի շրջանակներում իրականացվող ֆուտբոլի՝ արհեստական ծածկով երկրորդ
փոքր ունիվերսալ խաղադաշտը, որի հանդիսավոր բացումը կատարեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն
Հայրապետյանը, նրա հրավերով պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՈՒԵՖԱ-ի գործադիր
տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը եւ համայնքապետ Գագիկ Բեգլարյանը: Ուրախալի է,
որ այս գործում շահագրգիռ ու խելամիտ ակտիվություն է դրսեւորում հատկապես Կենտրոն
համայնքը, որը Երեւանի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկը լինելով, ազատ տարածքներ
գրեթե չունի: Ու պատահական չէ, որ հիմա հերթի է կանգնած նաեւ Կուզնեցով փողոցում
կառուցվող երրորդ դաշտը: Ասենք, որ ՈՒԵՖԱ-ի պարտադիր պահանջներից մեկն էլ նմանատիպ
դաշտերը հենց խիտ բնակեցված թաղամասերում տեղադրելն է, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ
ներգրավվեն ֆուտբոլի, ընդհանրապես սպորտի մեջ: Բացման արարողության ժամանակ
ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը մեզ ասաց. «ՈՒԵՖԱ-ի հատկացրած եւս 20 խաղադաշտերը,
որոնցից յուրաքանչյուրի արժեքը $20-25 հազար է եւ որոնք Ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին
նվիրաբերում է համայնքներին, ներկրված են ու գտնվում են Երեւանում: Դրանց հողհատկացումն
արդեն կատարված է: Օրերս քաղաքապետարանում հատուկ խորհրդակցություն անցկացվեց Ֆուտբոլի
ֆեդերացիայի եւ Երեւանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին
իրավիճակը, անելիքների ծրագրերը: Բոլոր թաղապետերը անձամբ տեսել են բացվող այս խաղադաշտը:
Հիմա շինարարների մրցույթներ պետք է հայտարարվեն ու տարվա ընթացքում դաշտերը հերթով
տեղադրվեն: Թե որ համայնքում գործը որքա՞ն արագ առաջ կընթանա՝ կախված է լինելու նրանց
պատրաստակամության աստիճանից: Համայնքների պարտավորությունների մեջ մտնում են հատկացված
տարածքում դաշտի բետոնե ծածկույթի, 24-ժամյա արտաքին լուսավորման ապահովումը եւ հետագա
շահագործումը: Տեղերում որքան արագ կատարեն պահանջվածը, այնքան շուտ կտեղադրվեն դաշտերը,
որոնք, ի դեպ, միայն ֆուտբոլին չէ, որ պետք է ծառայեն: Այնտեղ երեխաները կարող են
նաեւ թենիս, հանդբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ խաղալ: Իսկ եթե թերացողներ լինեն, մենք
նրանցից կվերցնենք դաշտերը ու կտանք ավելի պարտաճանաչներին»: Բացման արարողությունից
հետո ՀՖՖ նախագահն ու ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը շրջայց կատարեցին ֆուտբոլային խաղադաշտեր:
Այնուհետեւ բարձրաստիճան հյուրին ընդունեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բարձր
գնահատելով ՈԻԵՖԱ-ի հետ մեր երկրի համագործակցությունը, ֆուտբոլի միջազգային հեղինակավոր
այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, վարչապետը
նշեց, որ դրանք զգալիորեն նպաստում են մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես, սպորտի
զարգացմանը: Նա կարեւորեց, մասնավորապես, «Հեթ տրիկ» ներդրումային, ինչպես նաեւ «Փոքր
դաշտերի» ծրագրերը, որոնք ուղղված են հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի
խթանմանը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ
ուշադրություն է դարձնում հայկական ֆուտբոլի բարի ավանդույթների վերականգնմանը, որ
սերտ համագործակցություն է հաստատվել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Ֆիզիկական
կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ,
ինչը հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծել ծագող խնդիրները: Պետության կողմից
որոշակի օժանդակություն է ցուցաբերվում մարզադաշտերի համար տարածքների հատկացման,
մարզագույքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման եւ այլ նպատակներով:
Գոհունակություն հայտնելով ինչպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՀ
կառավարության, այնպես էլ ֆեդերացիայի եւ ֆուտբոլային ակումբների միջեւ սերտ համագործակցության
հաստատման կապակցությամբ, Լարս Օլսոնը համոզմունք է հայտնել, որ ֆուտբոլի զարգացումը
եւս կարող է նպաստել հասարակության առաջընթացին՝ միասնական նպատակի շուրջ համախմբելով
բազմահազար երկրպագուների: Նա նույնպես կարեւոր է համարել զանգվածային եւ հատկապես
մանկապատանեկան ֆուտբոլի խթանումը, մասնավորաբար՝ այդ նպատակին ուղղված «Փոքր դաշտերի»
ծրագիրը՝ նշելով, որ ՈԻԵՖԱ-ի կողմից այդ եւ այլ ծրագրերի համար տրամադրվող ֆինանսական
աջակցությունը ոչ միայն կշարունակվի, այլեւ կավելանա: Հանդիպման ժամանակ անդրադարձ
է եղել նաեւ 2008թ. կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստությանը,
մասնավորապես՝ ընտրական փուլում վիճակահանության արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի
ֆուտբոլի հավաքականների միեւնույն խմբում հայտնվելու խնդրին: Այդ կապակցությամբ Անդրանիկ
Մարգարյանը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լուծելու Ադրբեջանի
հավաքականին պատշաճ մակարդակով ընդունելու, պաշտոնական մրցախաղի, մրցակիցների ու
նրանց երկրպագուների անվտանգությունն ապահովելու հարցերը: Շնորհակալություն հայտնելով
վարչապետին նման մոտեցման համար՝ Լարս Օլսոնն ընդգծել է, որ ՈԻԵՖԱ-ն անվտանգության
նմանատիպ երաշխիքներ է ակնկալում նաեւ ադրբեջանական կողմից: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել