Երեկ
Հանրային ռադիոյի մամլո սրահում Հ1-ի արտաքին հարաբերությունների կապերի պետ, «Եվրատեսիլ-2006»
մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Դիաննա Մնացականյանը եւ երգիչ Անդրեն հանդիպում
ունեցան լրագրողների հետ: Ըստ էության, տեղեկացվեց ընդամենը հետեւյալը. Անդրեն
մինչ մրցույթ մեկնելը պատրաստվում է ելույթ ունենալ «Եվրատեսիլի» անդամ 7 պետություններում՝
Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ այլն, իսկ օրերս
երգիչը կմեկնի Մոսկվա, որտեղ հանդես կգա ռուսական էստրադայի ճանաչված դեմքեր Իրինա
Ալեգրովայի, Իոսիֆ Կոբզոնի եւ այլոց հետ: Կմասնակցի նաեւ անդամ պետությունների TV-ներում
կազմակերպված թոք-շոուներին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը բանախոսներին:
– Ասեկոսեներից խուսափելու համար հնարավոր չէ՞ր երգի եւ երգչի ընտրությունը
կատարել թափանցիկ: Օրինակ՝ այնպես, ինչպես կատարվեց Ռուսաստանում: Դ. Մնացականյան.-
Ըստ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման կարգի, նշված ընտրությունները կարող են կատարվել
փակ եւ բաց քվեարկությամբ: Մենք Հայաստանի մասնակցության մասին տեղեկացանք բավական
ուշ՝ դեկտեմբերի 26-ին եւ Հ1-ը ընտրեց փակ քվեարկության տարբերակը: – Հայ
երգիչը ելույթներ կունենա, ինչպես տեղեկացրիք՝ «Եվրատեսիլի» անդամ 7 երկրում, իսկ
Հայաստանում կտեսնե՞նք որեւէ երկրի ներկայացուցչի: Դ. Մնացականյան.- Ավելի
մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում: Բանակցային փուլը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին
կարող եմ ասել, որ Հայաստան կայցելեն Կիպրոսի, Իսրայելի, Մոսկվայի՝ «Եվրատեսիլում»
հանդես եկող կատարողները: – Կազմված է նաեւ Անդրեի «աջակցող խումբը», որում
ընդգրկված են երգչի գործընկերներն ու Հ1-ի ներկայացուցիչները: Հնարավոր չէ՞ր ընդգրկել
նաեւ Անդրեի երկրպագուներից: Դ. Մնացականյան.- Այդ խմբում ընդգրկված է 25
հոգի, իսկ ֆանատները կամ ցանկացողները կարող են գալ իրենց ծախսերով: Հ1-ը իր ֆինանսական
կարողություններով չի կարող համեմատվել BBC-ի, OPT-ի եւ մյուս աշխարհահռչակ հեռուստաընկերությունների
հետ: – Մեզ հասած տեղեկություններով, «Երատեսիլում» հանդես եկող երգիչը զրկված
է իր քմահաճույքներով այս կամ այն համերգին մասնակցելուց: Դուք ապրիլի 5-ին այլ երգիչ-երգչուհիների
հետ ընդգրկված եք Ազգային օպերային թատրոնում կայանալիք համերգում եւ պտտվում են
լուրեր, թե համերգի կազմակերպիչները պարծենալով ձեր մասնակցությամբ, ասում են իբր
համաձայնել եք՝ մեկ երգի համար պահանջելով 500 դոլար: Անդրե.- «Եվրատեսիլի»
կանոնադրությամբ նման բան չկա: Մրցույթից հետո միայն հաղթողը երկու շաբաթ իրավունք
չունի որեւէ համերգային շրջագայության: Ինչ վերաբերում է երեւանյան համերգին, ապա
չեմ պատրաստվում հոնորարներիս չափը հրապարակել, քանի որ չեմ կարծում, որ դա է այսօր
հետաքրքրում հանդիսատեսին: – Եվրատեսիլյան երգի տեքստի հայկական տարբերակը
կա՞ արդեն: Եթե ոչ, գոնե տեղեկացրեք, թե ինչի մասին է երգը եւ թարգմանեք կրկներգը:
Անդրե.- Երգն իմ սրտով է ու, ամենակարեւորը՝ սիրո մասին է: Կրկներգի թարգմանությունը
հետեւյալն է. ապրեմ թե մահանամ՝ առանց քո սիրո: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ