Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան կալանավորվել է

Ապրիլ 05,2006 00:00

«Հրեղեն
ձիու» առեղծվածը Երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակիցները լուսադեմին՝
ժամը 6.30-ի սահմաններում կալանավորել են «Հրեղեն ձի» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Խաչատուրի
Խաչատրյանին: Երեկ «Առավոտին» փաստաբանների պալատի անդամ Արմեն Մանուկյանը տեղեկացրեց,
որ դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ բողոքարկելու
ՀՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լյուդվիգ Ավետիսյանի որոշումը:
Կարեն Խաչատրյանի ՍՊԸ-ն վերջին 9-10 տարիներին Ռուսաստանից Հայաստան է ներկրում ռուսական
ոգելից խմիչքներ: Նա հարկային եւ մաքսային պարտավորությունները կատարել է բարեխղճորեն
եւ ժամանակին: Ամիսներ առաջ, սակայն, Կրասնոդարի մարզում ոգելից խմիչքներով բեռնված
(մոտ 80 հազար դոլարի) նրա մեքենաների վրա զինված հարձակում է տեղի ունենում, ինչը
Խաչատրյանը հայտնում է Հայաստանում գտնվող իր գործընկերոջը՝ Մարինե Առաքելյանին:
Ի դեպ, երեկ, մեր տեղեկություններով, վերջինիս էլ կանչել էին քննչական վարչություն:
Չգիտես ինչու, հայտարարությունից հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչությունը բերման
է ենթարկում Մ. Առաքելյանին՝ նրանից բացատրություն վերցնելու: Առաքելյանը գրում է,
որ «Խաչատրյանին տրված է լիազորագիր եւ նա գործում է նույն այդ լիազորագրի շրջանակներում»:
Խաչատրյանն էլ, որը որոնողական աշխատանքներ էր իրականացնում Մոսկվայում, իմանալով
կատարվածի մասին, գալիս է Հայաստան: Կանչվում է Լ. Ավետիսյանի մոտ, տեղեկանում, որ
«կեղծել է փաստաթուղթ՝ պետտուրք չմուծելու համար»: Խաչատրյանն իրոք համակարգչով կեղծում
է այն փաստաթուղթը, որ ռուսական կողմին ԱԱՀ չմուծեր, քանի որ մեկ կորուստ արդեն իսկ
ունեցել էր՝ 80 հազար դոլարի խմիչքները: Քննչական վարչությունը հարցում է անում ՀՀ
մաքսային պետական կոմիտեին՝ կապված «Հրեղեն ձիու» գործունեության հետ: Այնտեղից պատասխանում
են, որ «Հրեղեն ձին» ապրանք չի ներմուծել, բյուջեի նկատմամբ էլ որեւէ չմարված պարտավորություն
չունի»: Անհատ ձեռներեցը տասնյակ անգամ վկայի կարգավիճակով կանչվում է քննչական
վարչություն, ինչը հեռահար մի խնդիր էր լուծում. վկան չի կարող պաշտպան ունենալ:
Ինչ-որ առումով Խաչատրյանը լիարժեքորեն չի օգտվում այս ընթացքում քրեադատավարական
իր իրավունքներից: Կարենը գրանցված էր Բուզանդի 101 հասցեում, սակայն փաստացի
բնակվում է այլ հասցեում, ինչի մասին քննիչը տեղեկացված էր: Քննիչը, սակայն, գրություններն
ու կանչերն ուղարկում էր Բուզանդի հասցեով, իմիտացիա ստեղծելով, թե «տես, խուսափում
է քննությունից»: Ի դեպ, Լ. Ավետիսյանը, մեր տեղեկություններով, եղել է նաեւ Կ. Խաչատրյանի
այն հասցեում, ուր փաստացի ապրում էր: Ապրիլի 3-ին նա Խաչատրյանին եւ նրա փաստաբանին՝
Ա. Մանուկյանին հրավիրում է իր մոտ: Նշանակված ժամին, սակայն, ՀԿԳ քննիչը գտնվում
էր ԱՆ «Նուբարաշեն» մեկուսարանում: Երբ «Նուբարաշենում» հանդիպում է փաստաբանին,
վերջինս հայտնում է, որ նշանակված ժամին եղել են վարչությունում: Լ. Ավետիսյանը հերթական
հանդիպումը նշանակում է ապրիլի 4-ին: Սակայն լուսադեմին… Խաչատրյանը բարձրանում
է «Նուբարաշեն», իսկ Ա. Մանուկյանին թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալի հետ,
դրանով իսկ խախտվում է «Ձերբակալման պահից անձն իրավունք ունի ունենալ պաշտպան» օրենքի
պահանջը: Փաստաբան Ա. Մանուկյանը գտնում է, որ Լ. Ավետիսյանի գործողություններում
առկա են ՀՀ քրօրի 314 հոդվածի հատկանիշները, այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ շահադիտական
կամ անձնական այլ դրդումներով զուգորդված: Ըստ էության, դատարան են ներկայացվել կեղծ
ապացույցներ, որոնք հիմք են դարձել Խաչատրյանի ձերբակալման սանկցիան տալուն: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել