ԱԶԱՏ
ԵԼՈՒՄՈՒՏ ԵՆ ԱՆՈՒՄ Երեկ կեսօրին «Ժառանգություն» կուսակցության
անդամները նկատել են, որ Հ. Պարոնյանի թատրոնի վարձակալած տարածքում գտնվող իրենց
գրասենյակի երկու պատուհանները բաց են: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է՝ կուսակցության
գրասենյակը փակ է: Մարտի 4-ին անհայտ անձինք հարձակվել էին գրասենյակի վրա, դուռը
ջարդել եւ առանց կուսակցության ղեկավարներին տեղյակ պահելու՝ փոխել դռան կողպեքը:
«Ժառանգության» գրասենյակի վրա հարձակումը կուսակցության անդամները բնորոշել էին
որպես քաղաքական հաշվեհարդար Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Երեկ էլ նրանք նույն կարծիքին
էին եւ տարածքն ազատելու վերաբերյալ թատրոնի ղեկավարի պահանջը կապում էին դրա հետ:
Ըստ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը պատճառաբանում
է, թե շենքն այլեւս իրենցը չէ եւ պատկանում է Պետական գույքի կառավարման վարչությանը:
Հ. Խուրշուդյանի խոսքերով, ներսում մնացել են կուսակցության անձնական գույքն ու կլոր
կնիքը. «Չնայած նրան, որ դրսից դուռը կողպված է, փաստորեն, ինչ-որ մարդիկ թատրոնի
ներսից ազատ ելումուտ են անում մեր գրասենյակ»: Այս առնչությամբ երեկ կուսակցությունը
դիմել է դատախազություն եւ ոստիկանություն: Պարոնյանի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը
մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Գուցե ուժեղ քամուց պատուհանները բացվել են, բայց
դա չի նշանակում, որ թատրոնի ներսից մարդիկ են մտնում գրասենյակ: Ներսից, ինչպես
որ դրսից, երկաթե ճաղերով դռները նույնպես կողպված են եւ կնքված: Կուսակցության անդամները
ինձ չեն էլ դիմել, որպեսզի մտնեն ու ներսից ստուգեն եւ համոզվեն, որ կնիքը տեղում
է: Իսկ ուրիշ տեղից գրասենյակ մտնելու տարբերակ չկա: Չի կարելի նման հարցերը քաղաքականացնել:
Դատախազությունից ու ոստիկանությունից այսօր եկել են ու ֆիքսել, որ այդ դռները փակ
են եւ կնքված»: Չնայած թատրոնի տնօրենի պնդումներին, կուսակցության անդամները համոզված
են, որ իրենց գրասենյակ, այնուամենայնիվ, ելումուտ կա, քանի որ կուսակցության տարածքային
անդամները հայտնել են, որ իրենց նկատմամբ հետապնդումներ են սկսվել, եւ որ վերջիններիս
ստիպում են «Ժառանգությունից» դուրս գալ: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ