Պարզվեց,
որ դրան է սպասում «Նոր ժամանակներ»-ի առաջնորդ Արամ Կարապետյանը, որը երեկ անցկացրեց
բացօթյա համաժողով: Արամ Կարապետյանը պնդեց, թե իրենց չեն տրամադրել կառավարության
նիստերի դահլիճը, թեեւ դիմել են 2 անգամ. «Մերժել են՝ պատճառաբանելով, թե այն զբաղված
է: Բայց իմ ունեցած տեղեկություններով՝ դահլիճն այսօր զբաղված չէ»: Սա միակ խոչընդոտն
էր: Համաժողովի մասնակիցների առջեւ չէին հարուցվել արգելքներ Երեւան հասնելու համար,
ճանապարհները չէին փակել: «Փակեին էլ՝ անցնելու էինք»,- ասաց պրն Կարապետյանը: «Նոր
ժամանակների» առաջնորդը սկզբից եւեթ խոստացավ, թե համաժողովում ասելու է «բաներ,
որոնք մինչեւ հիմա չեն հնչել»: Խոսքը մասնավորապես հետեւյալի մասին էր. «Գիշերային
այն խորհրդակցությունները, որոնք վարում են Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որ կարողանան
թե՛ ամերիկյան փողեր ստանալ, թե՛ Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնել՝ նպատակաուղղված
են մի բանի, որ 18 անձ, որոնց մասին հստակ տեղեկություններ կան, որ գողացել, կողոպտել,
թալանել են երկիրը՝ երբեւէ չկանգնեն հայկական դատարանի առջեւ: Սա՛ է նրանց միակ նպատակը
եւ ոչ թե Ղարաբաղի խնդրի լուծումը»: Այդ 18 անձանց ազգանունները չհրապարակվեցին:
Համաժողովում պարզ դարձավ, որ «Նոր ժամանակների» ներկայացուցիչներն էլ են
ավտոշարասյուներով ապրիլին այցելելու մարզեր՝ դարձյալ փորձելով ակտիվացնել ժողովրդին:
Հիշեցնենք, որ առաջինն այդ մասին հայտարարել էր «Ազգային միաբանությունը», նախօրեին
էլ՝ «Ժառանգությունը»: «Մենք հավաքելու ենք ժողովրդին Երեւանում,- խոստացավ Արամ
Կարապետյանը:- Եվ գալու է այն պահը, երբ ունենալու ենք այստեղ կրիտիկական զանգված»:
Ելույթի մի զգալի հատված պատասխան էր այն հարցին, թե ինչու պետք չէ սպասել
2007-ի խորհրդարանական ընտրություններին: «Մեր տարին 2006-ն է, որովհետեւ հիմա արտաքին
քաղաքական դաշտում թե՛ Իրանի, թե՛ Ղարաբաղի խնդիրների, թե՛ գազի սակագնի, թե՛ սուբյեկտիվ
այլ պայմանների հետ կապված՝ սկսելու են ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների
վրա»,- սա պատճառներից մեկն էր: «Երբ արտաքին քաղաքական ուժերը սկսեն իրենց թափ տալ՝
մենք պիտի պատրաստ լինենք ներսում գործողության»,- որպես թեզ հռչակեց Արամ Կարապետյանը:
2007-ին չսպասելու մյուս պատճառը. «Ի՞նչ է փոխվելու երկրում, որ հավատանք,
թե ընտրությունները նորմալ են լինելու: Ի՞նչ, դահլիճնե՞ր են տրամադրելու: Մեկ տարուց
ավելի է՝ փողով ուզում ենք խոսել. հեռուստաեթե՞ր են տալու: Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
քսի չե՞ն տալու… ԿԸՀ-ն է փոխվելո՞ւ, ընտրական հանձնաժողովներո՞ւմ են փոփոխություններ
լինելու, իշխանությո՞ւնն է ավելի ժողովրդավար դառնալու, որ մենք էլ ասենք՝ 2007-ի
ընտրությունները լինելու են ազատ, արդար ու թափանցիկ»: «Նոր ժամանակների» առաջնորդը
շեշտեց, թե հայտարարում է պաշտոնապես. «Բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, իսկ
այդպիսինները կան, որոնք փորձել են պայմանավորվածությունների գալ 2007-ին խորհրդարանում
մի թեթեւ ներկայություն ունենալու շուրջ՝ միանգամից ասում եմ. վա՛ղ եք սկսել պայմանավորվել,
ձեզ խաբելու են, քցելու են: Եվ որեւէ մեկդ այնտեղ տեղ չեք ունենալու, կամ այնպիսի
տեղ եք ունենալու, ինչպես այսօր՝ որեւէ բան չորոշող մանդատներ»: Ըստ նրա, եթե մինչեւ
2007-ը Հայաստանում իրավիճակն արմատապես չփոխվի՝ «այդ ընտրությունները լինելու են
ֆարս, եւ դրան մասնակցող յուրաքանչյուր ոք լինելու է իշխանության կողմից»: Արամ Կարապետյանը
վստահ է. «Կնկարեն այնպես, ինչպես ուզում են, ու հաշվի էլ չեն առնի՝ բարգավա՜ճ է
Հայաստանը, դաշինքայի՜ն է Հայաստանը, ժողովրդակա՜ն է Հայաստանը, հանրապետությո՜ւն
է Հայաստանը: Ոչ մի բան էլ հաշվի չեն առնի»: Այս շարքի մեջ զարմանալի թվաց «Հանրապետություն»
կուսակցության հիշատակումը: Սակայն քիչ անց ամեն ինչ պարզ դարձավ, երբ «Նոր ժամանակների»
առաջնորդն, առանց անունը տալու՝ պատասխանեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն
Սուրենյանցի հետեւյալ հայտարարությանը. «Մենք մտադիր ենք «Հանրապետություն» կուսակցությունը
դարձնել այն առանցքը, որը միավորելու է ազատական արժեքներով ապրող Հայաստանի քաղաքացիներին»։
Իսկ Արամ Կարապետյանը հայտարարեց. «Մենք երբեւէ չենք ասում՝ մե՛նք լինենք առանցք:
Դուք իմ բերանից մինչեւ այսօր այդպիսի խոսք չեք լսել ու չեք էլ լսելու: Մենք ասում
ենք՝ եղբայրաբար ուզո՞ւմ եք մեզ հետ մասնակից լինեք՝ բերեք ռեսուրսները միացնենք,
անենք իրար հետ: Ո՞չ, ուրեմն մենք անելու ենք այնքանով, ինչքան կարող ենք մենք: Իսկ
մեր վերջին բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ մենք քիչ բան չէ, որ կարող
ենք»: Իր հյուսիսային կողմնորոշման շնորհիվ պրն Կարապետյանը վստահ է, թե ավելի
շատ բան կարող է անել՝ «կտեսնե՛ք, գազի գնի համար էլ կպայմանավորվենք, ռուսական կապիտալի
մուտքի համար էլ, «Գույք՝ պարտքի դիմաց» էլ…»: «Նոր ժամանակների» արտաքին քաղաքական
գիծը «հստակ գծված է: Ապագա Հայաստանը, մեր կարծիքով, լինելու է Ռուսաստանի ամենասերտ
դաշնակիցը»: Նման գծի հետեւորդը, բնականաբար, պետք է հանդես գար նաեւ հակավրացական
կոչերով. «Տեսեք, թե շուտով ի՜նչ կկատարվի Վրաստանում: Դուք տեսեք, թե Վրաստանի հետ
գործողություններից հետո ինչքա՜ն մենք կմոտենանք Ռուսաստանին»: Արամ Կարապետյանը
հայտարարեց. «Առաջին անգամ բացարձակ ասում եմ՝ այսօր վրացական պետությունը կանգնած
է քայքայման եզրին: Եվ եթե մենք պատրաստ չլինենք այդ քայքայմանը՝ այնտեղ մեծ աղետ
ենք ունենալու հայկական բնակչության հետ»: Համաժողովի վերջում պրն Կարապետյանը
պարզաբանեց, թե վերանայել է իր որոշ հայտնի ասույթներ, մասնավորապես՝ Փարաքարը փակելու
մասին. «Նկատի ունեցել եմ հետեւյալը՝ երբ իշխանափոխություն է լինում, շատ հաճախ այն
մարդիկ, ովքեր գողացել, թալանել, կողոպտել, օրենք են խախտել՝ հնարավորություն են
ունենում նստել ինքնաթիռ, փախչել ինչ-որ երկիր: Կարծում եմ, սխալվել եմ, քանի որ
հիմա էլ որեւէ երկիր չեմ տեսնում, որ նրանց ընդունի: Եթե բարձրանան՝ օդում են մնալու:
Դրա համար փակել պետք չի՝ հավաքե՛լ է պետք»: «Նոր ժամանակների» մյուս հավաքը
կազմակերպվելու է ոստիկանության շենքի դիմաց. պատճառն այն է, որ դեռ հանրաքվեից առաջ
կուսակցությունից բռնագրավված սարքավորումները չեն վերադարձվել մինչ այժմ: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ