Այսպես
է կարծում ոչ միայն հեռուստաընկերության տնօրենը, այլեւ հասարակությունը Չորս
տարի առաջ ապրիլի 2-ին ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում կայացրեցին ու փակեցին,
ինչպես ԱՄՆ պետդեպի վերջին զեկույցում էր արձանագրված, «Հայաստանի վերջին անկախ հեռուստաընկերությունը»՝
«Ա1+»-ը: Երեկ «Հայելի» ակումբում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս
Նավասարդյանն ու «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը քննարկում էին «Խոսքի ազատությունը
Հայաստանում» թեման: Քննարկմանը հայաստանյան ԶԼՄ-ներից, այդ թվում՝ հեռուստաընկերություններից,
շատերի ղեկավարներն էին հրավիրված, բայց չէին եկել՝ թերեւս համարելով, որ ՀՀ-ում
այս ոլորտում լուրջ խնդիրներ չկան, որոնք արժե հրապարակայնորեն քննարկել: Իհարկե,
սա կարելի է նաեւ այլ տեսանկյունից եւս դիտարկել՝ «Ա1+»-ի տնօրենի հետեւյալ հայտարարության
համատեքստում. «2002 թ. ապրիլի 2-ին, երբ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, 19
ԶԼՄ-ներ համատեղ հայտարարեցին, թե Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ: Նրանք
դրանով ցույց տվեցին, որ Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է»: Մ.
Մովսեսյանի կարծիքով, «Ա1+»-ը վաղուց է դարձել ազատ խոսքի խորհրդանիշ, թեեւ հեռուստաընկերությանը
եթերից զրկելիս իշխանությունները չէին պատկերացնում, որ դա կդառնա խոսքի ազատության
խնդիր: Բ. Նավասարդյանի դիտարկմամբ, Հայաստանում մամուլն այսօր ավելի ազատ
է, քան հեռուստատեսությունն ու ռադիոն: Մամուլի դեպքում ճնշումներն անհամեմատ թույլ
են, որովհետեւ նկատի ունենալով նրանց փոքր տպաքանակները՝ դրանց ազդեցությունն այնքան
մեծ չէ, եւ մյուս կողմից էլ՝ մամուլում չկա ՀՌԱՀ կամ նույն գործառույթն իրականացնող
այլ մարմին: Ըստ նրա, ԶԼՄ-ներն այսօր խնդիր չունեն ինքնուրույն որոշելու,
թե որն է սպիտակ եւ որը՝ սեւ, որովհետեւ դա որոշվում է «վերեւից»: Այդ «վերեւում»
է որոշվում՝ երբ քննադատել եւ երբ՝ գովաբանել: Սա լուրջ հասարակական խնդիր է: «Այս
իրավիճակից դուրս գալու համար լուրջ ցնցումներ են պետք: Ես զինված հեղափոխության
կոչեր չեմ անում: Այդ ցնցումը կարող է լինել, ասենք, Եվրոպական դատարանում «Ա1+»-ի
հայցի բավարարումը»,- նկատել է Բ. Նավասարդյանը՝ միաժամանակ հավելելով, որ դա Հայաստանի
համար լուրջ քաղաքական ու հասարակական խնդիր է: Ըստ նրա, իրավիճակը շտկելու հույսերն
ու ներքին ռեսուրսները քիչ են, որովհետեւ ժողովուրդը, նաեւ հենց ԶԼՄ-ների ներկայացուցիչները
հաշտվող են եւ իրավիճակը փոխելու հիմնական հույսը կապում են «դրսի» հետ: Պարզվեց՝
այդպես մտածողների թվում է նաեւ Մ. Մովսեսյանը, ով կարծում է, որ «Ա1+»-ի հարցը կարող
է լուծվել, օրինակ՝ Եվրադատարանի որոշման հիման վրա: Միաժամանակ ե՛ւ նա, ե՛ւ
Բ. Նավասարդյանը համակարծիք էին, որ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից
«Ա1+»-ին եթեր վերադարձնելու բազում պահանջներ են եղել, որոնք ոչ մի արդյունք չեն
գրանցել: Բ. Նավասարդյանի համոզմամբ, դրա պատճառն այն է, որ այդ պահանջները
դրվել են այնպես, որ հնարավոր է դրանք նաեւ չկատարել՝ առանց որեւէ հետեւանքների:
«Ես դա լուրջ եւ հստակ պահանջ չեմ կարող համարել: Եթե պահանջները այլ կերպ դրվեին,
արդյունքն էլ այլ կլիներ»,- նկատել է Բ. Նավասարդյանը: Մ. Մովսեսյանն էլ, ի դեպ,
այդ պահանջները հակված էր «ձեւական» համարել: Երեւանի մամուլի ակումբի նախագահը
միաժամանակ շեշտեց, որ ո՛չ հիմա, ո՛չ նախկինում չի ձեւավորվել որեւէ իշխանություն,
քաղաքական որեւէ ուժ, որը հետեւողականորեն պաշտպանում է խոսքի ազատությունը: Ինչ
վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա Բ. Նավասարդյանի մատուցմամբ, նրանք խոսքի
ազատությունը սահմանափակելով՝ նախեւառաջ իշխանություն պահելու հարց են լուծում: Ըստ
նրա, ՀՀ իշխանությունները երբեւէ խնդիր չեն ունեցել Հայաստանը դարձնել տոտալիտար
պետություն, բայց իշխանություն պահելու լավագույն եւ ամենաարդյունավետ տարբերակը
համարվել է խոսքի ազատության սահմանափակումը: «Եթե լինեին հնարավորություններ՝ պահպանել
իշխանությունը առանց այդ ճնշումների, կանեին, բայց նրանք այդքան առաջադեմ չեն, պրոֆեսիոնալ
չեն, այդպիսի եղանակներ չեն գտել եւ ընտրել են հեշտ ձեւը»: Անդրադառնալով մասնավորապես
հեռուստաընկերությունների գործունեությանը՝ պարոն Նավասարդյանը կարծիք հայտնեց, թե
լինելով ամենազանգվածային ԶԼՄ-ն՝ հեռուստատեսությունը չի կատարում իր ամենակարեւոր
առաքելությունը՝ չի վերահսկում իշխանության գործունեությունը, չի կատարում տարբեր
քաղաքական իրադարձություններին հանրությանը ծանոթացնելու, քաղաքակիրթ հասարակություն
ձեւավորելու իր գործառույթները: Ըստ «Ա1+»-ի տնօրենի, հեռուստաընկերությունների տնօրենները
գերադասում են հանգիստ փող աշխատել, քան գլուխը ցավի տակ դնել: «Հույս ունեմ, որ
շատ շուտով հեռուստաընկերությունները հասնելով մի պատնեշի՝ կհասկանան, որ իրենք փակուղու
առաջ են հենց այն պատճառով, որ ճանապարհին կորցրել էին պայքարի ձեւերն ու դրա անհրաժեշտության
պահանջը»,- նկատել է Մ. Մովսեսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ