Լրահոս
Օրվա լրահոսը

Լ.

Ապրիլ 04,2006 00:00

Լ. Ք. ՕԼՍՈՆ. «ՀՖՖ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԳՆԱՀԱՏԵԼԻ Է» ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով պաշտոնական այցով երեկ Երեւան է ժամանել ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն պարոն Լարս Քրիստեր Օլսոնը: Նույն օրն առավոտյան ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հանդիպում է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որին ներկա էր նաեւ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Այնուհետեւ պարոն Լարս Քրիստեր Օլսոնը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակազմի հետ: Իր խոսքում ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենն անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի եւ նախկին խորհրդային հանրապետությունների ազգային ֆեդերացիաների համագործակցության խնդիրներին, հատկապես կարեւորելով ներդրումային ծրագրերը, հեռանկարային զարգացման խնդիրները, միջազգային ֆուտբոլային կառույցներում ազգային ֆեդերացիաների ինտեգրման հարցերը: ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը պատասխանել է նաեւ ֆեդերացիայի աշխատակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են արտոնագրման համակարգին, ՈՒԵՖԱ-ի կոմիտեներում եւ աշխատանքային հանձնախմբերում ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների ընդգրկվածությանը եւ այլն: Պատասխանելով «Եվրո-2008»-ի վիճակահանությունից հետո ստեղծված իրավիճակին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները պետք է մրցեն միմյանց հետ, պարոն Օլսոնն ասել է, որ ՈՒԵՖԱ-ն պատրաստ է ստեղծել մի հանձնախումբ, որը կլինի թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում, կուսումնասիրի ստեղծված իրավիճակը եւ եզրահանգումներ կանի: Պարոն Օլսոնը նշել է, որ ՈՒԵՖԱ-ի ցանկությունն է, որպեսզի խաղերը կայանան Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց հասկանալի է, որ կան դժվարություններ՝ կապված անվտանգության հարցերի հետ: Oլսոնը միաժամանակ նշել է, որ իրենք չեն ցանկանում քաղաքական խնդիրների անդրադառնալ եւ հույս ունեն, որ լուծումներ կգտնվեն, որպեսզի հարցը քաղաքական խնդրի չվերածվի: Նա հատուկ շեշտել է, որ Հայաստանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցում շատ կայուն եւ հաստատուն դիրքորոշում ունեն, որը շատ գնահատելի է: Երեկ ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը եղավ նաեւ Մատենադարանում, հյուրընկալվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, այցելեց Փարաջանովի տուն-թանգարան: Այսօր, ժ. 11:00-ին, Խորենացի 47 հասցեում (նախկին «Դրուժբա» հանրախանութի շենքի բակում) տեղի կունենա մայրաքաղաքում արհեստական ծածկով երկրորդ փոքր դաշտի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն նաեւ ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենն ու ՀՖՖ նախագահը: Նույն օրը, ապրիլի 4-ին, ժամը 19:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լեւոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա պարոն Լարս Քրիստեր Օլսոնի մամուլի ասուլիսը: Մինչ այդ ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը կայցելի մարզադաշտեր, կծանոթանա Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել