Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանենք,

Ապրիլ 04,2006 00:00

Պաշտպանենք, բայց ինչպե՞ս ԵՏԻ-ում սովորող 50 ուսանողի շրջանում կատարված հարցախույզը պարզեց, որ նրանցից միայն 4-ն է զգում իրավական հանձնաժողովի կարիք։ Երեւանի որոշ բուհերում, այդ թվում ԵՊՀ-ում, ուսխորհրդին կից ստեղծվել է իրավական հանձնաժողով, որը զբաղվում է ուսանողների շահերի, իրավունքների պաշտպանությամբ, դրանց մասին ուսանողներին տեղեկացնելու գործով։ Իրավական հանձնաժողովի անդամներն իրենք` ուսանողներն են։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում (ԵՏԻ) այս հանձնաժողովը չի գործում։ «Եթե այլ բուհերում կան իրավաբանական հանձնաժողովներ, իսկ ԵՏԻ-ում՝ ոչ, դա չի նշանակում, որ ԵՏԻ-ում խախտվում են ուսանողների իրավունքները, եւ ուսխորհուրդը դրա վրա աչք է փակում»,- ԵՏԻ ուսխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանը իրավական հանձնաժողովի գոյությունը ավելորդ է համարում իրենց բուհում։ ԵՏԻ-ն ռազմավարություն է մշակել, ըստ որի՝ ուսանողը ոչ միայն պիտի պահանջի իր իրավունքների պաշտպանություն, այլեւ կատարի իր պարտականությունները։ Հակառակ դեպքում նա կարող է մոռանալ ուսխորհրդի աջակցության մասին։ «Ուսանողական խորհուրդը իր առաքելությունն է համարում պաշտպանել այն ուսանողների իրավունքները, ովքեր կատարում են իրենց պարտականությունները»,- ասաց Ա. Ալեքսանյանը։ Իսկ գիտե՞ն, արդյոք, ուսանողներն իրենց իրավունքները, որ հետո էլ պահանջեն դրանց պաշտպանությունը։ Որոշ իրավունքներ, իհարկե, գիտեն. բոլորն էլ գիտեն, որ եթե դասախոսը չի ուզում բարձր նշանակել՝ կարող են դիմել ուսխորհուրդ, գիտեն, որ դասախոսը իրավունք չունի իրենց վիրավորել եւ այլն։ Այս ամենը գիտեն, բայց արդյո՞ք դիմում են ուսխորհրդին կամ գուցե ուզում են ունենալ մի առանձին մարմին, որն անմիջականորեն կզբաղվի՞ այս հարցերով։ «Ինձ համար միեւնույն է՝ կգործի՞ իրավական հանձնաժողով, թե՞ ոչ։ Ես, այսպես թե այնպես, ոչ ուսխորհրդին դիմելու կարիք եմ զգում, ոչ էլ այդ հանձնաժողովինը կզգամ»,- իր անտարբերությունը չթաքցրեց ԵՏԻ ուսանողուհի Լիլիթ Թադեւոսյանը։ Մինչ ուսանողները քննարկում են հանձնաժողովի լինել-չլինելու հարցը, ուսխորհուրդը փորձում է ուսանողների շահերի պաշտպանության քայլեր անել։ Ա. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ իրենց ջանքերով վերացրել են բուհում գրավաճառությունը։ Այսինքն՝ դասախոսները այլեւս չեն մտնում լսարան եւ ուսանողին պարտադրում գիրք գնել։ Մեկ տարի առաջ ԵՏԻ-ից մի դասախոս է հեռացվել, ով դասաժամին, ինչպես Ա. Ալեքսանյանը բնորոշեց, «իրեն ճիշտ չէր պահել ուսանողի նկատմամբ»։ Պարզվում է՝ ԵՏԻ-ում քննաշրջանին պատրաստվում են ե՛ւ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելով, ե՛ւ իրավական։ Սա նշանակում է, որ դասախոսներն այսուհետեւ ստիպված են էլ ավելի զգույշ լինել ուսանողների հետ։ Ամեն քննաշրջանից առաջ ասպիրանտները հատուկ խմբակներում առաջինից երրորդ կուրսեցիներին նախապատրաստում են քննաշրջանին։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել