Գործարարը տուժել է Ռիժկովի հուշարձանի՞ համար
Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան մարտի 15-ին, 29-ին հերթական անգամ չներկայացան արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ): Նրանց անգործունեությունն է վիճարկում ՌԴ «Ռոսվնեշտորգի» հայաստանյան ներկայացուցչության նախկին ղեկավար Սանասար Ալեքսանյանը: ՀՀ ոստիկանությունից պետք է հօգուտ Ալեքսանյանի բռնագանձվի 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ դատավճիռը ուժի մեջ է թողնվել ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից՝ 2004թ. դեկտեմբերի 13-ից, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից՝ 2005թ. հունվարի 21-ից:
Ուշադրության թերեւս արժանի է այն, որ 2002թ. դեկտեմբերին 5,7 մլն դրամի յուրացման փաստի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Ս. Ալեքսանյանի նկատմամբ՝ ՀՀ ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից, որի պետն էր ներկայիս գլխավոր հարկադիր Արկադի Բալայանը: «Շուրջ 3 տարի իմ նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությամբ եւ դատաքննությամբ պարզվել է, որ իմ կողմից հափշտակություն եւ յուրացում չի կատարվել, այլ ընդամենը «Ռոսվնեշտորգի» հանձնարարությամբ եւ ՀՀ ՌԴ դեսպանության գիտությամբ Սպիտակ քաղաքում կառուցել եմ Ն. Ի. Ռիժկովի հուշարձանը եւ Հայ-սլավոնական համալսարանի ցանկապատը, որի ընթացքում իբրեւ թե իմ կողմից կանխամտածված հարկային պարտավորությունը չի կատարվել, այն դեպքում, որ հարկերը պետք է վճարեր շինարարական կազմակերպությունը»,- ՀՀ նախագահին ուղղած իր նամակում ասում է Ս. Ալեքսանյանը:
Սակայն Ալեքսանյանի նամակը ուղարկվել է հենց ՀՀ ոստիկանություն, մինչդեռ Ալեքսանյանը բողոքում է հենց ոստիկանությունից, որտեղ նրան 6-րդ վարչությունում 72 ժամ ապօրինի պահել են, այնուհետեւ, ինչպես Ալեքսանյանն է հայտնում, «ստիպել են հարազատներիս 50.000 ԱՄՆ դոլար մուծել վարչությանը»: ԴԱՀԿ-ն համառորեն չի կատարում դատարանի վճիռը, չնայած առկա է կատարողական թերթը եւ որոշումը՝ հօգուտ Ալեքսանյանի 50.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին: Ալեքսանյանը փորձել է հանդիպել արդարադատության նախարարին, սակայն հունվարի 10-ից մինչ օրս նրա գրավոր դիմումին նախարարությունը որեւէ պատասխան չի տվել:
Հայաստանում չի գտնվում մի մարմին, որը պարտավորեցնի ԴԱՀԿ-ին՝ ապահովել դատավճռի կայացումը: ԴԱՀԿ-ն զորեղ է հասարակ քաղաքացիներին սեփական տարածքներից վտարելու հարցում, իսկ ոստիկանության նկատմամբ անզոր է: Ալեքսանյանը դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնել են, թե առաջարկվել է ԴԱՀԿ-ին «ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ձեր օգտին կայացված դատական որոշումը կատարելու համար»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ