Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաշինգթոն-Բաքու, նոր սերտացումներ

Ապրիլ 04,2006 00:00

Վաշինգթոն-Բաքու,
նոր սերտացումներ Մեկնաբանելով մարտի վերջին Վաշինգթոնում կայացած
հերթական ադրբեջանա-ամերիկյան ռազմաքաղաքական խորհրդատվությունների արդյունքները՝
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդես է եկել
Վաշինգթոնի եւ Բաքվի անվտանգության հարցերով երկխոսության առավել խորացման օգտին:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Ազիմովը նշել է, թե Ադրբեջանի եւ ԱՄՆ համագործակցության
զգալի մասը վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտին: «Ադրբեջանին ցուցաբերվող
ամերիկյան աջակցությունը պատշաճ մակարդակի վրա է, սակայն մեր պահանջները զգալիորեն
ավելի շատ են: Ամերիկայի վերաբերմունքն այդ պահանջներին վկայում է այն մասին, որ
նրանք պատրաստ են ավելի սերտ համագործակցության: Ընդհանուր առմամբ, երկխոսության
ընթացքը դրական է»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը: Ազիմովն ասել է նաեւ,
որ երկխոսության օրակարգի հարցերը մնում են անփոփոխ՝ Ադրբեջանի անվտանգության ապահովումը
ազգային եւ տարածաշրջանային մակարդակով, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, տարածաշրջանային
հակամարտությունների, մերձկասպյան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը,
ռազմաքաղաքական դրությունը Կասպից ծովի ավազանում: Նա հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի,
քննարկվել է նաեւ իրանա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: «Մենք նշել ենք,
որ այդ սահմանի 130 կիլոմետրանոց հատվածը օկուպացված է: Այստեղից բխող սպառնալիքներն
անպայման պետք է դիտարկվեն: Նաեւ քննարկվել է իրավիճակը Կասպից ծովի՝ Իրանին սահմանակից
հատվածում: Ադրբեջանին մտահոգում են այնտեղ Իրանի կողմից գործադրվող որոշ քայլեր»,-
ասել է Արազ Ազիմովը: Մանրամասնելով հատկապես Լեռնային Ղարաբաղի
շուրջ տեղի ունեցած քննարկումներից իր տպավորությունները՝ Արազ Ազիմովն ասել է. «Ամերիկան
պետք է հասկանա, իսկ Հայաստանը՝ լավ հիշի, որ Ադրբեջանը ոչ միայն չի համաձայնի իր
հողերի անդամահատմանը, այլեւ կկանխի դա: Եվ սա պետք չէ ընկալել որպես մեր դիրքորոշման
կոշտացում»: Ըստ Ազիմովի, «դա սկզբունքային դիրքորոշում է, որն Ադրբեջանը որդեգրել
է հակամարտության առաջին իսկ օրից»: Ի դեպ, Ազիմովը մեծահոգաբար թույլատրել է, որ
Ղարաբաղի հայերն ապրեն Ղարաբաղում՝ ասելով. «Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղում
հայկական եւ ադրբեջանական համայնքների համատեղ հանգիստ բնակությանը եւ նրանց համապատասխան
երաշխիքներ տրամադրելուն: Համոզված եմ, որ որեւէ փուլում Ադրբեջանը կհասնի դրան,
քանզի այլ ճանապարհ չկա»: Ազիմովի խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է համապատասխան ճկունություն
ցուցաբերել: «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայկական համայնքը պետք է ապահովված լինի
ինքնավարությամբ՝ ինչ-որ շրջանակներում: Հայկական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանի քաղաքական
ուժերը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հայերին այդ տարածաշրջանից վտարելու օգտին:
Դա այդպես չէ: Մենք երբեք չենք առարկել հայերի բնակությանը Լեռնային Ղարաբաղում՝
որպես Ադրբեջանի քաղաքացիների»,- հակափաստարկել է Արազ Ազիմովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել