Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈՐՁ ԷԼԻ ՄԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԴԵՄ

Ապրիլ 04,2006 00:00

Շարժառիթները
տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական՝ առայժմ հայտնի չէ ՀՀ ոստիկանության օպերատիվ
ամփոփագրի համաձայն, ապրիլի 1-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժինը քաղաքային հիվանդանոցից
ահազանգ էր ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել ԵԿՄ Արմավիրի
տարածքային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ նույն
օրը, ժամը 15:30-ին, Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ, որտեղ, ի դեպ, գտնվում
է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը, կուսակցությունից դուրս
գալուց հետո իրեն պատկանող «Համմեր N2» մակնիշի սեւ գույնի 02ՕՍ444 պետհամարանիշի
ավտոմեքենան նստելու պահին «ՎԱԶ 2174» մակնիշի սպիտակ գույնի 28ՕՍ785 պետհամարանիշի
ավտոմեքենայի մեջ նստած անհայտ անձը 5.45 տրամաչափի ինքնաձիգով մի ամբողջ փամփշտակալ՝
28 փամփուշտով, կրակահերթ էր արձակել Ռ. Գասպարյանի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով
վերջինս ձախ ձեռքի եւ ոտքի մասերում ստացել էր հրազենային վնասվածքներ։ Հանցագործը
դիմել էր փախուստի՝ մեքենան թողնելով դեպքի վայրից 200մ հեռավորության վրա ու դիմել
փախուստի: Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել եւ առգրավվել էր ինքնաձիգի 2 պահունակ՝
լիցքավորված 5.45 մմ տ/չ 60 փամփուշտով։ Հիշյալ ավտոմեքենան, ի դեպ, պատկանում է
1982թ. ծնված Սամսոն Պողոսյանին, որը, ըստ արմավիրցիների, տեղի գազալցակայաններից
մեկի տնօրենն է: Ռ. Գասպարյանը, որին, ի դեպ, 4 փամփուշ էր կպել, նույն օրը
երեկոյան իր կամքով դուրս էր գրվել հիվանդանոցից: ՀՀ գլխավոր դատախազության
տրամադրած հաղորդագրության համաձայն, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական
օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրգործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին, որը ղեկավարում է Արմավիրի
մարզի դատախազի օգնական Ա. Դալինյանը: Պատասխանելով մասնավորապես «Ազատություն»
ռ/կ-ի հարցին Արմավիրի մարզի դատախազ պարոն Շահինյանն ասել է, թե՝ հանցագործության
կատարման մեջ կասկածվող որեւէ անձ դեռ չի հայտնաբերվել: Արձագանքելով ռ/կ-ի թղթակցի
դիտարկմանը, թե՝ հայտնաբերվել է այն մեքենան, որով կատարվել է հանցագործությունը,
նաեւ հայտնի է դրա տերը, Արմավիրի դատախազը նկատել է՝ դա դեռ ոչինչ չի նշանակում:
Միգուցե, առավել եւս, որ կատարվածի շարժառիթների վերաբերյալ տարբեր վարկածներ
են շրջանառվում: Դրանցից մեկը, ինչպես մարտի սկզբներին «Ոգու փորձություն» երկրապահական
հ/կ-ի հիմնադիր Սասուն Միքայելյանի դեմ նախապատրաստված մահափորձի դեպքում էր, վերաբերում
է հանցագործության տնտեսական մոտիվին, որը, մեր տեղեկություններով, քննարկվում է
նաեւ սկսված նախաքննության շրջանակներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, չի
բացառվում, որ կատարվածը կապված է արդեն մի քանի տարի շարունակվող վեճի ու հակասությունների
առարկա դարձած Արմավիրի գործող շուկային տիրանալու հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների,
մոտավորապես 8-9 տարի առաջ այդ շուկան հանձնվել էր ԵԿՄ վարչությանը, իսկ ավելի կոնկրետ՝
ԵԿՄ Արմավիրի տարածքային կառույցին: Այս շուկայում մինչ օրս էլ աշխատում են Արմավիրի
երկրապահների մի հատվածը, ազատամարտիկների ընտանիքների անդամները: Սրա նպատակն այն
է եղել, որ շուկայից ստացված եկամուտների հաշվին ոչ միայն երկրապահներն ապահովվեն
աշխատանքով, այլեւ օգնեն հոգալու Արմավիրի սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների
հոգսերը: Կարճ ասած, այս շուկայի վերահսկողությունը հանձնարարված է եղել Ռ. Գասպարյանին:
Բայց 99-ից հետո Արմավիր մարզի Արմավիր գյուղի բնակիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,
անկուսակցական Նահապետ Գեւորգյանը, ոմանց ասելով՝ ոչ թե անձամբ, այլ միջնորդավորված,
փորձել էր ինքը տիրանալ այդ շուկային, ու այդ հողի վրա պատգամավորի եւ Ռ. Գասպարյանի
միջեւ հակասություններ էին առաջացել, որոնք շարունակվել են մինչ օրս: Շրջանառվող
վարկածներից մեկով հենց սա կարող է լինել Ռ. Գասպարյանի դեմ կատարված մահափորձի շարժառիթը:
Դարձյալ տնտեսական հողի վրա կատարված մահափորձի մյուս տարբերակը եւս կապվում է ԱԺ
պատգամավորի եւ նրան պատկանող ու ենթադրվող հանցագործի՝ Ս. Պողոսյանի կողմից աշխատեցվող
գազալցակայանի շուրջ ծագած ինչ-ինչ տարաձայնությունների հետ, որոնք անգամ Ռ. Գասպարյանի
եւ Ն. Գեւորգյանի կողմնակիցների միջեւ բախումների պատճառ են դարձել: Հայտնի է, որ
Ռ. Գասպարյանը, որը եւս գազալցակայան ունի Արմավիրում, Ն. Գեւորգյանի հետ մրցակիցներ
են: Ի դեպ, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ս. Պողոսյանը Ն. Գեւորգյանի որդու ընկերն
է, եւ կռիվներից մեկի ժամանակ նա եւս տուժածների թվում է եղել: Ի դեպ, այս վարկածները
չեն բացառում նաեւ ԵԿՄ-ում, թեեւ այստեղ առայժմ ձեռնպահ են մնում կոնկրետ դատողություններ
անելուց: Բայց որ «սա էսպես չեն թողնի»՝ ԵԿՄ-ում երեկ խոստացան: Հետաքրքիր
է այն, որ որոշակի շրջանակներ ե՛ւ Ս. Միքայելյանի, ե՛ւ Ռ. Գասպարյանի դեմ կատարված
մահափորձերի համատեքստում չեն բացառում նաեւ դրանց քաղաքական շարժառիթները: Դրանցից
մեկով խոսքը պատգամավորական մանդատի համար այս մարդկանց միջեւ պայքարի մասին է: Մյուս
վարկածով կատարվածը ԱԺ պատգամավորի հետ առնչություն ունի այնքանով, որ այդ հակասություններն
օգտագործվել են բոլորովին այլ նպատակով, որը կարող է պայմանավորված լինել Ղարաբաղի
հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներով: Այսպիսի կարծիք հայտնողները
չեն բացառում նաեւ, որ մոտ ապագայում երկրապահների նկատմամբ այսպիսի դեպքեր էլի կարող
են լինել եւ իրենց այս մտահոգությունը բացատրում են նրանով, որ Հայաստանում որոշակի
շրջանակներ, թերեւս, փորձում են վախեցնել կամ չեզոքացնել ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ
միջազգային հանրության կողմից հրամցվող առաջարկների ընդունման դեպքում դրանց պոտենցիալ
ընդդիմախոսներին: Նրանց՝ ովքեր կարող են տեղերում հասարակական բողոքի ալիք բարձրացնել:
Այս կարծիքն ամրապնդելու համար նրանք վկայակոչում են նաեւ մեկ-երկու ամիս
առաջ Էջմիածին քաղաքում տարածված թռուցիկները, որոնց բովանդակությունն ուղղված է
եղել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ, ապա՝ նաեւ դրան հաջորդած կցկտուր
տեղեկությունները, թե Նոյեմբերյանում սահմանային ռազմական դիրքեր այցելության ժամանակ
հրազենից կրակահերթեր են արձակվել գեներալ Երանոսյանի ավտոմեքենայի վրա, որում գտնվել
է Մ. Գրիգորյանը: Միջադեպի մասին, ի դեպ, պաշտոնական տեղեկատվություն չի եղել: Հանուն
ճշմարտության, իհարկե, պետք է միաժամանակ շեշտել, որ ԵԿՄ-ում այս միջադեպը համարում
են ադրբեջանական դիրքերից արձակված ու պարբերական դարձած կրակահերթերի արդյունք եւ
ամենեւին էլ ոչ մահափորձ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել: Ավելին, երկրապահների
ասելով, դրանք որեւէ կերպ կապված չեն ո՛չ Ս. Միքայելյանի, ո՛չ էլ Ռ. Գասպարյանի դեմ
կատարված մահափորձերի ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հնարավոր զարգացումների հետ:
Հիշեցնենք, սակայն, որ Ս. Միքայելյանի դեմ մահափորձի հետ կապված նրա զինակիցներից
ոմանք կարծիք էին հայտնել, թե չիրականացված մահափորձի շարժառիթները քաղաքական են:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Մենք փորձեցինք
կապվել նաեւ ԱԺ պատգամավոր Ն. Գեւորգյանի հետ, սակայն նա անհասանելի էր. պարզվեց,
որ նա հանրապետությունում չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել