Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ

Ապրիլ 01,2006 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Հունիսի 3-ին Դարչինյան-Նարվաես IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն վանաձորցի Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է հունիսի 3-ին նույն քաշային կարգում WBO-ի տիտղոսակիր արգենտինացի Օմար Նարվաեսի հետ: Վախթանգի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ այդ մենամարտը կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոներից մեկի շրջանակներում: Այս երկու բռնցքամարտիկներն էլ մինչեւ 51 կգ քաշային կարգում մասնակցել են 2000 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերին: Վախթանգը ներկայացնում էր Հայաստանը, Օմարը՝ Արգենտինան: Նրանք երկուսն էլ պրոֆեսիանալի կարիերան սկսել են այդ օլիմպիական խաղերից հետո եւ առայսօր չեն կրել ոչ մի պարտություն: Դարչինյանն անցկացրած բոլոր 25 մենամարտերը գրանցել է իր օգտին, որից 20-ը՝ նոկաուտով: Իսկ Նարվաեսի մարզական արդյունքներն այսպիսին են. 22 մենամարտ, 20 հաղթանակ (14-ը՝ նոկաուտով), 2 ոչ-ոքի: Նոր անուններ պրոֆեսիոնալ ռինգում «AllBoxing»-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ ներկայումս Մոսկվայում բնակվող գյումրեցի գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սուրեն Ղալաչյանը ապրիլի 1-ին Լոնդոնում ռինգի բրիտանացի հայտնի վարպետ Մեթ Սքելթոնի հետ մենամարտ անցկացնելու նպատակով մեկնել է Անգլիա: Սուրենը 33 տարեկան է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 18 մենամարտ, տարել 9 հաղթանակ, որից 8-ը՝ նոկաուտով, կրել 9 պարտություն: «AllBoxing»-ը տեղեկացնում է նաեւ, որ հայաստանցի մարզիկը վերջին ամսում եղել է ներկայումս պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի մարզումային մրցակիցը: Ինչ վերաբերում է Սքելթոնին, նա 39 տարեկան է, անցկացրած 19 մենամարտից 18-ը գրանցել է իր օգտին, 17-ը՝ նոկաուտով եւ կրել ընդամենը 1 պարտություն: Մեկ այլ հայազգի բռնցքամարտիկ՝ մոսկվացի թեթեւ քաշային Արման Սարգսյանը, ապրիլի 16-ին Ռուսաստանի մայրաքաղաքի «Կրիստալ» կազինոյում կազմակերպվելիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում միջազգային հանդիպում է անցկացնելու ռումինացի Մարիան Լեոնդրալիուի հետ: Արմանը անցկացրել է 8 մարտ, տարել 7 հաղթանակ, 3-ը՝ նոկաուտով, կրել 1 պարտություն, իսկ նրա մրցակիցը 29 մենամարտից շահել է 13-ը, (3-ը՝ նոկաուտով) եւ կրել է 16 պարտություն: Կոպենհագենում (Դանիա) անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կիսամիջին քաշային հայաստանցի 33-ամյա Վադիմ Գաբրիելյանը պարտվել է ռինգի տերերից Էրվիս Մաշին: Սեքսի կենարար ուժը Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան սրտանց ցանկանում է, որպեսզի Գերմանիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարում իր սաները խաղադաշտ մտնեն ժպիտը դեմքին: Նրա կարծիքով՝ դրա համար ոչ մի դեպքում չի կարելի ֆուտբոլիստներին արգելել սեքսով զբաղվել: «Չեմ կարծում, թե հանդիպումից մեկ օր առաջ սեքսով զբաղվելը կվնասի իմ խաղացողներին: Եթե միայն սեքս լինի, որեւէ խնդիր չեմ տեսնում: Այլ բան է, եթե իմ սաները վատ սնվեն, չքնեն ու ծխեն: Այ դա արդեն խնդիր կլինի: Դրա համար սեքսը միշտ էլ ողջունելի է»,- ասել է աշխարհի հնգակի չեմպիոնների մարզիչը: Նշենք, որ Պարեյրայի նախորդը՝ Լուիս Ֆելիպե Սկոլարին, միանգամայն հակառակ համոզման էր եւ 2002 թվականին Ճապոնիայում ու Հարավային Կորեայում կայացած աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստներին կտրականապես արգելում էր սեքսով զբաղվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել