2006 թ. կշահագործվի Կապան-Մեղրի ճանապարհը Ճանապարհի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Պետբյուջեով այս ճանապարհի կառուցմանը հատկացվել է շուրջ 10 մլրդ 913 մլն դրամ: Ճանապարհի կառուցման եւ շահագործման աշխատանքների պատասխանատուն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: 2005թ. սկսված ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին: Երասխից Նախիջեւանով դուրս եկող մայրուղուն 1991-ից փոխարինող Կապան- Քաջարան- Մեղրի տեղական նշանակության ճանապարհը, որպես միջպետական, շահագործելու նպատակով զգալի գումարներ են ծախսվել, բայց թերությունները հնարավոր է եղել միայն մասամբ հաղթահարել: Կապան-Ծավ-Շվանիձոր- Մեղրի ավտոճանապարհի կառուցումը նախատեսված է որպես այլընտրանք Կապան- Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին եւ տեխնիկաորակային ցուցանիշներով էապես գերազանցելու է վերջինիս: Կառուցվող ճանապարհը կունենա 96,4 կմ երկարություն, լեռնանցքի բարձրանիշը գործող ճանապարհի 2483 մ-ի փոխարեն կլինի 2160 մ, նվազագույն շառավիղը՝ 52 մ (գործող ճանապարհինը 15 մ է), երկայնական թեքությունը նոր կառուցվելիք հատվածում կլինի 8-9% (գործող ճանապարհինը 10-14% է), հողային պաստառը նախատեսված է 10,6 մ (գործող ճանապարհինը 8 մ է), ճանապարհի երթեւեկելի մասը կլինի 6,6 մ (գործող ճանապարհինը՝ 6 մ ): Ու թեեւ նոր ճանապարհը, ըստ փոփոխված նախագծի, 23 կմ-ով երկար է լինելու գործող ճանապարհից, փոխարենը ճանապարհի կառուցումը հնարավոր է դառնում առանց Մթնաձոր մտնելու՝ նվազագույնի հասցնելով բնապահպանական կորուստները: Նշված ցուցանիշների առկայության դեպքում հնարավոր կլինի ճանապարհին զարգացնել մինչեւ 55-60 կմ/ժ արագություն, ինչը հնարավոր չէ գործող ճանապարհի դեպքում: Արդյունքում՝ փոքր-ինչ երկար ճանապարհը կհաղթահարվի ավելի կարճ՝ 1 ժամ 45 րոպե ժամանակամիջոցում: Այնինչ, գործող ճանապարհը հնարավոր է հաղթահարել 2 ժամ 10 րոպեում: Էապես կնվազեն նաեւ ճանապարհային՝ մասնավորապես վառելիքի եւ այլ ծախսերը: Հաշվարկված է, որ միայն ճանապարհի երկայնական թեքության նվազեցումը նշված աստիճանի՝ կարող է բերել տարեկան 1 մլն դոլարի վառելիքի խնայողություն: Նոր կառուցվող ճանապարհով կկարողանան անցնել մինչեւ 80 տոննանոց բեռնատարներ, մինչդեռ գործող ճանապարհի համար թույլատրելի է 30-35 տոննան: Ամբողջապես նոր է կառուցվելու Վերիշեն-Ծավ մոտ 40 կմ հատվածը, իսկ ճանապարհի եղած հատվածները հիմնովին վերակառուցվելու են: 2005թ. ճանապարհի կառուցման համար ծախսվել է մոտ 5 մլրդ 916 մլն դրամ: 2006թ. շինարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված է 4 մլրդ 996 մլն դրամ: Աշխատանքներն իրականացնում են չորս կապալառու կազմակերպություններ՝ «Կապանի ՃՇՇ», «Կապավոր», «Դորոժնիկ», «Մեղրու ՃՇՇՁ», որոնց աշխատանքները խստորեն վերահսկում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Ճանապարհաշինարարների առջեւ ծառացող հիմնական դժվարությունը տեղանքի բարդ ռելիեֆն է եւ երկրաբանական պայմանները, մասնավորապես՝ ժայռային գրունտները: Այս առումով խնդիրը բարդացավ հատկապես, երբ հարկ եղավ Շիկահողի պետարգելոցը շրջանցելու որոշում կայացնել: Արդյունքում՝ թե՛ ճանապարհը մոտ 7 կմ-ով երկարեց, թե՛ լեռնանցքի բարձրանիշը ավելացավ 200 մետրով եւ թե՛ հողային աշխատանքները բարդացան, քանզի դրանց հիմնական մասը կատարվում է պայթեցման եղանակով: Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական կենտրոն