Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ

Ապրիլ 01,2006 00:00

ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԵՆ Քաղծառայության մրցույթում հաղթելու դեպքում էլ պաշտոնում նշանակվելու համար միեւնույն է՝ ընտրությունը տվյալ մարմնի ղեկավարինն է: Քաղծառայողի ինստիտուտը 4-5 տարի է, ինչ ներդրվել է մեր երկրում: Շատերը կարծիք են հայտնում, որ այն ֆիկտիվ բնույթ է կրում եւ որ ի վերջո խորհուրդը կարողանում է իր ուզած մարդուն անցկացնել՝ ընդ որում առանց օրենքը խախտելու: Բացի այդ, ոմանք էլ դժգոհում են, որ քաղծառայության խորհրդում մասնագիտական գիտելիքների ստուգման մեթոդները բավականաչափ մշակված չեն: Առիթի դեպքում Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ասում է, որ լրագրողները ցանկացած ժամանակ կարող են գալ եւ հետեւել, թե որքան թափանցիկ են անցնում քաղծառայության խորհրդի «քննությունները»: «Առավոտը» երկու օր՝ մարտի 29-ին եւ 30-ին հետեւեց, թե ինչպես են անցնում չինովնիկների «ընդունելության քննությունները»: Առաջին օրը մրցույթ էր հայտարարված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծությունների վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար: Այս պաշտոնը զբաղեցնել ցանկացել էր հինգ քաղաքացի, սակայն երկուսը քննությանը չէր ներկայացել: Բացակաների ամփոփաթերթիկները մասնակիցների աչքի առաջ գցվեց նախապես կնքված արկղի մեջ: Երեք մասնակիցներից մեկը՝ Ռոզա Պողոսյանը, ֆիննախի նախկին աշխատակից էր, եւ հենց ինքն էլ մրցույթում ճանաչվեց հաղթող: Մրցույթի առաջին փուլում դիմորդներին տրվեց թեստային առաջադրանք, որը ձեւավորել էր համակարգիչը: Նրանք 50 րոպեում պետք է պատասխանեին Սահմանադրության եւ օրենքների վերաբերյալ 40 հարցի: Թեստից հետո հարցազրույցի փուլն է, որը մրցույթի հիմնական որոշիչն է: Այս փուլում հանձնաժողովի քննությունը բանավոր է, դիմորդը պատասխանում է 5 հարցի, որից երկուսը քաղծառայության օրենսդրությունից է, երեքը՝ տվյալ մարմնի իրավասություններից բխող: Քննող հանձնաժողովի վեց անդամներից երկուսը քաղծառայության խորհրդից են, երկուսը՝ համապատասխան մարմնից, երկուսն էլ՝ գիտական կազմակերպություններից: Հանուն արդարության պետք է նշել, որ մրցույթը հաղթահարած կինը միակ մասնակիցն էր, որը ոլորտից քիչ թե շատ տեղյակ էր եւ, ասենք, պատկերացում ուներ բյուջեի կատարման ժամկետների մասին: Այս աթոռի համար պայքարողներից մեկը անգամ գաղափար չուներ, թե ինչից է բաղկացած, ասենք, համայնքային բյուջեն: Չնայած սրան, դիմորդը հարցազրույցի ընթացքում հանձնաժողովին հպարտորեն պատմում էր, թե «սովետի» տարիներին զբաղեցրել է Ախուրյանի հարկային տեսչության բաժնի պետի պաշտոնը: Առավել ուշագրավ էր մարտի 30-ի Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության հողհատկացման եւ հողօգտագործման քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման բաժնի գլխավոր մասնագետի ընտրությունը: Այս պաշտոնի համար դիմել էր երկու քաղաքացի, որից մեկն այդպես էլ չներկայացավ: Ի դեպ, այս մրցույթում քննական հանձնաժողովի կազմում քաղաքապետարանի մասով հանձնաժողովի անդամ էր Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բորիս Քոչարյանը: Միակ մասնակից Ալբերտ Ստեփանյանը թեստավորման փուլը 95%-ով հաղթահարեց (անցողիկը 90 %-ն է), սակայն հարցազրույցի փուլում բավականաչափ թերացավ: Հինգ հարցից ընդամենը երկուսին պատասխանեց, այն էլ կցկտուր: Երեք հարցին ընդհանրապես տեղյակ չէր, ընդ որում՝ մասնագիտական: Նա այդպես էլ չկարողացավ ասել, թե ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունն ինչ առնչություն ունի գովազդների եւ ցուցանակների տեղադրմանը կամ որոնք են համարվում հատուկ նշանակության հողեր: Իր կարծիքով, վարչությունն իրականացնում էր գովազդների եւ ցուցանակների վերահսկողությունը, ինչին ի պատասխան՝ Բ. Քոչարյանը հորդորեց նոր լիազորություններ չհնարել. «եղածն էլ հերիք ա»: Սակայն ճիշտ պատասխանը հետեւյալն էր. Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը զբաղվում է փաստաթղթային փաթեթների ձեւակերպմամբ եւ տեղադրման հետ կապված խնդիրների կանոնակարգմամբ: Չնայած Ա. Ստեփանյանի ոչ պրոֆեսիոնալ պատասխաններին, մրցույթն ամփոփելիս հայտնի դարձավ, որ հանձնաժողովի հինգ անդամներից երեքը նրան կողմ է քվեարկել, ինչի արդյունքում Ա. Ստեփանյանը հաղթող ճանաչվեց: Ինչպես հետո պարզվեց, նրա օգտին կողմ էին քվեարկել հենց քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանձնաժողովի նախագահ Վահրամ Տեր-Բալյանը քաղծառայության խորհրդին ամոթով չթողնելու համար ստիպված եղավ բողոքարկել մրցույթի արդյունքները: Այն կորոշվի եռօրյա ժամկետում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել