Լրահոս
Օրվա լրահոսը

Երգեք

Ապրիլ 01,2006 00:00

Երգեք առանց խոսքի Ժամանակը երիտասարդ երգիչներինն է։ Եթերային ժամանակի մեծ մասը՝ նույնպես։ Եւ եթե երաժշտական տեսահոլովակ դիտելիս ձեզ հաջողվի չշեղվել երգից ու չկենտրոնանալ ռեժիսորի «անզուգական» աշխատանքի վրա, հետեւեք երգի խոսքերին ու կտեսնեք, թե ինչ վերաբերմունք ունեն էստրադային աստղերը՝ մշակույթի մեր գործիչները, մեր ամենամեծ մշակույթի՝ մայրենի լեզվի նկատմամբ։ Մեզ, օրինակ, հաջողվեց այդ անել։ «Չգիտեմ՝ քեզ ոնց պատմեմ իմ հոգու խոսքերը, որ կոչվում է սեր»,- երգում է Հայկոն։ Նախ՝ եթե «խոսքերը», ուրեմն «կոչվում են»։ Բացի այդ՝ ի՞նչ է նշանակում պատմել խոսքերը։ Ինչպե՞ս են խոսքերը պատմում։ Եվ ի՞նչ է նշանակում՝ «իմ հոգու խոսքերը կոչվում են…»։ Այսպիսի մի անփութություն Արմինկա անունով երգչուհու երգում. «Ո՞ւր է գնում, ո՞ւր է գնում այն անցորդը, ո՞ւր է գնում հազարավոր, չի ավարտում նա իր երթը»։ Կարո՞ղ եք ասել՝ «հազարավոր» բառի գործը ո՞րն է այս նախադասությունում։ Տեսահոլովակը նկարահանելուց առաջ երգչուհին, անկասկած, մանրակրկիտորեն զբաղվել է իր արտաքինով։ Ճիշտ է արել։ Հապա ե՞րգը։ Մի փոքր մտահոգությունն անգամ բավարար կլիներ երգի տեքստը «մաքրելու» համար։ Չէ՞ որ եթեր դուրս գալու հիմնական նպատակը երգելն է։ Պետք է, որ այդպես լիներ։ Իսկ եթե ոչ՝ նոր երգի տեքստ ենք առաջարկում մեր երգչուհիներին. «Լա֊լա֊լա, լա֊լա֊լա…»։ Գոնե հայոց լեզուն դրանից չի տուժի։ Առհասարակ, որեւէ տեսահոլովակի ստեղծման «պատմությունը» ներկայացնելիս թվարկում են բազմաթիվ մասնակիցների, ենթադրվում է՝ արվեստին մոտ կանգնած մարդկանց անուններ։ Մտածում ես՝ մի՞թե նրանցից գոնե մեկը չէր կարող կանխել «համբույրի» փոխարեն՝ «համբյուրի», «գտնելու» փոխարեն՝ «գթնելու», «դու ես»֊ի փոխարեն՝ «դու յես»172ի, «չիմանայ֊դիմանայ»172ների մուտքը եթեր։ Կամ. Նունե Եսայանի կատարմամբ «Նաիրյան դալար բարդի» երգի ձայնագրության ժամանակ մարդիկ են եղել, որոնց ուղեղում այս երգը, չգիտես ինչու, զուգորդվել է ֆուտբոլային խաղի հետ: Գոնե նրանցից մեկը հիշեր Համո Սահյանի հայտնի բանաստեղծությունը. Իմ արտույտ մանուկն ահա խաղում է քո շվաքում, Քո փառքին երգ է շրշում…. Մի այլ տեսահոլովակում Նունե Եսայանը գուրգուրում, համբուրում է մի փոքրիկ երեխայի։ Դա տեսնում ենք։ Իսկ ի՞նչ ենք լսում. Քեզ գրկեմ ու հալվեմ քո տաք ձեռքերում, Քեզ շոյեմ, ես հեռվից եմ շունչդ զգում։ Դժվարանում եմ պատկերացնել երեխային գրկելու ու նրա տաք ձեռքերում հալվելու հանգամանքը։ Հաստատ, մի շատ կարեւոր բան շփոթել են։ Մի ուրիշ՝ դարձյալ կարեւոր բան, շփոթել են Քրիստինե Պեպելյանն ու Արմենը։ Ուշադիր լսենք նրանց զուգերգի բառերը. «Սերը իմ սրտում սառել է», բայց քիչ անց՝ «Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս հեռու»։ Ձայնագրվելուց եւ նկարահանվելուց առաջ պետք էր ժամանակ գտնել նախ կողմնորոշվելու՝ վերջապես սիրում ես, թե չես սիրում, այնուհետեւ վերանայելու երգի տեքստը։ Թե չէ, ի՞նչ է նշանակում՝ «թողնում եմ, որ դու հեռանաս հեռու»։ Չկողմնորոշվելու դեպքում կարող է վաղն էլ թողնես, որ «մոտենա մոտիկ»։ Մեր երգարվեստը ներկայացնողների թեկուզ փոքր հոգածությունն ենք հայցում մեր մայրենիի՝ մեր պետական լեզվի նկատմամբ, որը, ըստ «Լեզվի մասին» օրենքի, մեր հանրապետությունում համարվում է նաեւ դաստիարակության լեզու։ Այս առիթով չեմ կարող չհիշել «Շիկերի» վերջին երգը։ Տա՛ Աստված, որ վերջինը լինի։ Ինձ համբույրով տանում ես, Ուզածիդ հասնում ես, Վերջում էլ թողնում-գնում ես։ Եվ ռեժիսորական ինչպիսի՜ լուծում. Երեւանի փողոցներում մեր «շիկ» աղջիկներին միանում է խաբված հայուհիների բանակը։ «Աննախադեպ» է, չէ՞։ Իսկը մնայուն արժեք։ Միայն, պիտի խնդրենք, որ միանգամյա օգտագործման այսպիսի երգերը կեսգիշերից հետո հաղորդեն կամ էլ նախազգուշացնեն՝ անչափահասներին հեռացնենք հեռուստաէկրաններից։ Իսկ ահա՝ Վարդուհի Վարդանյանն ու Անչոկը երգում են. «Սիրել հանուն սիրո, սիրել առանց սահման»։ Ու թեեւ նրանց սերը «երեք տառից է ծնված», կարծում եմ՝ խոսքը ոչ թե առանց սահմանի, այլ անսահման սիրո մասին է։ Չէ՞ որ դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Համեմատենք՝ «Ես իմ հայրենիքը սիրում եմ անսահման», «Ես իմ հայրենիքը սիրում եմ առանց սահման/ի/»։ ԵՐԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ Լեզվի պետական տեսչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել