Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՐՍԻՑ՝

Ապրիլ 01,2006 00:00

ԴՐՍԻՑ՝ ՇՔԵՂ, ՆԵՐՍՈՒՄ՝ ԱՆՀԱՐՄԱՐ «Նման շենք գուցե հարմար լիներ կառուցել հյուրանոցի, ռեստորանի համար, բայց ոչ ուսումնական նպատակով։ 21-րդ դարում չի կարելի հողի մեջ լսարան կառուցել։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի այս դժգոհությունը նորակառույց՝ Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ 8-րդ ուսումնական մասնաշենքի հետ է կապված։ Թե ինչպես պատահեց, որ ԵՊՀ ռեկտորատում որոշեցին բանասիրական, հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետները տեղափոխել այս նոր մասնաշենք, Ա. Ավագյանը չգիտի. «Տեղափոխողները, մեզ այստեղ բերողները կիմանան»։ Փետրվարի յոթից՝ ուսումնական երկրորդ կիսամյակից, նոր մասնաշենքի «բնակիչները» դժգոհում են թե՛ շենքային պայմաններից, թե՛ տեղից եւ թե՛ վերաբերմունքից։ Ե՛վ դասախոսները, ե՛ւ ուսանողները կարծում են, որ շենքը զուրկ է տեխնիկական հարմարություններից։ Ամբիոններին հատկացված սենյակներում ընդամենը մեկ վարդակ կա, որը միանգամից չի կարող ծառայել համակարգչի, տպիչի, հեռախոսի համար։ Լսարանային ձայնամեկուսիչ (ակուստիկ) մթնոլորտը եւս դժգոհությունների առիթ է տալիս. «Մի անգամ պրն Պալյանը երգի փորձ էր անում։ Աղմուկի պատճառով չկարողացանք կողքի լսարանում հանգիստ դաս անել»,- պատմեց բանասիրականի ուսանողուհի Մարիամ Դիլբանդյանը։ «Քաղաքակրթությունը կարծես այս շենքի կողքով է անցել։ Որքան էլ զարմանալի է՝ 21-րդ դարում մեզ ամբիոններ զանգահարելը դարձել է վիթխարի մի խնդիր։ Ստիպված ես երեք-չորս համար հավաքել, սպասել մինչեւ միացնեն, հավաքել ներքին համարը»,- դժգոհեց հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։ Չնայած այս նորակառույց շենքը դրսից թվում է, թե ապահովված է լավագույն պայմաններով, դասախոսների խոսքերով՝ չունի նաեւ դասապրոցեսի կազմակերպման համար գոնե նվազագույն պայմաններ. «Գրատախտակներն ունեն մոտ կես մետր երկարություն եւ մի փոքր ավելի լայնություն։ Եթե մի բառի հոլովում ես գրում, գրատախտակն արդեն ավարտվում է»,- ասաց Ն. Դիլբարյանը։ Շենքը դեռեւս չունի գրադարան եւ ընթերցասրահ: Խոստացել են, որ գրադարան են կառուցելու։ «Երբ կառուցեն, այն ժամանակ կասենք մեր կարծիքը։ Առայժմ հեռանկար չեմ տեսնում»,- ասաց բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը եւ ավելացրեց, որ տեղափոխման հարցում շտապողականություն է հանդես բերվել։ «Երբ կունենային գրադարան, ընթերցասրահ, շինարարությունը կավարտվեր, կարգին դահլիճ կունենային, այն ժամանակ թող տեղափոխեին»։ Իսկ ուսանողները գրադարան ունենալ-չունենալու հարցը կապում են ԵՊՀ նոր ռեկտորի ընտրության հետ։ «Վերեւներից մեզ վրա բողոքներ են եկել, թե բարեկարգ շենք ենք ձեզ համար կառուցել, դժգոհում եք։ Գալիս են, վերեւի հարկերը տեսնում, բայց չեն իջնում տեսնեն, թե ինչ է կատարվում 0 հարկում։ Այնտեղ դեռ շինարարությունը չի ավարտվել, լսարանները նեղ են, խոնավ, շինարարության արձագանքները խանգարում են դասապրոցեսին։ Ամենամեծ լսարանները նախատեսված են 40-50 հոգու համար, բայց մեր հոսքերում 60-ից ոչ պակաս ուսանող կա»,- պատմեց բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դավիթ Մուրադյանը։ Տեղեկացնենք, որ բուհի դասախոսների եւ ուսանողների խոսքերով՝ ձմռանը, ուժեղ ձյան պատճառով նկուղային հարկը ջրով է լցվել, մինչեւ հիմա էլ պահպանվում են խոնավության նշանները։ Սակայն ե՛ւ ուսանողները, ե՛ւ դասախոսները, այնուամենայնիվ, փորձում են ստեղծված ծանր իրավիճակում լավ կողմեր տեսնել եւ մխիթարվել դրանցով։ «Բոլոր տեսակի իրավիճակներին մարդիկ հարմարվում են»,- ասաց Հայ գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանը։ Տպավորություն կա, որ ժամանակի ընթացքում բանասերների վրդովմունքը, իրենց նախկին շենքի համար պայքարելու ոգեւորությունը տեղի տվեց։ Ի՞նչ է, համակերպվեցի՞ն. «Ստիպված աշխատում ենք։ Ապստամբության դրո՞շ պիտի պարզենք, գնանք նստացույցի՞, արդեն անիմաստ է: Աշխատում ենք այս շենքի ընձեռած հնարավորություններով»,- ասաց Արծրուն Ավագյանը։ «Եթե նոր շենքում փորձում են ստեղծել հայագիտական կենտրոն, այդ դեպքում ինչո՞ւ հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետներն էլ տեղափոխեցին այստեղ: Աշխարհի թատերաբեմում ինչպես Հայաստանն է, այնպիսին էլ ԵՊՀ-ի ֆակուլտետների շարքում բանասիրական ֆակուլտետն է»,- ասում է Մարիամ Դիլբանդյանը։ Մինչ բանասիրական ֆակուլտետի թե ուսանողները, թե դասախոսները դժգոհում են, հոգեբաններն ու փիլիսոփաները շնորհակալություն են հայտնում շենքի կառուցման համար: Ասում են, թե նոր շենք տեղափոխվելը խթանել է նաեւ ուսումնական գործընթացի ակտիվացմանը, ուսանողների եւ դասախոսների ինքնազգացողության բարելավմանը: «Ուսանողների վիճակը միանշանակ լավացել է, որովհետեւ այնտեղ մենք լսարան չունեինք, երկրորդ հերթ էինք դաս անում, իսկ այստեղ շատ հանգիստ եւ ազատ կազմակերպում ենք դասապրոցեսը»,- իր գոհունակությունը հայտնեց հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը: Նա նաեւ ավելացրեց, որ տեղափոխության հետ կապված խնդիրները՝ գրադարանի, ընթերցասրահի, համակարգչային սենյակի բացակայությունը, նկուղային հարկի շինարարության ավարտից հետո կլուծվեն: Չնայած կան նաեւ հեռախոսային, ինտերնետային կապի խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ նրանք շատ գոհ են: Այս ամենի կապակցությամբ ԵՊՀ տնտեսական գծով պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը ժամանակավրեպ է համարում խոսել, առավել եւս՝ քննարկել ռեկտորատի կայացրած որոշումը: Մանավանդ որ՝ շենքում արդեն դասեր են ընթանում: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել