Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ

Ապրիլ 01,2006 00:00

ՍԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՉԷ Գլոբալացման մասին իր դիրքորոշումն է արտահայտում արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը Տեխնոլոգիաների զարգացումը բերեց կապի եւ տրանսպորտի այնպիսի զարգացմանը, որոնց շնորհիվ փոխվեցին մարդու՝ աշխարհի ճանաչման երկու կատեգորիաները՝ ժամանակն ու տարածությունը: Ներկայումս ժամանակն ընդլայնվել է, որովհետեւ կարող ես, ասենք, Տոկիոյի բորսայում մեկ րոպեի ընթացքում ավարտել գործարքդ՝ գտնվելով Երեւանում: Իսկ տարածությունը սեղմվել է, որովհետեւ «Կոնկորդի» ի հայտ գալուց հետո, երեք ժամում կարող ես Ամերիկայից օվկիանոսը կտրել եւ հասնել Եվրոպա: Այն, ինչի վրա առաջ ամիսներ, տարիներ էին անհրաժեշտ, այսօր օրերի, վայրկյանների խնդիր է: Աշխարհի միասնականությունն ու «փոքրությունը» բերում են նրան, որ այս կատեգորիաների փոփոխման հետեւանքով ամեն բան փոխկապակցվում է: Սա հանգեցնում է մի կարեւոր եզրակացության. գլոբալ աշխարհում պետք է գործի կառավարման գլոբալ համակարգ, որը պիտի նպաստի հիմնական ենթակառուցվածքների՝ էներգակիրների, որոնք փոխանցվում են գազատարներով, նավթատարներով, էլեկտրական գծերով, ֆինանսական հոսանքների, այսինքն՝ բանկային ամբողջ համակարգի, ողջ երկրագունդը ծածկող տրանսպորտային ուղիների անխափան աշխատանքին: Սառը պատերազմի ավարտից հետո Խորհրդային Միությունն ու Արեւելյան բլոկը պարտություն կրեցին, եւ ԽՍՀՄ-ի կործանումից հետո Միացյալ Նահանգները մնաց մենակ՝ ՆԱՏՕ-ով եւ իր դաշնակիցներով: Սակայն ՆԱՏՕ-ն կարծես իր խնդիրը լուծել էր՝ ապահովել էր երկու ռազմաքաղաքական բլոկների պայքարում իր հաղթանակը, եւ ԱՄՆ-ի առաջ ծառացավ մի հարց, որը դարձավ Հենրի Քիսինջերի հերթական գրքի անվանումը՝ արդյո՞ք Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արտաքին քաղաքականություն, թե՞ ոչ: Իհա՛րկե անհրաժեշտ էր, սակայն ինչպիսի՞: Պատասխանը տրվեց անմիջապես սեպտեմբերի 11-ից հետո, երբ Ջորջ Բուշը հայտարարեց պատերազմ համաշխարհային ահաբեկչության դեմ: Իմ խորին համոզմամբ՝ սա ոչ միայն եւ ոչ այնքան պատերազմ է ահաբեկչության դեմ, որքան պետության պայքարն է ցանցային համակարգերի դեմ: Ցանցային համակարգերը, ենթակառուցվածքների նման, ծածկում են ողջ երկրագունդը: Այդ ցանցային համակարգերը կարող են կառուցված լինել կրոնական, տնտեսական եւ իր գաղափարականացման ունակություններով նմանատիպ բնույթ ունեցող այլ հիմքի վրա: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ն ընդունեց «Պետրիոտ» փաթեթը, որը պիտի սահմանափակեր պետության անվտանգության համակարգեր թափանցելու ցանցերի հնարավորությունը: Այդ փաթեթի օրենքներով, բնականաբար, սահմանափակվեցին նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքները, ազատությունները: Հիմա կարելի է անարգել հեռախոսալսումներ իրականացնել՝ առանց նախկինում անհրաժեշտ բյուրոկրատական բազում գործողությունների: Ներկայումս շատ թեթեւացել են բանկային հաշիվների, անձնական էլ. փոստերի ստուգումները: Բարդացել է ԱՄՆ-ի մուտքի գործընթացը: ԱՄՆ-ի ներսում կազմակերպված կամքի դրսեւորումների որոշակի սահմանափակումներ կան: Եթե Եվրոպայի համար կա 3 հավասար արժեք՝ հավասարություն, ազատություն, եղբայրություն, ապա ԱՄՆ-ի հիմնական արժեքն ազատությունն է, որը սահմանափակում է միայն օրենքը: Իսկ օրենքն էլ պիտի լինի այնպիսին, որ որեւէ կերպ չսահմանափակի սոցիալապես ոչ վտանգավոր անձնական ազատության դրսեւորումները: Առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բուշին սատարում են մշտապես միմյանց միջեւ մրցակցող ամերիկյան երեք ուժերը՝ նավթային, գազային, էներգետիկ համալիր ներկայացնող ընկերությունները, Պենտագոնը եւ ռազմաարդյունաբերություն իրականացնող ընկերությունները: Սակայն ամերիկյան քաղաքականությունը որոշակի բարդություններ է ստեղծել եւ դեռ կստեղծի ամերիկյան վարչակազմի համար. նկատի ունեմ Իրաքը, Աֆղանստանը, Իրանը: Սակայն ամենաշատը նկատի ունեմ այն լրջագույն մրցակցությունը, որը սկսվել է Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ: Դոլարի եւ եվրոյի կուրսի տատանումները ակնհայտորեն ցույց են տալիս այդ երկու խոշոր միավորումների միջեւ տեղի ունեցող պայքարը»: Կա մի շատ լուրջ խնդիր՝ էներգակիրների խնդիրը: Կտրուկ աճել է զարգացած եւ զարգացող երկրների նավթի պահանջը: Որպես խոսուն օրինակ՝ բերվում է Չինաստանի օրինակը, ուր ամեն տարի 30-40 տոկոսով աճում է նավթի պահանջարկը: Իսկ նավթի եւ գազի պաշարներն աշխարհում սահմանափակ են: Պարզվել է, որ սրանց պաշարները կբավարարեն ոչ թե 100-150 տարի, ինչպես նախկինում էին կարծում, այլ առավելագույնս 40 տարի: 15 տարի հետո արդեն մարդկությունը լրջորեն կզգա գազի եւ նավթի պակաս: Հետեւաբար, այնպիսի հզոր տնտեսություն ունեցող երկրներին, որպիսիք են ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները, Չինաստանը, պետք է վստահություն, որ իրենք էներգակիրների պակաս չեն զգա: Պարզ է, որ տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների որոնում, սակայն սառը միջուկային էներգիայի խնդիրը դժվար թե մինչեւ 2015-2020 թթ. լուծվի, ուստի այս պրոբլեմը հսկելը այս պետությունների համար կարեւորագույն խնդիր է դառնում: Ուստի մրցակցություն է այս ռեգիոններում ազդեցութունն ուժեղացնելու համար, որպեսզի այդ հումքի անխափան եւ երաշխավորված մատակարարման խնդիրը կողմերից յուրաքանչյուրն իր համար կարողանա լուծել: Սա ստեղծում է այնպիսի լարված իրավիճակ աշխարհում, ինչպիսին Կարիբյան ճգնաժամից հետո անգամ սառը պատերազմի ժամանակ չի ստեղծվել: Դա կարող է հանգեցնել այս կամ այլ գործընթացների արագացմանը կամ հակառակը: Մեր աչքի առաջ դանդաղեց Եվրամիության ընդլայնման գործընթացը: Մեր աչքի առջեւ իրենց մահկանացուն կնքեցին սառը պատերազմի ավարտից հետո Միջին Արեւելքում ծագած ինտեգրիզմի գաղափարները: Իր խնդիրները կարծես հիմնականում լուծած Բալկաններում նոր, վտանգավոր գործընթացներ են սկսվում: Եվ, իհարկե, Կովկասը, որը եւս վտանգավոր եւ անհանգիստ շրջան է: Արդյո՞ք պատմական անհրաժեշտություն է միաբեւեռ իշխանություն ունեցող երկրի առաջացումը, որն իր գերհզոր տնտեսական եւ քաղաքական պոտենցիալը աշխատեցնելով՝ կկարողանա մարել աշխարհի տարբեր անկյուններում պատերազմի բռնկման օջախները: Նման միաբեւեռ կառավարում իրականացնելու ունակություն եւ աշխարհի խնդիրները կարգավորելու լծակներ ունեցող պետություն չկա եւ չի կարող լինել: Ազդեցությունը ծնում է հակազդեցություն, եւ այդ հակազդեցությունը կարող է ավելի քայքայիչ լինել, քան ազդեցությունը, որովհետեւ ուղղված է մի նշանակետի, ինչը ԱՄՆ-ն արդեն այսօր զգում է: Միաբեւեռ աշխարհը, որի մասին խոսում են, միֆ է, այնպիսի միֆ, ինչպիսին, ասենք, քաղաքակրթությունների բախումը: Սրանք էլ են միֆեր, որոնք տրվում են հասարակությանը: Եկեք միասին մտածենք՝ Մարոկկոյի եւ Ինդոնեզիայի մահմեդականները ամենեւին էլ նույն մշակույթները չեն, բայց նույն քաղաքակրթությանն են պատկանում: Իրաքի սունիներն ու Իրաքի շիաները նույն քաղաքակրթությունն են, բայց տարբեր մշակույթներ են: ԱՄՆ-ն եւ Իրանը նույն քաղաքակրթությունն են, բայց տարբեր մշակույթներ են: Ուղղակի գոյություն ունեն քաղաքակրթությանն ադապտացվելու՝ մշակույթի ուղղվածություններ: Ասենք, իրանական մշակույթի ադապտացման մակարդակը ժամանակակից քաղաքակրթության մեջ բավականին բարձր է: Իսկ Զիմբաբվեինը՝ ցածր: Այսօր բախվում են ոչ թե քաղաքակրթություններ, կրոններ, այլ կրոնը դրոշ սարքած եւ դրանով քողարկվող շահեր: Մարդիկ առաջ կռվել են հացի, հողի, լավ արոտավայրերի համար, հիմա կռվում են գազի, նավթի համար: Ինչի համար կռվելու ուժ կարող է ունենալ Հայաստանը եւ, առհասարակ, աշխարհի նման զարգացումների պարագայում Հայաստանը գործո՞ն է: Անցած ամռանը տեղի ունեցած Ծաղկաձորյան կրեատիվ խաղի մասնակիցները Հայաստանը որակեցին որպես ցանցապետություն դառնալու ներուժ ունեցող պետություն: Եթե կարողանանք գիտակցել, որ մենք ցանցապետություն ենք եւ ըստ այդմ կառուցենք մեր քաղաքականությունը եւ օգտվենք դրա տված հնարավորություններից, խելամիտ կվարվենք: Մեր մշակույթը՝ լինելով շատ ճկուն, դարերի ընթացքում ադապտացման մեխանիզմներ ստեղծած մշակույթ, բավականին լավ կադապտացվի: Օգտվել՝ նշանակում է իմաստավորված, ամբողջական քաղաքականություն անցկացնել՝ հայաստանակենտրոն, եւ հայաստանակենտրոնությամբ պետք է տոգորված լինեն ողջ հայության գործողությունները: Ցանցը հենց նրանով է ցանց, որ կարողանա անել այն, ինչ պետությունը չի կարող: Ես համարում եմ, որ սա պատմության վերջը չէ, սա ժանրի ճգնաժամ է: Աշխարհը նոր է: Այսօր ստեղծվել է մի բացարձակ նոր իրավիճակ, որի մեջ ապրում է մարդը: Մարդը կարող է իր սենյակից դուրս չգալով՝ սովորել, բիզնես դնել, ստեղծագործել, ներկայացումներ դիտել, սեքսով զբաղվել, ինչի արդյունքում ստացված սերմը ուղարկել համապատասխան բանկ. կան անգամ այդպիսի սերմից առաջացած երեխաներ: Իսկ նոր աշխարհը, խաղի նոր պայմանները կյանք են տալիս նոր ժանրերի: Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել