Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղուց

Ապրիլ 01,2006 00:00

«Վաղուց Կապանում թատերական տոն չէր եղել» «Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի տպավորությունները «Առավոտը» տեղեկացրել էր, որ այս տարի Թատրոնի միջազգային օրը նշվել է Կապանում՝ իշխանությունների ուշադրությունը անմխիթար վիճակում գտնվող տեղի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի վրա բեւեռելու նպատակով: Իսկ մարտի 28-ին էլ նշվել է Կապանի թատրոնի 80 տարին: Հիշեցնենք, որ Կապանում «Արտավազդ» շնորհվեց Երվանդ Մանարյանին՝ վաստակի, Արմեն Էլբակյանին՝ լավագույն ներկայացման համար, իսկ մեդալներով պարգեւատրվեցին Գուժ Մանուկյանը, Նելլի Խերանյանը, Կարեն Գրիգորյանը, Լարիսա Մանգասարովան: Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը փոխանցեց իր տպավորությունները Կապանից: «Հիմա ամենուր, նաեւ թատերական ասպարեզում, լարված հարաբերություններ են, ամեն ինչ քաղաքականացված է, սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Կապանյան միջոցառումները իսկապես լուսավոր բան էին համատարած գորշության ու ծանր կյանքի ֆոնի վրա»,- ասաց տիկ. Արզումանյանը: Երկու օր տոն էր Կապանում, ուրախություն, Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր, ժողովուրդն էլ՝ զուգված-զարդարված: Երեւանյան բոլոր թատրոնների ղեկավարները, բեմադրիչները եւ հյուրերը նվերներով էին ներկայացել: Ըստ մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի, այդ օրը տիրում էր համերաշխություն, սեր, միասնություն, մի բան, որ առօրյայում պակասում է թատրոններին: «Շատ սիրելի մարդիկ էին կապանցիների համար հատկապես Երվանդ Մանարյանը, որ Գորիսում է աշխատել, Գուժ Մանուկյանը, որ Կապանում է աշխատել, նաեւ Հակոբ Ղազանչյանը, որին Կապանի պատվավոր քաղաքացու կոչում տրվեց»,- հիշեց տիկին Արզումանյանը: Նրա խոսքերով, զանգեզուրյան միջոցառումները իսկապես ծառայեցին նպատակին: Վարչապետը 2 մլն գումար տրամադրեց Կապանի թատրոնին, 1 մլն՝ Գորիսի, իսկ Կապանի կինոթատրոնի շենքը խոստացան տրամադրել տեղի թատրոնին: Մանավանդ, շենք, որպես այդպիսին՝ չկար: «Այս միջոցառումները ինչ-որ ձեւով թատրոնի գոյատեւման հարցը լուծեցին, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ խոստացավ իր ղեկավարած «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի միջոցներով Կապանի թատրոնի որեւէ պատրաստի բեմադրություն ներկայացնել Երեւանում»,- նշեց տիկ. Արզումանյանը: Նա շատ տպավորված է կապանյան պատկերներով. «Կապանը գավառական մռայլ քաղաք է, այդ օրերին եղանակն էլ մռայլ էր, իսկ քաղաքի միջով անցնող գետը աղբով էր լցված: Տխուր ու հուզիչ բան կար նրա մեջ, որ հանդիսատեսը հատուկ պատրաստվել էր այդ միջոցառումներին, բոլորը մեդալներով էին, կանայք՝ զուգված-զարդարված: Նրանց ջերմությունը, ծափերը ամեն ինչ արժեին: Երեւի անհիշելի ժամանակներից այստեղ ներկայացումներ ու նման միջոցառումներ չէին եղել»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել