Ի ՊԱՏԻՎ ՄՈՑԱՐՏԻ՝ ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԻԻ Վիեննայում կբացվի գյումրեցի ուսանող-նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Քաղաքակիրթ երկրներում գիտեն իրենց մեծերի հոբելյանները հավուր պատշաճի տոնել: Մոցարտի անունն ու հոբելյանն առաջին հերթին ասոցացվում է երաժշտության ու արվեստի հետ, սակայն Ավստրիայում բոլոր ոլորտներում է կոմպոզիտորի մեծարման յուրատեսակ շքերթ նկատվում: 2006-ից այնտեղ «Մոցարտ» անունով շոկոլադեղենի (ընդ որում՝ բոլոր տուփերում CD կա մոցարտյան երաժշտության- Ս.Դ.), երշիկեղենի, խմիչքի լայնածավալ արտադրություն է սկսվել, բայց ավստրիացիների համար դա բավարար չէ, նրանք ուզում են ուրիշ ժողովուրդների արվեստով էլ մեծարել իրենց հանճարներին: Օրինակ, Մոցարտի ծննդյան 250-ամյակին նվիրված, ՅՈՒՆԵՍՕ-ի հատուկ ծրագրով ու հովանավորությամբ Վիեննայում ապրիլի 4-ին կբացվի Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանող նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը: Ինչո՞ւ հատկապես նկարիչների այցելություն Վիեննա՝ ավստրիացի մեծ կոմպոզիտորի հոբելյանի առիթով եւ ինչո՞վ բացատրել ավստրիական կողմի բարեհաճությունը գյումրեցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպելու առումով: Հանդիպեցինք Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանին: Զրույցի սկզբում հարցերի նախապատմությունն այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը. «Երեք տարի առաջ Հայաստան այցելեց եւ Գյումրիի արվեստի ակադեմիայում եղավ Վիեննայի կառավարության պաշտոնական պատվիրակությունը: Հյուրերի թվում էին Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ դոկտոր Բերնհարդ Դենշերը տիկնոջ՝ Բարբարա Դենշերի հետ: Նրանք հիացած էին, տեսնելով, թե ինչպես է մեր շենքի ձեղնահարկը վերածվել նկարչական ստուդիաների: Նրանց պատմեցինք, որ ունենք նաեւ մասնաճյուղի զարգացման ապագայի ծրագրեր: Անցյալ տարի դոկտոր Դենշերը կրկին այցելեց Գյումրի, եւ ինձ հետ խորհրդակցելով, որոշվեց Մոցարտի 250-ամյակի առիթով կազմակերպել ակադեմիայի մասնաճյուղի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից գոյացած գումարը կուղղվի Գյումրիի մասնաճյուղի նկարչական ստուդիաների կարգավորմանն ու նոր դասասենյակների ստեղծմանը»: Պարոն Ղուկասյանը տեղեկացրեց, որ տիկին Դենշերը առաջին լրագրողն է Ավստրիայում, որը ժամանակին եթեր է հեռարձակել «Արարատի հովանու ներքո» հաղորդաշարը ու հետագայում հրատարակել նույնանուն գիրք: «Առավոտի» հետաքրքրությանը՝ խնդրում ենք համառոտ թվարկել, թե ավստրիական կողմի, մասնավորապես՝ դոկտոր Դենշերի աջակցությամբ այս տարիներին ի՞նչ օգնություն է տրամադրվել Գյումրիին, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Մինչ Գեղարվեստի ակադեմիայի մասին խոսելը, նշեմ, որ մեծ էր օգնությունը Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցին ու մանկապարտեզին: Գյումրիի արվեստի ակադեմիայի կոնսերվատորիայի մասնաճյուղը նվեր ստացավ հարուստ ձայնադարան. ավելի քան 500 լազերային սկավառակ: Կազմակերպվեցին մեկ ուսանող-նկարչի եւ դաշնակահարուհու երեքշաբաթյա այցը Վիեննա, գեղարվեստի եւ երաժշտական բաժնի ղեկավարների այցելությունը Ավստրիա, իսկ մեկ նկարիչ 3 ամսով մեկնեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա՝ վարպետության դասընթացների»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ