«250 միլիոնը փող ա» Երեկ ֆինանսների նախարարը համարյա հաստատեց «գույք՝ գազի դիմաց գործարքը» «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ Իրան-Հայաստան գազամուղի՝ ռուսներին վաճառելու մասին ես թերթից եմ իմացել: Ինչքան հասկանում եմ՝ դա վաճառք չէ, բայց թողնենք կողմերի քաղաքականությունն իրենց մեկնաբանմանը: Նպատակը նույնն է՝ վերագործարկել էներգաբլոկը». հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք նախօրեին մամուլում հայտնված այն լուրերը, թե մերոնք արդեն պայմանագիր են կնքել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ եւ պատրաստվում են գազի գինը մեղմելու դիմաց տալ 5-րդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը՝ այսպես պատասխանեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Որքան էլ լրագրողները մի քանի անգամ հարցը վերաձեւակերպեցին՝ կառավարության ներկայացուցչից ճշտելու համար, թե ի վերջո նման գործարք եղե՞լ է, թե՞ ոչ, պարոն Խաչատրյանն այդ տեղեկությունները ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց: Հարցին, թե այնուամենայնիվ, եթե նման գործարք եղել է, դուք դա նորմա՞լ եք համարում՝ նախարարը պատասխանեց. «Դժվար է ասել, պիտի պայմանագրերը մի հատ լավ ուսումնասիրենք, ոչ բացարձակ լավ կարելի է համարել, ոչ բացարձակ վատ: Բայց այն գինը, որը ես տեսա, դա… ի՞նչ ասեմ, ինքներդ էլ հասկանում եք, որ 250 մլն-ը փող ա, իսկ փոխհատուցումը մոտավորապես 3 տարի կտեւի»: Փաստորեն, պարոն Խաչատրյանն ամեն դեպքում գործարքին հավանություն տվեց, ավելին՝ նա նույնիսկ հասկացրեց, որ 250 մլն-ի դիմաց «եսիմինչ» չենք տվել: Ինչ վերաբերում է գործարքի մանրամասներին՝ Վ. Խաչատրյանն ասաց, որ «առայժմ պայմանագիր չի ստորագրվել, երբ պայմանագիր կկնքեն, համապատասխան մարմինները ձեր բոլոր հարցերին կպատասխանեն»: Գազի գինը 110 դոլար մնալու դեպքում թե ի՞նչ կլինի երկրի հետ, ըստ պարոն Խաչատրյանի՝ բյուջեի համար առանձնապես մեծ անակնկալներ չեն լինի: Այսօրվանից Հայաստանը Ռուսաստանին գազի գնի համար պիտի վճարեր 110 դոլար՝ 1000 խմ-ի համար: Համենայնդեպս, մինչեւ վերջերս այս մասին հայտարարում էր թե՛ մեր, թե՛ ռուսական կողմը: Նշանակված չարաբաստիկ օրը հասել է, բայց, փաստորեն, բանակցությունները դեռ շարունակվում են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 110 դոլար սակագինը կիրառելու ժամկետը սահմանել է ապրիլի 10-ը, բայց արդեն խիստ կասկածելի է այդ սակագնի կիրառումը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ