ԾՆՆԴԱԲԵՐԵԼ ԵՄ ԱՆՁԱՄԲ Պետպատվերի ցանկ մտած «անվճար» ծննդաբերությունը արժենում է առնվազն 70-80 հազար դրամ, եւ դա՝ միայն ծննդատանը: Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ հղի կինն այցելում է պոլիկլինիկա՝ հաշվառման կանգնելու եւ համապատասխան բուժսպասարկում ստանալու նպատակով: Այցելուի եւ բժշկի երկխոսության սկզբնական թեման հղիության անվճար բուժսպասարկումն է: Հղին նույնիսկ փաստաթուղթ է ստորագրում այն մասին, որ ինքը տեղեկացված է «անվճարի» մասին: Այդ «պրոցեդուրայից» հետո բժիշկն ու բուժքույրը խոսակցությունը տեղափոխում են օրեցօր ծանրացող սոցիալ-տնտեսական դաշտ՝ ընդհանուր թեման հետզհետե կենտրոնացնելով հատկապես բուժաշխատողների դժվար ու անշնորհակալ աշխատանքի ու անտանելի սոցիալական պայմանների վրա: Հետո գովեստի խոսքեր են հնչում «քթի ծակ» ունեցող այն հղիների մասին, ովքեր անտարբեր չեն մնում իրենց բժշկի սոցիալական վիճակին եւ «շնորհակալություններ» են հայտնում մատուցված ծառայությունների համար: Զուգահեռ հրապարակվում են շնորհակալությունների արժանի ծառայությունները եւ դրանց գները: Այսպիսի կամավոր-պարտադիր սկզբունքով բժշկին յուրաքանչյուր այցելությունը հղիին արժենում է նվազագույնը 2500-3000 դրամ: Հղիության սկզբնական եւ վերջին շրջանում կատարվող հետազոտությունների ժամանակ ավելանում են նաեւ լաբորատորիայում դարձյալ կամավոր-պարտադիր սկզբունքով վճարվող գումարները՝ այցելության գինը հասցնելով 6-7 հազար դրամի: Սա այն դեպքում, երբ հղիությունն ընթանում է նորմալ, առանց բարդությունների: Հակառակ պարագայում գները ուղիղ համեմատական են հղիի վիճակի բարդությանը եւ նրա հարազատների վճարունակությանը: Իմ տպավորությամբ, սակայն, այս օղակում առավել համեստ են, քան ծննդատանը, որտեղ առանց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին անդրադարձ կատարելու՝ միանգամից ծանուցում են, թե ում ինչքան պետք է «մուծվել»: Վճարել սկսում ես ընդունարանից՝ շուրջ 5 հազար դրամ: Այս տեսարանն ամբողջացնում են ծննդատան պատերին փակցված «ի գիտություններն» այն մասին, որ ծնունդը պետպատվերի ցանկում է: Պակաս հետաքրքիր չէ հաջորդ տեսարանը, երբ արդեն բժիշկն է գումարը վերցնելիս հաշվում այն՝ հավաստիանալու, որ չես խաբել ու վճարել ես պահանջվածը՝ 35 հազար դրամ: Նաեւ, ասես ընթերցելով իրեն ուղղված հայացքը՝ «արդարացնում» է. «Գիտեք, այս գումարը այսքան մարդու մեջ պետք է բաժանվի…»: Ի դեպ, ամուր նյարդեր ունեցողները կարող են սակարկել, բայց դրա արդյունքը, որպես կանոն, այնքան էլ շոշափելի չի լինում: Վերջում դեռ մի բան էլ հիվանդը եւ նրա հարազատներն են պարսավանքի ենթարկվում՝ ժողովրդական լեզվով ասած՝ «քձիպության» համար: Ետծննդյան օրերին նորածնին եւ նրա մորն այցելող յուրաքանչյուր բուժաշխատող (իսկ նրանք օրական 5-6-ն են) ջանք չի խնայում ներկայացնելու հատկապես ի՛ր կարեւոր ու պատասխանատու դերը նրանց կյանքում՝ դրա դիմաց, բնականաբար, ակնկալելով իր հասանելիքը, որը ստանալուց հետո անհետանում է նույնքան անսպասելի, որքան՝ հայտնվել էր: Վերջին ակորդը մոր եւ մանկան բժիշկներն են, ովքեր ներկայացնում են դուրսգրման պայմանները՝ 12 հազար դրամի կարգի եւ փաստաթղթային ձեւակերպումները կատարելու թույլտվություն են տալիս միայն համապատասխան գումարը ստանալուց հետո: Բուժաշխատողներն առաջնորդվում են ոչ պետական մակարդակով սահմանված կարգով, որ ծննդաբերության բուժսպասարկումը պետպատվերով է, ոչ էլ հղիի վճարունակության չափով, այլ՝ նախադեպով. «Սովորաբար այսքան են տալիս..»: Ասում են՝ մի հայ օլիգարխ իր արու զավակի ծննդյան առթիվ բժշկին 50 հազար դոլար արժողությամբ մեքենա է նվիրել, իսկ նվազագույն թեյադրամը 100 դոլար է եղել: Աստված չանի՝ սա նախադեպ դարձնեն: Իսկ վերոնշյալ «մուծումների» արդյունքում՝ երեխա ունենալու համար գրպանում պետք է ունենալ առնվազն 70-80 հազար դրամ գումար: Սա այն դեպքում, երբ ծննդաբերությունն ընթացել է բնական եղանակով եւ նորածնի ու մոր առողջությանը ոչինչ չի սպառնում: Վիրահատական միջամտության կամ այլ խնդիրների դեպքում գումարի չափը կախված է մոր կամ մանկան վիճակի բարդությունից, նրանց հարազատների վճարունակությունից եւ անպայման՝ բժիշկների ախորժակից: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ «Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ՝ ես եմ ծննդաբերել»: Պոլիկլինիկայի եւ ծննդատան համարները հոդվածում նշված չեն այն պատճառով, որ դրանք բնավ էլ բացառիկ կամ բացառիկներից չեն: Համանման իրավիճակ է բոլոր բուժհիմնարկներում: Ուստի կոնկրետ անուններ եւ բողոքներ պահանջող ՀՀ առողջապահության նախարարության հարգարժան այրերը թերեւս առավել մեծ ծառայություն մատուցած կլինեին, եթե մտահոգվեին ոչ թե առանձին անձանց պատժելու, այլ համակարգը հիմնովին առողջացնելու խնդրով: Ձեռի հետ կխթանվի ծնելիությունը: