Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսպիրատիվ

Ապրիլ 01,2006 00:00

Կոնսպիրատիվ են, բայց դաշնակցական չեն Խոսքը «Արմատ» կենտրոնում տեղի ունեցող քաղաքական կոնսուլտացիաների մասին է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահը դեռ շատ վաղուց մեր թերթին տված մի հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե ՀՀ քաղաքական դաշտում աջ ազատական ուժերի միավորման անհրաժեշտություն կա: Այս գաղափարն, ի դեպ, արդեն վաղուց էր շրջանառության մեջ դրվել, ու այս օրերին «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպության գրասենյակում աջ ուժերի ներկայացուցիչների պարբերական դարձած հավաքները ե՛ւ մամուլում, ե՛ւ քաղաքական շրջանակներում դիտարկվում են որպես աջ ուժերի միավորման կամ քաղաքական նոր ձեւաչափի ստեղծման նախերգանք: Նշվում են հանդիպում-կոնսուլտացիաներին մասնակցող տարբեր գործիչների ու լրագրողների անուններ, որոնց թվում է նաեւ Պ. Մակեյանի անունը: Հենց նրանից էլ փորձեցինք ճշտել «Արմատում» տեղի ունեցող հանդիպումների նպատակը: – Այսօր Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ յուրաքանչյուր բակում են մարդիկ մտահոգված երկրի ճակատագրով ու ստեղծված իրավիճակով: Մտահոգված են առավել եւս աջ ուժերը, որոնք Երրորդ Հանրապետության հիմնադիրներն են: Բնականաբար, Հայաստանին սպառնացող վտանգների, ԼՂ հիմնախնդրի շուրջ եղել են քննարկումներ, բայց քաղաքական որեւէ ձեւաչափի ստեղծման, միավորման մասին խոսք չի եղել: – Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունեն այդ քննարկումները: – Դրանք իմ մատնանշած հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու հնարավորություն են: – Բայց այդ քննարկումներն ու կարծիքների փոխանակումներն ինչ-որ բանի պե՞տք է հանգեն՝ հետեւությունների, կոնկրետ ձեռնարկվելիք քայլերի, Ձեր մատնանշած հարցերի լուծման շուրջ միավորման… – Առանց հետեւությունների չի լինում, իսկ քայլերը կյանքը՝ ինքը կթելադրի: Պարզ է, որ եթե որեւէ մեկը որեւէ քայլ չնախաձեռնի, այս երկրում ժողովուրդը դուրս կգա փողոց: Իսկ ժողովուրդը հեղեղ է, որը վտանգավոր է: Դրա համար քաղաքական ուժերը մտածում են այնպես անել, որ բանը դրան չհասնի, եւ հատկապես արտաքին սպառնալիքները, որոնք օրեցօր աճում են, մեր պետականության արդեն վտանգված հիմքերն ամբողջությամբ չքանդեն: – Հնարավո՞ր է, որ այդ մտահոգո ւթյունը, ի վերջո, հանգեցնի այն բանին, որ Ձեր ասած քննարկումներին մասնակցող մարդիկ մտածեն նաեւ միավորման ու քաղաքական նոր ձեւաչափի ստեղծման անհրաժեշտության մասին: – Այսօր նման որեւէ քննարկումներ, նման հարցադրումներ չկան: Բայց կյանքում որեւէ բան երբեք բացառել չի կարելի: – Այդուհանդերձ, ըստ շրջանառվող տեղեկությունների, աջ ուժերի ներկայացուցիչների հանդիպումներում այնքան էլ «անմեղ» քննարկումներ չեն լինում, լուրեր են պտտվում, թե աջ ուժերը մտադիր են միավորվել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: – Մասնավորապես մեր կուսակցությունը 2003թ.-ի ընտրությունների ժամանակ միակն էր, որ քաղաքական բոյկոտ հայտարարեց ու չմասնակցեց դրանց, որովհետեւ համոզված էր, որ ընտրություններ՝ որպես այդպիսիք, չէին լինելու: Եթե 2007 թվականին Հայաստանում քաղաքական իրավիճակը չփոխվի, ընտրությունների մասնակցելը նշանակում է մասնակցել կրկեսային միջոցառման, որտեղ մասնակցողն այդ ամբողջ խաղում մի փոքրիկ օղակ է լինելու: Որեւէ ընտրությամբ Հայաստանում իրավիճակ փոխելու մասին խոսելն անիմաստ է, ուստի՝ մեր կուսակցությունն ու, համոզված եմ, նաեւ քաղաքական լուրջ ուժերը՝ աջ ուժերը, նույն կերպ են մտածում: – Իսկ քաղաքական գործիչներից ու կուսակցություններից ովքե՞ր են մասնակցում այդ քննարկումներին: – Տարբեր հարցերի շուրջ քննարկումներին ոչ միշտ է, որ նույն մարդիկ են մասնակցում, բայց ընդհանուր առմամբ մասնակիցների թիվը մեծ է: Մյուս կողմից, այդ մարդիկ ներկայացնում են ոչ թե իրենց կուսակցությունները, այլ իրենք իրենց` որպես քաղաքական գործիչներ: – Այսինքն` անուններ տալ չեք ուզում: – Գուցե վաղ է դրա մասին խոսելը: – Ի՞նչ նպատակ ունի այսպիսի «կոնսպիրացիան», եթե ընդամենը քննարկումներ են լինում: – Քաղաքական ցանկացած կազմակերպությունում մարդիկ շաբաթը մեկ կամ երկու անգամ հանդիպում, խոսում են: Հիմա անուններ տալ ու դրանք հրապարակելը լուրջ չէ: – Օրերս թերթերից մեկում ձեր հավաքների ու դրանց մասնակիցների մասին գաղտնապահությունը համեմատվել էր ՀՅԴ փակ նիստերի հետ: Ձեր կարծիքով, համեմատությունը տեղին չէ՞: – Դա անլուրջ է, որովհետեւ մեր քննարկումներին մարդիկ ազատորեն կարծիքներ են հայտնում, քննարկում են: Իսկ Դաշնակցության փակ նիստերում ոչ թե քաղաքական, այլ՝ այլ տիպի հարցեր են քննարկվում: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել