Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ

Ապրիլ 01,2006 00:00

ՀԱՆՈՒՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ 1995-ի փետրվարին Շրջանայինի նկուղային սրճարաններից մեկում ես ներկա էի իշխանության կողմից փակված «Ազատամարտ» թերթի տարեդարձին: «Ինչպիսի՜ վայրենություն է լրատվամիջոց փակելը,- մտածում էի այն ժամանակ։- Այո, ինձ դուր չէին գալիս այդ թերթի գաղափարները, առավել եւս՝ այն ոճը, որով դրանք արտահայտվում էին: Բայց փակել մարդկանց բերանը՝ քեզ համար տհաճ բառեր չլսելու համար, դա անշնորհքության գագաթնակետն է»: Ճիշտն ասած, ես հույս ունեի, որ 1998-ից հետո անհաճո լրատվամիջոց փակելուն վերջ կտրվի: Եվ մինչեւ 2002-ի սկիզբը այդ մոլորության մեջ էի: Բայց եկավ ապրիլի 2-ը եւ պարզվեց, որ մամուլի ազատության առումով մենք որեւէ առաջընթաց չենք ապրել: «Ա1+»-ը փակվեց լկտի, բիրտ եւ ցինիկ ձեւով, իսկ «հանձնաժողով» եւ «մրցույթ» բառերը նույնիսկ թզենու տերեւ չեն՝ տերեւի կտոր են, որ ոչինչ չեն ծածկում: Իշխանությունը չէր ցանկանում լսել այլընտրանքային կարծիքներ եւ դատողություններ՝ մանավանդ ընտրություններից առաջ: Չեմ ուզում չափազանցել. եթե «Ա1+»-ը եթերում լիներ, միեւնույն է` հեղափոխություն չէր լինի: Բայց հեռուստաընկերության որոշ հաղորդումներ չափազանց նյարդայնացնում էին բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, որն իր հոգեկան հանգստի համար կտրեց լրատվամիջոցի ձայնը: Իշխանավորները «Ա1+»-ի նկատմամբ լցվեցին իրենց հատուկ մանր վրեժխնդրությամբ ու հրահանգեցին նրան այլեւս երբեք եթեր չթողնել: «Ա1+» փակելը լպիրշություն էր ոչ միայն հայաստանյան հասարակության, այլեւ միջազգային կառույցների հանդեպ: Փակողները գիտեին, որ այդ փաստը տարեցտարի նշվելու է Պետդեպի, ԵԽ-ի, ԵՄ-ի, միջազգային հասարակական կազմակերպությունների բոլոր զեկույցներում: Բայց եթե մի նժարի վրա դրվեն այդ բոլոր հիշատակումները, իսկ մյուսի՝ իշխանավորների հոգեկան հանգիստը, ապա վերջինս, իհարկե, շատ ավելի ծանրակշիռ է: Չեմ ուզում, որ «Ա1+»-ը բացվի «իրավիճակի փոփոխության» հետեւանքով: Դա կնշանակի, որ կհայտնվի մի նոր «Ամալյան» եւ կսկսի բավարարել մի նոր նախագահի քմահաճույքները: Ուրեմն, կփակվի մեկ այլ լրատվամիջոց: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել