ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է Ըստ դառը փորձ ունեցողների՝ ճգնաժամը պետք է հաղթահարել իրավաբանորեն, օրենքի ուժով եւ ոչ թե սպասել իշխանափոխության: Չորս տարի առաջ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» («ՆՏ») հետ կատարվածը, երբ քաղաքական որոշման արդյունքում եթերից զրկվեցին իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող այս երկու հեռուստաընկերությունները, պայմանավորեց հաջորդող տարիների ընթացքում մեր հեռուստաեթերի բովանդակությունը: Այդ խնդիրներին էր նվիրված Քաղաքացիական ազգային նախաձեռնության հրավիրած՝ «Հայաստանում տեղեկատվական ճգնաժամի հաղթահարման ուղիները» թեմայով սեմինարը: Քաջ գիտենալով, որ քննարկման ժամանակ խոսք կգնա «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի մասին, տասնյակից ավելի հեռուստաընկերություններից այնտեղ հայտնվել էին ընդամենը երկուսը՝ «Երկիր մեդիան» եւ «Երեւանը»: Այսինքն՝ դեռ չորս տարի առաջ նրանց՝ հայաստանյան «ազատ եւ պատասխանատու» լրատվամիջոցների ստորագրած ստրկության մուրհակը դեռ ուժի մեջ է: «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը այդ առթիվ նկատեց. «Երբ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եթերազրկումից հետո տասնինը լրատվամիջոցներ ստորագրեցին մի բաց նամակի տակ, ըստ որի՝ ՀՀ-ում խոսքի ազատությունը վտանգված չէ, դրանով իսկ նրանք իրենց դատավճիռը կայացրեցին: Կար «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի օրինակը՝ եթե ձայնդ չկտրես ու վերահսկողության չենթարկվես, կարժանանաս նույն ճակատագրին: Եվ բոլորի մեջ նստեց ինքնագրաքննիչը: Այսօր ես նույնիսկ լրագրողների եմ հանդիպում, որ վախենում են «Ա1+» անունը տալ»: Նա վստահ էր, որ «Ա1+»-ի փակումը պայմանավորված էր նրանով, որ մեր իշխանավորները չէին ուզում նայել հայելուն. «Մեր կարգախոսն էր՝ «Դիտեք մեզ՝ ճանաչեք ձեզ»: Սակայն նրանք որոշեցին, որ ավելի լավ է հասարակությունն իրենց չճանաչի, մնան անհայտ ու անեն՝ ինչ ուզում են»: «Նոյյան տապան» լրատվական գործակալության վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր փորձ է արվում հաստատել «կառավարվող ժողովրդավարություն», սակայն ի տարբերություն Ռուսաստանի, որից էլ օրինակը վերցված է, մեզ մոտ ամեն ինչ արվում է բռնի, չսիստեմավորված, կատաղի ձեւերով: Ու այդ ֆոնի վրա են փակվում լրատվամիջոցներ, ճնշվում ազատ խոսքն ու քաղաքական այլախոհները: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա ըստ Դ. Պետրոսյանի. «Շատերը կարծում են, որ եթե նույնիսկ իշխանությունը փոխվի ու ընդդիմությունը գա իշխանության, ոչինչ չի փոխվի: Այս իշխանություններին ծառայողները կծառայեն նոր տերերին, իսկ ազնիվ ու անկախ լինելու ցանկություն ունեցողները պրոբլեմներ կունենան նաեւ նրանց հետ»: Ու որպեսզի այս ամենից խուսափենք, ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ են իրավական լուծումներ, որոնք կբացառեն որեւէ իշխանավորի՝ ազատվել անցանկալի լրատվամիջոցից: Ներկաներին հետաքրքրում էր այս երկու հեռուստաընկերությունների՝ Եվրոդատարանում գտնվող գործերի ընթացքը: Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ «Ա1+»-ի հայցը մերժված չի, ընդունվել է քննարկման, անցել են հարցադրումների փուլը, երբ դատավորները հարցադրումներով դիմել են եւ «Ա1+»-ին, եւ կառավարությանը՝ լիակատար պատկերացում կազմելու համար: Թե ինչ կլինի հետո՝ դեռ պարզ չէ: Իսկ Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց՝ ամենայն հավանականությամբ, «ՆՏ»-ի հայցը ավելի շուտ կընդունվի, քան կմերժվի: Ի հավելումն, Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, հղում կատարելով իրենց աղբյուրներին, հայտնեց, որ ըստ երեւույթին 2006-ի ընթացքում «Նոյյան տապանի» հարցով որոշում կկայացվի, սակայն «Ա1+»-ի գործը գուցե թե դեռ էլի ձգձգվի: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այս առթիվ նկատեց, որ չնայած նման գործի նախադեպ Եվրոդատարանում չկա, ինչը փոքր-ինչ բարդացնում է հարցի լուծումը՝ «հարթված ճանապարհով ավելի արագ են գնում», սակայն նախադեպ չկա նաեւ նման հայցի մերժման. «Ինչպես միշտ, Հայաստանը ստեղծել է աննախադեպ նախադեպ»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ