Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 01,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք երկրորդ

Գլուխ քսանվեցերորդ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

– Նմանն զնմանս գտանե,- ասաց Լիզան:

– Էս գրաբարի անցա՞ր: Կարող ա՞ բանասիրական ես սովորում,- հարցրի ես։

– Պարզվում է՝ նաեւ գուշակ ես,- զարմացավ Լիզան:- Էֆենդին ճիշտ է ասում, որ սովորական մարդ չես: Ո՞նց գլխի ընկար, որ բանասիրականում եմ սովորում:

– Գրաբարի՛ցդ,- ասացի ես.- առանց ակցենտի գրաբար ես խոսում: Համ էլ՝ Շիրազի գիրքը որ տնտղում էիր, մտածեցի՝ հաստատ բանասիրականի ուսանող կըլնես:

– Ուսանողուհի՛,- ինձ ճշտեց Լիզան:

– Ուսանողուհի, սպորտսմենուհի եւ, վերջապես, գեղեցկուհի:

– Էնտեղ կոմերիտուհի էր,- ժպտաց Լիզան.- էնտեղ ուսանողուհի չկար:

– Որտե՞ղ ուսանողուհի չկար:

– «Կովկասի գերուհուց» չե՞ս ցիտատ բերում:

– Ոչ մի տեղից էլ ցիտատ չեմ բերում. իմ մտածածն եմ ասում:

– Իսկապե՛ս օրիժինալ ես մտածում:

– Հատո՛ւկ չեմ մտածում. ինքնիրան ա ստացվում:

– Փաստորեն, ամեն ինչից բացի, գուշակ է՛լ ես:

– Գիտե՛մ, գիտե՛մ. գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես. չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:

– Հիմա էլ Սեւակի՛ն ցիտեցիր: Հաստատ դու է՛լ ես բանասիրականում սովորում:

– Էդքան փոքր ե՞մ էրեւում:

– Կամ էլ՝ ավարտել ես, բայց հաստատ՝ բանասիրականը:

– Պարզվում ա՝ դո՛ւ էլ պակաս գուշակ չես:

– Ես հիմնականում երազներով եմ գուշակում:

– Էրազներով ո՞նց ես գուշակում:

– Շատ պարզ. օրինակ, այսօր երազումս տեսել էի, որ Կինոյի տան մոտ մի կյաժ տղա խոսացնելու է ինձ:

– Փաստորեն, էրազդ կատարվեց:

– Ո՞նց կատարվեց,- զարմացավ Լիզան:- Դու ինձ չես խոսացրել: Նոր չէիր ասո՞ւմ, որ ե՛ս եմ քեզ ժպտացել:

– Էլի՛ եմ ասում,- ասացի ես.- ժպտացե՛լ ես, էն էլ՝ ո՛չ թե մեկ, այլ՝ էրկո՛ւ անգամ:

– Ստացվում է, որ ո՛չ թե դու ես ինձ խոսացրել, այլ ես՝ քե՛զ:

– Բայց Շիրազի գիրքը որ տնտղում էիր, ե՛ս խոսակցությունը բացեցի:

– Էդ Շիրազի գիրքն էլ որ չլիներ, երեւի հիմա Ծիծեռնակաբերդի այգով հետեւիցս լուռումունջ գալիս էիր:

– Գնո՛ւմ էի:

– Նույն բանն է:

– Շիրազի գիրքը որ չըլներ էլ, մեկ ա՝ ձեր կուրսի Կառային գրախանութի մոտ հանդիպելու էինք ու էլի ծանոթանալու էինք:

– Շատ խորացանք,- լրջացավ Լիզան.- արդեն շատ ենք խորանում ու մանրանում:

– Հա,- ասացի ես.- մի քիչ էլ որ խորանանք՝ լրիվ կհիմարանանք:

– Եթե ճիշտն ուզում ես իմանաս՝ մեր էս ծանոթության պատմությունը ծայրեծայր հիմարություն էր:

– Նայած՝ ո՛ր կողմից ես նայում:

– Որ կողմից էլ նայես՝ հիմարություն է:

– Հիմարությունն էն կըլներ, որ ինձ ու Կառային ծանոթացրած չըլնեիր:

– Կառայի անունն ինչ-որ շատ տվիր,- լրջացավ Լիզան.- կարող է՞ հավանել ես իրեն:

– Էդ ձեր Կառային ուշադիր չեմ էլ նայել:

– Դպրոցում լավ ե՞ս սովորել,- անսպասելի հարցրեց Լիզան:

– Ոչ լավ, ոչ էլ՝ վատ:

– Անատոմիայից ի՞նչ էիր ստանում:

– Չեմ հիշում: Խի՞ ես հարցնում:

– Աչքիս՝ կմախքների հանդեպ հակում ունես:

– Ի՞նչ իմաստով:

– Կառայի՛ իմաստով:

– Էս արդեն խանդում ե՞ս:

– Հավը երազում կորեկ է տեսնում:

– Ես հավ չեմ:

– Ես էլ կորեկ չեմ, բայց Կառայի անունը չափից շատ տվիր:

– Փաստորեն՝ խանդում ես:

– Լսի՛ր, Արմե՛ն, կարող ա՞ ինձ բոզի տեղ ես դրել,- անսպասելի ասաց Լիզան:

– Արդեն վիրավորում ես,- անակնկալի գալով՝ ասացի ես:

– Ո՞ւմ եմ վիրավորում:

– Ի՛նձ:

– Այսինքն՝ վիրավորվեցի՞ր:

– Համարյա:

– Պատերազմո՛ւմ են վիրավորվում,- ասաց Լիզան.- մեր մեջ առայժմ պատերազմ չի սկսվել:

– Ուզում ես սկսես:

– Չեմ հասկանում,- լրջացավ Լիզան.- ես ի՛նձ եմ բոզ ասում՝ քեզ ե՞մ վիրավորում:

– Էրկուսիս էլ վիրավորում ես:

– Դու նորմալ մարդ չես:

– Էլի՛ ես վիրավորում:

– Ուզում ես ասես՝ նորմալ ե՞ս,- ժպտաց Լիզան:

– Ուզում եմ ասեմ՝ հա՛:

Հանկարծ Լիզան սկսեց բարձրաձայն ծիծաղել ու հռհռալ, եւ իր հռհռոցն ու ծիծաղն էնքան ուժեղ էին ու էնքան երկար շարունակվեցին, որ կողքի սեղաններից սկսեցին մեզ նայել:

– Կամա՛ց,- ասացի ես.- մարդիկ մեզ են նայում:

– Ա՛յ, հիմա արդեն սկսում ես նորմալանալ,- ծիծաղը դժվարությամբ զսպելով ու դադարեցնելով՝ ասաց Լիզան:

– Մարդիկ մեզ են նայում,- կրկնեցի ես:

– Հասկացա,- ասաց Լիզան:- Ուրեմն, ասում ես՝ նորմալ ե՞ս:

– Միանգամայն,- ասացի ես:

– Դե հիմա ուշադիր ինձ լսիր,- միանգամայն լրջանալով՝ ասաց Լիզան:

– Ասա՛,- ասացի ես.- ուշադիր լսում եմ:

– Շատ ճիշտ ես անում, որ ուշադիր ես լսում. էս ասածս հատկապե՛ս պիտի ուշադիր լսես:

– Ասա՛. շա՛տ ուշադիր եմ լսում:

– Արմեն ջան,- ժպտաց Լիզան,- եթե դու նորմալ մարդ լինեիր, իմ մասին պիտի մտածեիր, որ էս աղջիկը կամ փչացած է, կամ էլ՝ առնվազն խելագար, այսինքն՝ գիժ:

– Խի՞ պիտի ըտենց մտածեի,- զարմացա ես:

– Բա խի՞ պիտի նորմալ աղջիկը շրջվեր ու իրեն հետապնդող տղային ժպտար: Որ Կոշիկի տան մոտ շրջվեցի ու քեզ ժպտացի՝ իմ մասին ի՞նչ մտածեցիր. մենակ թե՝ ճիշտն ասա:

– Մտածեցի՝ ռուս ես:

– Էդ երրորդ տարբերակը չէի մտածել,- ծիծաղեց Լիզան:- Էդքան նման ե՞մ ռուսի:

– Քիթդ շատ փոքր ա:

– Ի տարբերություն մարմնիս մյուս մասերի՞,- ավելի ուժեղ ծիծաղեց Լիզան:

– Համարյա կուռնոս ես,- ասացի ես:- Կարող ա՞ մեջդ ռուսի արուն կա:

– Ինձ էլի են ռուսի ու պալյաչկայի նմանեցրել,- ասաց Լիզան:

– Որովհետեւ մազերդ շեկ են,- ասացի ես:

– Քո մազերն է՛լ առանձնապես սեւ չեն,- ասաց Լիզան:

– Հա,- ասացի ես:

– Համ էլ՝ մազերս ներկած են, խելո՛ք,- ծիծաղեց Լիզան:

– Այսինքն՝ ռուս չե՞ս:

– Զտարյուն հայ եմ: Փաստորեն, էլի էն առաջին երկու տարբերակներն են մնում:

– Ի՞նչ էրկու տարբերակ:

– Բոզն ու գիժը,- ծիծաղեց Լիզան:

– Էդ բառը գոնե կամաց ասա. մարդիկ մեզ են նայում:

– Դե լավ, փչացած կասեմ. էդ բառը չեմ ասի:

– Ինչ բառ ուզում ես ասա, մենակ թե՝ կամաց ասա. մարդիկ լսում են:

– Շատ ես մարդկանց վրա ուշադրություն դարձնում. ավելի լավ է՝ ի՛նձ լսես:

– Լսում եմ: Պարտադիր չի՛ գոռաս:

– Չեմ գոռում. հանգիստ խոսում ենք:

– Դե ասա՛,- ասացի ես:

– Ուրեմն, երկու տարբերակներից ո՞րն ես ավելի խելքին մոտ համարում. փչացա՞ծը, թե՞ գիժը:

– Իսկական փորձանք ես,- ասացի ես:- Ըսենց որ շարունակես՝ երկրորդ վարիանտն ավելի՛ խելքին մոտիկ կհամարեմ:

– Այսինքն՝ գժի՞ վարիանտը:

– Հա,- ասացի ես:

– Գժի վարիանտն էլ է փաստորեն բացառվում, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս առաջ եմ փսիխո հանել:

– Ի՞նչ փսիխո:

– Վարորդականի համար: Չգիտե՞ս, որ վարորդական իրավունքի համար փսիխոն պարտադիր է:

– Գիտեմ,- ասացի ես:

– Պիտի նաեւ իմանաս, որ գժերին փսիխո չեն տալիս:

– Փողով ամեն ինչ էլ հնարավոր ա. հիմի ո՞վ ա ձրի շոֆերական պռավա ստանում:

– Ճիշտ ես ասում. ես է՛լ եմ վարորդական էդ իրավունքիս համար կաշառք տվել, բայց կաշառքը վարորդական իրավունքի՛ համար են վերցնում, ոչ թե փսիխոյի: Ո՞ր հոգեբույժն է գլխից ձեռ քաշել, որ փողով փսիխո տա:

– Դրանով ի՞նչ ես ուզում ասես:

– Ուզում եմ ասել՝ գժի տարբերակն է՛լ է արանքից դուրս գալիս, եւ մնում է առաջին տարբերակը, այսինքն՝ բոզի՛ տարբերակը:

– Մի՛ գոռա:

– Չեմ գոռում. երեւի ականջներդ են ձեն տալիս, կամ էլ, երեւի, վախեցած ես:

– Ինչի՞ց եմ վախեցած:

– Էդ առաջին տարբերակից:

– Առաջին տարբերակից խի՞ պիտի վախենամ. որ ուզում ես իմանաս՝ առաջին տարբերակն ինձ շատ էլ ձեռնտու տարբերակ ա:

– Մտքովդ արքայությո՞ւն անցավ,- ժպտաց Լիզան:

– Ի՞նչ արքայություն:

– Առաջին տարբերակի իմաստով:

– Էդ տարբերակներից էնքան խոսացինք՝ էս կոֆեից բան չհասկացանք,- ասացի ես՝ նկատելով, որ երկուսիս բաժակներն էլ դատարկ են:

– Ամեն ինչ ուզում ես հասկանաս:

– Դո՛ւ ես ուզում ամեն ինչ բացատրես, բայց ամեն ինչ ավելի ես խառնում:

– Ի՞նչն եմ ավելի խառնում:

– Էդ տարբերակները:

– Մի բանից պիտի խոսենք՝ խոսում ենք,- նեղացավ Լիզան.- հո խուլուհամրի պես սուսուփուս չե՞նք նստի:

– Ասում ես՝ մի հատ էլ կոֆե չխմե՞նք. էս մեկից բան չհասկացանք,- խոսքը փոխեցի ես:

– Դու ուզո՞ւմ ես,- հարցրեց Լիզան:

– Հա,- ասացի ես:

– Եթե ուզում ես, Էֆենդուն ասա՝ թող մի հատ էլ սարքի:

– Դու չես ուզո՞ւմ:

– Ինչի՞ չպիտի ուզեմ. հո սրտային չե՞մ:

– Էրկու հատ էլ սուրճ, Էֆենդի՛,- գոռացի ես:

– Մի՛ գոռա. էդ մարդը խուլ չի,- ասաց Լիզան:

– Էս նմուտին, էս սհաթին, բատոնո՛ Արմենակ,- ինձ ժպտալով՝ ասաց Էֆենդին:

– Էս մարդն ավելի շուտ թիֆլիսեցի ա, քան՝ պոլսեցի,- ասացի ես:

– Հաստատ չես կարա ասես,- ասաց Լիզան:

– Մեջը կինտոյական բան կա,- ասացի ես:

– Բոլորիս մեջ էլ կինտոյական բան կա,- ասաց Լիզան:- Ինքը որ ուզում է պոլսեցի լինի, դու ինչո՞ւ ես դեմ:

– Դեմ չեմ. թող պոլսեցի ըլնի,- ասացի ես:

– Ինքը ուզում է մարդկանց ուրախացնի,- ասաց Լիզան.- վատ բան է՞ ուզում:

– Ինքը շատ լավ բան ա ուզում, բայց վատն էն ա, որ մարդիկ չեն ուզում ուրախանան:

– Ո՞վ չի ուզում ուրախանա:

– Մեկը՝ դու:

– Ինչի՞ց եզրակացրիր, որ չեմ ուզում ուրախանամ:

– Մի ժամ ա՝ ինչ-որ տարբերակներից ես խոսում:

– Հատուկ եմ էդ տարբերակներից խոսում, որ մի քիչ ուրախանանք,- ասաց Լիզան.- դու որ չես խոսում, ե՛ս եմ ստիպված խոսում:

– Չես խոսում. հարցաքննում ես:

– Դո՛ւ հարցաքննիր,- ասաց Լիզան.- դո՛ւ ինձ հարցաքննիր:

– Ես քննիչ չեմ, որ մարդկանց հարցաքննեմ:

– Ծիծաղեցե՛ք, երեխաներ, ծիծաղը լա՛վ է մարդուն,- մեր լրջացած դեմքերը տեսնելով՝ ասաց Էֆենդին, հետո սկուտեղն ու սուրճերը մեր սեղանին դնելով՝ ավելացրեց.- բարի վայելո՛ւմ:

– Շնորհակալություն,- ասաց Լիզան:

– Մերսի՛, Էֆենդի՛,- ասացի ես:

– Նորե՛ն համեցեք,- ասաց Էֆենդին ու գնաց՝ սկուտեղը հետը տանելով:

– Որ քննիչ չես, մի հետաքրքիր բան ասա՝ լսենք,- ասաց Լիզան:

– Ավելի լավ ա՝ էրազդ մինչեւ վերջ պատմես. ասում ես՝ կյաժ տղա ե՞ս տեսել:

– Էդ երազս հնարեցի, որ մեզ մի քիչ լավ զգանք, բայց ինչ-որ չի ստացվում,- ասաց Լիզան:

– Կստացվի,- ասացի ես՝ Լիզայի ձեռքը բռնելով:

– Առաջին տարբերակի վրա կանգ առա՞ր,- ժպտաց Լիզան՝ ձեռքը կտրուկ հետ քաշելով:

– Առաջինից բացի ուրիշ տարբերակ չմնաց,- ասացի ես:

– Կա՛,- ասաց Լիզան.- չորրորդ տարբերակ է՛լ կա:

– Ի՞նչ չորրորդ տարբերակ,- զարմացա ես:

– Ավելի ճիշտ՝ դա նախնակա՛ն տարբերակն է:

– Ի՞նչ նախնական տարբերակ:

– Ինձ փոքրուց երես են տվել,- ասաց Լիզան:

– Ո՞վ ա էրես տվել,- հարցրի ես:

– Ծնողնե՛րս. հիմնականում՝ հայրս:

– Ո՞նց ա էրես տվել:

– Ես մեր տան ամենափոքրն եմ:

– Հետո՞ ինչ:

– Ծնողներիս յոթերորդ աղջիկն եմ,- ասաց Լիզան:- Հայրս մտքին դրել էր անպայման տղա ունենալ, բայց որ ես ծնվել եմ, հույսը կտրել ու ասել է՝ էս մեկն իմ տղեն ա:

– Հաստատ մանթռաշից ա ըտենց ասել,- ասացի ես:

– Չգիտեմ ինչից է ասել, բայց ինձ տղայի պես ազատ են մեծացրել. թողել են՝ ազա՛տ մեծանամ:

– Ի՞նչ իմաստով ազատ:

– Տղաների հետ պահմտոցի ու ֆուտբոլ էի խաղում, տղաների պես մազերս կարճ էի կտրում:

– Հիմա է՛լ են մազերդ կարճ:

– Հա,- ասաց Լիզան.- էն ժամանակներից է էդ սովորությունը մնացել:

– Քեզ ըտենց շատ ա սազում:

– Հազիվ մի հատ կոմպլիմենտ արիր, տնա՛շեն,- ծիծաղեց Լիզան:

– Հետո՞. ասում ես՝ փոքրուց էրես ե՞ն տվել:

– Հա. ինչ ուզել եմ՝ առել են:

– Ավտո էլ ե՞ն առել:

– Չէ. ավտո չեմ ուզել:

– Բա էդ փսիխոն խի՞ ես հանել:

– Պապաս ավտո ունի: Որ արձակուրդներին գյուղ գնամ՝ մեկ-մեկ կքշեմ,- ասաց Լիզան:

– Ի՞նչ գյուղ,- հարցրի ես:

– Մեր գյուղը,- ասաց Լիզան:

– Ձերը ո՞ր գյուղն ա:

– Դժվար թե լսած լինես. Ղափանի գյուղերից է:

– Բա արձակուրդներին գյուղ չես գնացե՞լ:

– Գնացել էի, բայց մի ամիս էլ չդիմացա,- ասաց Լիզան.- էս Երեւանին արդեն շատ եմ վարժվել:

– Երեւանում քեզ ավելի՞ լավ ես զգում:

– Չէի ասի,- ասաց Լիզան.- որ գալիս եմ քաղաք՝ գյո՛ւղն եմ կարոտում, բայց որ գնում եմ գյուղ՝ քաղա՛քն եմ կարոտում:

– Փաստորեն, տեղդ չես գտնում:

– Կարելի է էդպես ասել,- ասաց Լիզան.- էս անտեր քաղաքին որ վարժվում ես՝ էլ չես կարողանում գյուղում մնալ: Դասերիս դեռ մի ամիս կա, բայց հիմարի պես վեր կացանք ու եկանք:

– Ո՞ւմ հետ էկաք:

– Քրոջս հետ: Ես երրորդ կուրս եմ, քույրս՝ հինգերորդ:

– Քո՞ւյրդ որտեղ ա սովորում:

– Մեր բանասիրականում,- ասաց Լիզան:

– Էդ ո՞նց ա, որ էրկուսդ էլ բանասիրական եք ընդունվել:

– Դու քո տղա տեղով բանասիրականն ես ավարտել՝ ես չեմ զարմանում, դու ե՞ս մեր բանասիրական սովորելու վրա զարմանում,- ասաց Լիզան:

– Չեմ զարմանում,- ասացի ես.- ուղղակի հարցնում եմ:

– Դու էլ ե՞ս մեր համալսարանն ավարտել,- հարցրեց Լիզան:

– Ես մանկավարժականն եմ ավարտել,- ասացի ես:

– Զգացվում էր,- ասաց Լիզան:

– Ինչի՞ց էր զգացվում:

– Մակարդակից:

– Մակարդակս շատ ա՞ ցածր:

– Հեչ հանաքի չես դիմանում,- ասաց Լիզան:

– Մենակ համալսարանի ու մանկավարժականի վեճն ա մեզ պակաս,- ասացի ես:

– Ես է՛լ վեճ չեմ սիրում,- ասաց Լիզան.- ուղղակի՝ էսօր առավոտից սիրտս մի տեսակ նեղված է:

– Ինչի՞ց ա նեղված:

– Էսօր առավոտ որ արթնացա՝ հասկացա, որ հիմարություն էր էսքան շուտ գյուղից գալս: Մինչեւ սեպտեմբերի մեկն ինչո՞վ պիտի զբաղվեմ՝ չգիտեմ: Որ գյուղում էի՝ ուշքս ու միտքս էստեղ էր, բայց հիմա որ էստեղ եմ, փոշմանում եմ, որ մի քսան օր էլ գյուղում չմնացի:

– Որ գյուղում մնայիր՝ էսօր իրար չէինք հանդիպի,- ասացի ես:

– Որ հանդիպեցինք՝ ի՞նչս ավելացավ:

– Ի՞նչդ էիր ուզում ավելանար:

– Խոսք է՝ ասում եմ,- ասաց Լիզան.- իրո՛ք որ. ի՞նչս պիտի ավելանար:

– Ես, օրինակ, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք:

– Սկզբում ե՛ս էլ շատ ուրախացա:

– Սկզբում՝ ե՞րբ:

– Որ իմացա անունդ Արմեն է՝ շատ ուրախացա:

– Անո՞ւնս ինչ կապ ունի:

– Էդ անունը շատ եմ սիրում,- ասաց Լիզան:- Ճանապարհին որ հետեւիցս գալիս էիր, ինձ-ինձ մտածում էի՝ եթե անունն Արմեն լինի, անպայման հետը կծանոթանամ:

– Երազանքդ, փաստորեն, կատարվել ա,- ասացի ես:

– Իսկ ազգանո՞ւնդ ինչպես է,- հարցրեց Լիզան:

– Շատ լավ ա,- ասացի ես.- Շեկոյան: Գույնիցս չի զգացվո՞ւմ:

– Զգացվում էր,- ասաց Լիզան.- զգում էի, որ շատ արտասովոր ազգանուն կունենաս:

– Ինչի՞ց էիր զգում,- զարմացա ես:

– Չգիտեմ,- ասաց Լիզան:- Շատ ուժեղ զգացողություն ունեմ:

– Շատ արտասովոր աղջիկ ես:

– Այսի՛նքն:

– Այսինքն՝ ուրիշներին հեչ նման չես:

– Ասում ես՝ ուրա՞խ ես, որ ծանոթացանք:

– Դու ուրախ չե՞ս:

– Առանձնապես տխուր էլ չեմ:

– Բայց մինչեւ ինձ հանդիպելը տխուր էիր, չէ՞,- ժպտացի ես.- փոշմանել էիր, որ գյուղից շուտ ես էկել:

– Մարդը միշտ եղածի՛ց է փոշմանում,- ասաց Լիզան.- որ գյուղում մնայի՝ պիտի փոշմանեի, որ գյուղում եմ մնացել:

– Գյուղում ո՞վ ունես:

– Ծնողներս են, մեկ էլ՝ տատս ու պապս:

– Բա ձեր յոթ աղջկե՞րքը:

– Յոթից հինգն ամուսնացած են. հինգից չորսը շրջանում են, մեկը՝ Երեւանում: Ես ու ինձնից մեծն էլ ուսանող ենք:

– Ուսանողուհի՛,- ասացի ես:

– Ուսանողուհի,- ասաց Լիզան:

– Բա էստեղ որտե՞ղ եք ապրում:

– Այգեստանում վարձով ենք ապրում,- ասաց Լիզան:- Չերյոմուշկայի քույրս համոզում է, որ իրենց տանն ապրենք, բայց մենք չենք ուզում իր ընտանիքի վրա բեռ դառնանք:

– Էրկուսդ էլ, ասում ես, բանասեր ե՞ք:

– Հի՛նգս ենք բանասեր,- ժպտաց Լիզան:- Յոթիցս երկո՛ւսն են Պոլիտեխնիկն ավարտել:

– Մի տնից հինգ բանասեր. շատ չի՞:

– Ոչ թե հինգ, այլ՝ յոթ,- ծիծաղեց Լիզան.- ծնողներս է՛լ են բանասեր:

– Պարզ ա,- ասացի ես:

– Ի՞նչն է պարզ,- հարցրեց Լիզան:

– Ժառանգական ա,- ասացի ես:

– Չեմ կարծում, թե ժառանգական բան կա,- ասաց Լիզան.- ուղղակի էդպես է ստացվել: Բա դո՞ւ ոնց ես բանասիրական ընկել:

– Բանասիրականն իմ միակ վարիանտն էր:

– Ի՞նչ իմաստով:

– Ամե՛ն իմաստով: Մորս բոլոր ծանոթները մանկավարժականի բանասիրականում էին: Ինքն է՛լ ա էդ ֆակուլտետն ավարտել:

– Ափսոս,- ասաց Լիզան.- ասում են՝ շատ անմակարդակ տեղ է:

– Ի՞նչն ա անմակարդակ տեղ:

– Ձեր էդ մանկավարժականը:

– Ո՞վ ա ասում:

– Մարդիկ:

– Էդ ասողներին մի՛ հավատա:

– Բա ո՞ւմ հավատամ:

– Ի՛նձ: Էդքան անմակարդակ ե՞մ:

– Քեզ համարյա չեմ ճանաչում: Ասում ես՝ ծանոթով ե՞ս ընդունվել:

– Հա: Որ էդ տարի չընդունվեի՝ բանակ էի գնալու:

– Էդքան սարսափելի է՞:

– Ի՞նչը:

– Բանակը:

– Մորս համար էր սարսափելի:

– Հետո՞: Բանակից պրծա՞ր:

– Պրծնելը պրծա, բայց հետո գնացի: Գնացի բանակ, որ գյուղի՛ց պրծնեմ:

– Ի՞նչ գյուղ:

– Հոկտեմբերյանի գյուղերից մեկում դասատու էի աշխատում. մտածեցի՝ ավելի լավ ա բանակ գնամ, քան՝ յոթ տարի գյուղում դասատու աշխատեմ:

– Ճիշտ ես մտածել,- ասաց Լիզան:- Հետո՞. գյուղո՞ւմ էր վատ, թե՞ բանակում:

– Ո՛չ գյուղում էր վատ, ոչ էլ՝ բանակում:

– Հա,- ասաց Լիզան.- մարդ որ իրեն լավ է զգում՝ ամեն տեղ էլ լավ է զգում, բայց որ վատ է զգում՝ ամեն տեղ է վատ զգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել