Հունիսի 3-ին Դարչինյան-Նարվաես IBF-ի վարկածով
թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն վանաձորցի Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ
մենամարտն անցկացնելու է հունիսի 3-ին նույն քաշային կարգում WBO-ի տիտղոսակիր արգենտինացի
Օմար Նարվաեսի հետ: Վախթանգի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը լրատվամիջոցներին հայտարարել
է, որ այդ մենամարտը կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոներից մեկի շրջանակներում:
Այս երկու բռնցքամարտիկներն էլ մինչեւ 51 կգ քաշային կարգում մասնակցել են
2000 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերին:
Վախթանգը ներկայացնում էր Հայաստանը, Օմարը՝ Արգենտինան: Նրանք երկուսն էլ պրոֆեսիանալի
կարիերան սկսել են այդ օլիմպիական խաղերից հետո եւ առայսօր չեն կրել ոչ մի պարտություն:
Դարչինյանն անցկացրած բոլոր 25 մենամարտերը գրանցել է իր օգտին, որից 20-ը՝ նոկաուտով:
Իսկ Նարվաեսի մարզական արդյունքներն այսպիսին են. 22 մենամարտ, 20 հաղթանակ (14-ը՝
նոկաուտով), 2 ոչ-ոքի: Նոր անուններ պրոֆեսիոնալ ռինգում «AllBoxing»-ի
ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ ներկայումս Մոսկվայում բնակվող գյումրեցի գերծանր
քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սուրեն Ղալաչյանը ապրիլի 1-ին Լոնդոնում ռինգի
բրիտանացի հայտնի վարպետ Մեթ Սքելթոնի հետ մենամարտ անցկացնելու նպատակով մեկնել
է Անգլիա: Սուրենը 33 տարեկան է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 18 մենամարտ,
տարել 9 հաղթանակ, որից 8-ը՝ նոկաուտով, կրել 9 պարտություն: «AllBoxing»-ը տեղեկացնում
է նաեւ, որ հայաստանցի մարզիկը վերջին ամսում եղել է ներկայումս պրոֆեսիոնալ ռինգ
տեղափոխված Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի մարզումային մրցակիցը:
Ինչ վերաբերում է Սքելթոնին, նա 39 տարեկան է, անցկացրած 19 մենամարտից 18-ը
գրանցել է իր օգտին, 17-ը՝ նոկաուտով եւ կրել ընդամենը 1 պարտություն: Մեկ
այլ հայազգի բռնցքամարտիկ՝ մոսկվացի թեթեւ քաշային Արման Սարգսյանը, ապրիլի 16-ին
Ռուսաստանի մայրաքաղաքի «Կրիստալ» կազինոյում կազմակերպվելիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի
երեկոյի շրջանակներում միջազգային հանդիպում է անցկացնելու ռումինացի Մարիան Լեոնդրալիուի
հետ: Արմանը անցկացրել է 8 մարտ, տարել 7 հաղթանակ, 3-ը՝ նոկաուտով, կրել 1 պարտություն,
իսկ նրա մրցակիցը 29 մենամարտից շահել է 13-ը, (3-ը՝ նոկաուտով) եւ կրել է 16 պարտություն:
Կոպենհագենում (Դանիա) անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում
կիսամիջին քաշային հայաստանցի 33-ամյա Վադիմ Գաբրիելյանը պարտվել է ռինգի տերերից
Էրվիս Մաշին: Սեքսի կենարար ուժը Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրան սրտանց ցանկանում է, որպեսզի Գերմանիայում
կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարում իր սաները խաղադաշտ
մտնեն ժպիտը դեմքին: Նրա կարծիքով՝ դրա համար ոչ մի դեպքում չի կարելի ֆուտբոլիստներին
արգելել սեքսով զբաղվել: «Չեմ կարծում, թե հանդիպումից մեկ օր առաջ սեքսով
զբաղվելը կվնասի իմ խաղացողներին: Եթե միայն սեքս լինի, որեւէ խնդիր չեմ տեսնում:
Այլ բան է, եթե իմ սաները վատ սնվեն, չքնեն ու ծխեն: Այ դա արդեն խնդիր կլինի: Դրա
համար սեքսը միշտ էլ ողջունելի է»,- ասել է աշխարհի հնգակի չեմպիոնների մարզիչը:
Նշենք, որ Պարեյրայի նախորդը՝ Լուիս Ֆելիպե Սկոլարին, միանգամայն
հակառակ համոզման էր եւ 2002 թվականին Ճապոնիայում ու Հարավային Կորեայում կայացած
աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստներին կտրականապես արգելում էր սեքսով զբաղվել: