Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ներկայացնելու իր հրաժարականը՝ իշխանություննե՞րը, թե՞ ժողովուրդը

Ապրիլ 01,2006 00:00

«Եթե
բոլոր հայերն այսօր երեկոյան որոշեն մեռնել, լուսաբացին՝ մինչեւ արեւը ծագելը, բոլորն
ազատ կլինեն»,- ասում էր Գեւորգ Չաուշը: Վարդապետական այն խոսքերին հավատացինք,
երբ միասնաբար գնացինք եւ հաղթեցինք արցախյան պատերազմում: Հաղթեցինք, սակայն, այն
հույսով, որ հետագայում էլ միասնաբար կերտելու ենք հզոր պետականություն: Հուսով էինք,
որ այն մարդիկ, ովքեր ստանձնել են երկրի ղեկը, կպարգեւեն ժողովրդին բարեկեցիկ ապրելակերպ,
կստեղծեն բարոյահոգեբանական եւ իրավական նորմալ մթնոլորտ: Որեւէ մեկի մտքով չէր անցնի,
սակայն, թե պայքարով նվաճելու ենք անկախություն, որպեսզի այնուհետեւ գոյատեւելու
եւ գումար վաստակելու համար լքենք հայրենիքը, որեւէ մեկի մտքով չէր անցի անգամ, որ
ժողովրդի քվեն ստացած մարդիկ վերաճելու են ռազմա-քաղաքական էլիտայի եւ այնուհետեւ
ուժային կառույցների միջոցով են փորձելու հակադրվել ժողովրդին: Ոչ մի երեւակայության
մեջ չէր կարող տեղավորվել, որ ազատասեր հայերի արյամբ լվացված արցախյան հաղթանակը
ապաշնորհ իշխանությունների կողմից ոչ միայն դիվանագիտական ամրագրում չի ստանալու,
այլեւ ընդամենը 10 տարի անց կասկածի տակ է առնվելու: Ոչ մի երեւակայական թռիչք չէր
կարող գուշակել անգամ, որ ժողովրդավարություն ասվածը դառնալու է պատրանք եւ որ իշխանական
խունտան ամեն անգամ եւ ցանկացած գնով կարողանալու է վերարտադրել իրեն: Ոչ մեկի մտքով
չէր անցնի, որ Խորհրդային Հայաստանի տնտեսական ահռելի ունեցվածքը հանցավոր ճանապարհով
յուրացվելու է մի խումբ մարդկանց կողմից, որոնք իրենց հերթին վերաճելու են այսօր
արդեն քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող քրեա-տնտեսական էլիտայի:
Ավելին, վերջիններս իրենց մոնոպոլիստական հակումներին հագուրդ տալու համար ազատ շուկայական
հարաբերությունների ժողովրդավարական գաղափարը նույնպես դարձնելու են պատրանք: Մի՞թե
ստեղծեցինք պետականություն, որպեսզի նետվենք սոցիալական անդունդը. կինը չկարողանա
մարդավայել ապրել եւ տրվի մարմնավաճառության, տղամարդը գլխիկոր փախչի իր ընտանիքից,
երեխան մանկապարտեզ, դպրոց հաճախելու փոխարեն դառնա փողոցային մուրացկան: Ջարդեցինք
խորհրդային ապարատը, հարվածեցինք սոցիալական այն համակարգին, որը, ըստ էության, լավագույնն
էր աշխարհում. անվճար ուսուցում, անվճար բուժսպասարկում, ստեղծեցինք հրեշավոր պայմաններ,
երբ մարդը վախենում է հիվանդանոց ընկնել, երիտասարդը չի կարողանում դրսեւորել իր
տաղանդը, քանի որ փող չունի, չի ամուսնանում, քանի որ ընտանիք պահելու հնարավորություն
չունի: Նույնիսկ պետականության բացակայության պայմաններում դարեր շարունակ
կարողացել ենք մեր ինքնատիպ մշակույթով ներկայանալի դառնալ աշխարհին: Մեր յուրօրինակ
հոգեկերտվածքով կարողացել ենք մարդկությանը ստիպել՝ ճանաչելու հայ ժողովրդին՝ որպես
մշակույթ կերտող ազգ: Ստեղծեցինք պետականություն եւ թվում էր՝ աշխարհին ավելի ներկայանալի
պետք է դառնանք մեր մշակութային արժեքներով, պետք է կարողանանք ստեղծել նորարժեք
կոթողներ: Սակայան այս առումով էլ հակառակը ունեցանք: Այսքան անտեսված, անտերության
մատնված՝ մեր մշակույթը երբեւէ չէր եղել, մշակութային գործիչների հուսալքությունը
դեռեւս այս աստիճան չէր եղել: Ամոթ է նույնիսկ ասել, բայց փաստը մնում է այն, որ
նույնիսկ արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի եւ վանդալիստ երիտթուրքերի օրոք հայությունը
Թուրքիայի կազմում կարողանում էր վեր հանել ինքնատիպ ազգային մշակույթը, ինչն այսօր
չի կարողանում անել: Ամոթ չէ՞, վերջապես, որ Մոսկվայում կայացած հայկական մշակույթի
օրվան նվիրված փառատոնում հայոց մշակույթը ներկայացնում էին բազմապիսի միջակություններ
(որոշ բացառություններով)՝ իրենց հարիր ստեղծագործություններով, իսկ Կոմիտասի ստեղծած
ազգային երաժշտության ոչ մի կատարում չհնչեց: Մի՞թե վերջապես ժամանակը չէ,
որպեսզի հայ ժողովուրդը սթափվի եւ տեր կանգնի իր պետականությանը, իր ազգային արժեքներին,
իր ճակատագրին, ստեղծի սեփական երկրում սեփական ձեռքերով ապագա կերտելու հնարավորությունը,
մեկ անգամ եւ մեկընդմիշտ իր ներսից վանի «յոլա գնալու» համոզմունքը: Եվ, իսկապես,
մի՞թե չի եկել պահը պատմական, ինչպես ժամանակին կասեր Գեւորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը,
որպեսզի յուրաքանչյուր հայ հայրենիքի խորանի առաջ դնի իր մեջ եղած լավագույնը: Այս
ամենը հստակ իմանալուց հետո մի՞թե այլ ելք ունենք, քան դուրս գալ համաժողովրդական
պայքարի՝ այս անգամ ոչ միայն պահանջելու, այլեւ ամեն գնով հասնելու իշխանափոխության,
իշխանություններ, որոնք վաղուց արդեն սպառել են իրենց եւ պարզապես երկիրը համակողմանիորեն
առաջնորդում են դեպի անդունդ: Միաժամանակ որքան գնում, իշխանությունների դիրքերը
նույնպես դառնում են երերուն: Որքան էլ հակառակը փորձեն պնդել որոշ իշխանավորներ
եւ նրանց սպասարկող լրատվամիջոցները, ներիշխանական ճամբարում գնալով ավելի են շատանում
բախումային կետերը, ինչը խարխլում է նրանց երբեմնի «անսասանությունը» եւ «միաբանությունը»:
Չէ՞ որ 1989-1990թթ. Կոմունիստական կուսակցության լիդերները եւս փորձում էին համոզել
հասարակությանը, որ իշխանությունը երբեւէ այնքան միասնական եւ կայուն չի եղել, ինչպես
ներկայումս: Արդյունքը, սակայն, բոլորի համար պարզ եղավ, երբ ընդամենը մեկ տարի անց
կործանվեց Խորհրդային կայսրությունը: Ուստի այս պայմաններում, եթե ժողովուրդը դուրս
եկավ համաժողովրդական պայքարի, առավել քան համոզված եմ, որ այդ շարժումը կհանգեցնի
իշխանությունների հրաժարականին, իսկ եթե դա տեղի չունենա, ապա միանշանակ է, որ իշխանություններն
են արդեն իսկ հասել ժողովրդի հրաժարականին: ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել