Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԵՐԵՎՈՒՅԹ, ԲԱՅՑ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ

Ապրիլ 01,2006 00:00

Արտաքուստ՝ անառիթ, սակայն, կարծում եմ՝ անհրաժեշտ դիտարկումներ, մանավանդ, երբ «որոշ լրագրողների» հանիրավի մեղադրում են ոսկեղենիկ մայրենիի չիմացության կամ կիրառելու անկարողության մեջ։ Ու չեն էլ պատկերացնում, որ կարող էի, չէ՞…«յ»-ն էլ գրել։ Այո, այո «Չ»-ից հետո։

Գնալով հայեցակարգերը շատանում են։ Բնավ ցանկություն չունեմ ոչ անձնավորելու դրանք, ոչ էլ, առավելեւս՝ քննարկելու կամ քննադատելու։ Խոսքս հայեցակարգի մասին է։ Այսինքն՝ ինչ հենք ենք դնում հիմքում, ինչու եւ ինչպես։ Վասնզի դրանով է պայմանավորված, թե ինչ կստացվի, ի վերջո, ինչ դուրս կգա, դեպի ուր, ինչպես եւ ինչու ենք շարժվելու։ Ընթանալո՞ւ ենք, թե, էնպես, ինչպես միշտ եղել է։ Երբ։ Ու էլի մի շարք բաներ՝ նշված նույն կարգից։

«Հերո՞ս» ենք դնում հիմքում, թե՞ «արժեք»։ Սկզբունք։ Չափանիշ:

Բնավ էլ ոչ երկրորդական ու անկարեւոր հարցադրում, քանզի, իմ կարծիքով, հենց դա է ընկած կամ, ավելի ճիշտ, պետք է ընկած լինի ցանկացած հայեցակարգի հիմքում՝ սկսած կրթականից (որն ամենի հիմնաքարն է), վերջացրած ազգային անվտանգության ընդհանրական հայեցակարգով, որը պետք է ամբողջացնի եւ լիարժեք դարձնի ազգի, պետության, ժողովրդի ինչպես ներկա, այնպես էլ վաղվա օրը։

«Հերոսը»՝ հեշտ է։ Կարելի է «սարքել» նաեւ։ Իրականությունը կիմանան 3-7 հոգի, մյուսները ցանկալի խաբկանքի մեջ կլինեն։ Բացի այդ՝ «հերոսը» պարտադրվում է եւ միայն ներքեւիններին։ Պարտադրողները՝ վերեւները, «հերոսանալու» եւ կամ այլ նման բաների կարիքը չունեն։ Դա, հիմնականում, բնորոշ է ամբողջատիրական, բռնատիրական համակարգերին, որոնցում իշխելու լրացուցիչ եւ բավականին արդյունավետ լծակ է դառնում։ Օրինակ՝ մեր տեսած ԽՍՀՄ-ը եւ Հայաստանի երկրորդ Հանրապետությունը։ Մեկ-մեկ էլ «հերոսը» ազգային ինչ՟ինչ խնդիրներ է լուծում։ «Ինչ-ինչ», քանի որ մեծ հաշվով եւ շատ հաճախ դրանք խիստ կասկածելի արդյունքներ են ապահովում։ Օրինակ՝ Սամվելը։

Մինչդեռ ազատ, բաց, զարգացող հասարակական եւ հանրային համակարգերը արժեքների, չափանիշների, սկզբունքների հիման վրա են զարգանում։

Բնականաբար, այս համակարգը չի բացառում հերոսների առկայությունը, որովհետեւ Աստծու ստեղծածներից շատերն ավելիի են ի վիճակի, քան սովորական մահկանացուներս։ Սակայն բաց հասարակարգերում հերոսի գործը կամ չափանիշ, արժեք սկզբունք է դառնում, կամ, որքան էլ կարող է ցավալի լինել՝ մոռացվում է։

Հենց այս երկընտրանքն է այսօր մեզ առաջադրվել։ Եվ ոչ միայն բարոյահոգեբանական կամ ներքաղաքական առումներով։ Նաեւ՝ արտաքին քաղաքական կողմնորոշումների։ Ակնհայտ է, որ Ոուսաստանը «հերոսների» քաղաքականություն է վարում եւ նրա պաշտպանյալներն էլ են հայտնի՝ Լուկաշենկոյից սկսած, իսկ Արեւմուտքը՝ արժեքներին է տալիս առաջնությունը։

Ընտրության հրատապությունն էլ արդեն հասունացել է. երկու պարանների վրայի «քյանդրբազության» (լարախաղացության՝ մայրենիով) ժամանակները կարծես ավարտին են մոտենում։

Իսկ դա, ինչպես հասկանում եք, էվոլյուցիոն ճանապարհով չի կարող լինել։ Այս երկու ընտրանքների միջեւ որեւէ էվոլյուցիոն կամուրջ լինել չի կարող։ Ու ցանկացած հստակ ընտրություն՝ հեղափոխություն է ինքնին։

Ի վերջո՝ Երկիրը, մարդկության կյանքը նույն այս Երկրի վրա, Լույսը նաեւ՝ հեղափոխության ծնունդ են։

Հիշու՞մ եք. «Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է եւ Աստված լույսը ԲԱԺԱՆԵՑ խավարից»։ (Գիրք Ծննդոց 1,3- 4)։ Ինչ է դա, եթե ոչ հեղափոխություն։ Եվ, ի վերջո՝ հեղափոխություններն են, որոնք թղթե շերեփը երկաթե են դարձրել։ Եվ ոչ միայն մեզ համար, բոլորի։

Իսկ մեզ համար «աշխարհի ծերը» Նորքի զանգվածն է, հարավը՝ Մեղրին, հերոսն էլ՝ Սամվելը։ Մինչդեռ աշխարհը վաղուց, շատ վաղուց բոլորովին այլ չափանիշների, արժեքների ու սկզբունքների է անցել։

Զորօրինակ՝ վերհիշել ու կիրառում է Կոնֆուցիուսի ձեւակերպումը. «Եթե մի երկիր գնում է ճշմարիտ ճանապարհով եւ իշխում է կարգ ու կանոնը, ապա ամոթ է, որ մարդ այնտեղ ապրի աղքատ ու ամենացածր դիրք անգամ չունենա։ Ընդհակառակը, եթե մի երկիր ճշմարիտ ճանապարհի վրա չէ, ապա ամոթ է այնտեղ հարուստ ապրելն ու պատիվներ ունենալը»։

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել