Թեեւ
ԿԳՆ փորձագիտական խմբերը մշտապես վերահսկում են, սակայն որոշ ոչ պետական բուհերում
այսօր ունենք 5-6 հոգանոց ֆակուլտետներ: ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման
գործակալության պետ Մհեր Մակիչյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ այս
տարվա փետրվարի 7-ից մարտի 14-ը նախարարության կողմից կազմակերպվել են պետական հավատարմագրման
համար հայտ ներկայացրած մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների 2005 թ.
շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննություններ: Դրանց մասնակցելու թույլտվություն
է ստացել 20 հաստատություն՝ 43 մասնագիտություններով: Ուսումնական այս հաստատությունները
սույն թույլտվությունն ստացել են իրենք իրենց հաստատությունը ինքնավերլուծության
ենթարկելուց եւ անկախ փորձաքննությունից դրական եզրակացություն ստանալուց հետո: Իսկ
ի՞նչ է իրենից ներկայացնում անկախ փորձաքննությունը: ԿԳՆ մասնագետների մի խումբ ուսումնասիրություններ
է կատարում այս բուհերում եւ որոշակի չափանիշներից ելնելով թույլ տալիս, որ նրանք
քննություն հանձնեն. եթե տվյալ մասնագիտության գծով կապահովվի 60 տոկոս դրական արդյունք՝
2 տարի անընդմեջ, ուրեմն բուհի տվյալ մասնագիտությունը հավատարմագրվում է: Անցկացված
70 առարկայական քննություններից բացասական արդյունք է գրանցվել 6 ուսումնական հաստատության
11 մասնագիտությունների գծով: Վերջիններս, բնականաբար, զրկվել են քննությունների
անցկացման 2-րդ փուլից: 60 տոկոս դրական ցուցանիշ չեն ապահովել Երեւանի էկոլոգիայի,
տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի ու Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի՝
«Ֆինանսներ եւ վարկ» եւ «Իրավագիտություն» մասնագիտությունները, «Երա» բիզնեսի եւ
քաղաքականության ինստիտուտի՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում»
եւ «Իրավագիտություն» մասնագիտությունները, Երեւանի «Երեւան» համալսարանը՝ «Կառավարում
սոցիալական ոլորտում», Կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի՝ «Իրավագիտություն»
եւ «Հայոց լեզու եւ գրականություն», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում»
մասնագիտությունները, Պրոֆ. Ակունցի անվ. բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ»
մասնագիտությունը: Վերադառնանք ԿԳՆ փորձագիտական խմբերին, որոնք 2001-ից մասնակցում
են ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացին: Այսինքն՝ ուսումնասիրում են ներբուհական
հարցերը, թե արդյոք ուսումնական պրոցես կազմակերպելու համար ապահովվա՞ծ են բոլոր
նորմերը՝ լսարաններ, լաբորատորիաներ, արդյոք ուսանողների թիվը բավարար մակարդակի՞
է, թե՞ մի քանի ուսանողի պարագայում կարելի է ֆակուլտետ բացել: Պարզվում է՝ թեեւ
նախարարությունը մշտապես իրականացրել է նման ուսումնասիրություններ, սակայն այսօր
էլ նման բուհեր մենք ունենք: Դա է հաստատում նաեւ Մհեր Մակիչյանը՝ առանց կոնկրետ
անուններ նշելու: «Այսօր էլ կան բուհեր, որտեղ մի քանի հոգով են դաս պարապում, որտեղ
ընդամենը 150-200-500 ուսանող կա, եւ եթե ըստ կուրսերի բաժանենք, կստացվի՝ ամեն կուրսում
սովորում է 5-6-10 հոգի»: Ավելին՝ պրն Մակիչյանն ասում է, որ հնարավոր է՝ բուհի տվյալ
մասնագիտությունը հավատարմագրվի ու կես տարուց որակազրկվի: Սակայն հավատարմագրման
գործընթացը, ըստ գործակալության պետի, անհրաժեշտ է. «Դրանք շարժման մեջ են, շարժվող
ցուցանիշներ են, եւ նախարարությունն ինքը այդ ուղղությամբ համապատասխան քայլեր է
ձեռնարկում՝ չարժեզրկելով հավատարմագրման գաղափարը, որակի ուղղությամբ աշխատանքներ
կշարունակվեն իրականացվել»: Եվ որակի ուղղությամբ աշխատանքները պետք է իրականացնի
այն նույն փորձագիտական խումբը, որը թույլ է տալիս 5-6 հոգանոց ֆակուլտետներ ունենալ:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ