Շուտով կառավարության դատին կհանձնվի ԳԱԱ բարեփոխումների եւս մի տարբերակ՝ «Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդ» հ/կ-ի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ մշակմամբ:
Միասնական տարբերակի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հ/կ-ն ծանոթացել է ՄԱԿ-ի փորձագետների մշակած բարեփոխումների «հեղափոխական» փաթեթին (գիտնականները ՄԱԿ-ի առաջարկները ձեւակերպում են այսպես՝ քանդել ակադեմիան, գիտությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին) ու ԳԱԱ մշակած, ըստ էության, «աննպատակ» ծրագրին («ամեն ինչ թողնել նույնը»): Ի վերջո, ԳԱԱ փոխպրեզիդենտ Էդուարդ Ղազարյանի առաջարկով, որոշվել է ստանալ այս ամենի միջինը՝ բարեփոխել եղածը: Այս նոր հայեցակարգն արդեն պատրաստ է եւ հանձնված է նախարարություններին՝ կարծիքի, որից հետո էլ կգնա կառավարություն: Մայիսին էլ կառավարությունը կքննարկի, եւ պարզ կդառնա այս փաթեթի ճակատագիրը: Գիտնականները (այդ թվում եւ՝ այս կազմակերպության անդամները) առիթ ունեցել են ասելու, որ կառավարությունն արդեն աչք է դրել ԳԱԱ մի շարք ինստիտուտների շենքերի վրա եւ մոտ ապագայում նպատակ ունի օտարել հատկապես այն մի քանիսը, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում. մասնավորապես՝ խոսք է գնում նախագահության շենքի հարակից տարածքում գործող ինստիտուտների մասին: Եվ, դատելով այս ամենից, դժվար թե կառավարությանը դուր գան միասնական փաթեթի հատկապես այն կետերը, որոնք պահանջում են. «Թույլ չտալ օտարելու կամ սեփականաշնորհելու գիտական կազմակերպությանն ամրացված կամ պատկանող գույքը (այդ թվում՝ անշարժ) եւ տարածքը, որը ձեռք է բերվել պետական բյուջեի միջոցներով: Պետական գիտական կազմակերպությունների ցանկացած վերակազմավորում իրականացվում է գիտական խորհուրդների համաձայնությամբ, իսկ նրանց տարածքներն ու գույքը թողնվում են նոր ձեւավորվող կազմակերպությունների տրամադրության տակ՝ գիտական եւ ինովացիոն գործունեության հետ առնչվող խնդիրների լուծման նպատակով»: Ավելին, առաջարկվում է արգելանքը դնել այս տարվա հունվարից՝ կանխելու հենց այս օրերին ահագնացող լուրերը՝ ԳԱԱ որոշ մասնաշենքերի օտարման մասին:
Երեկ մեզ հետ զրույցում «Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդ» հ/կ անդամ Սերգեյ Բաջինյանը կարեւորեց իրենց առաջարկած դեմոկրատական լուծումները՝ գիտահետազոտական ինստիտուտների կառավարման հարցում: «Այսօր մեծ արտոնություններ են տրված ինստիտուտների տնօրեններին: Թե ինչպես են տնօրինվում թեմատիկ եւ բազային ֆինանսավորումները, ոչ ոք տեղյակ չէ, տնօրենն այսօր քեզ ոչ մի տեղեկատվություն չի տա այդ մասին: Կամ՝ ուր են գնում «այլ ծախսեր» հոդվածով նախատեսված գումարները: Եթե հաշվետվություն չի ներկայացվում, տնօրենն իր ցանկությամբ է տնօրինում գումարները, ուրեմն կոռուպցիա կա այստեղ»: Հ/կ անդամ Յուրի Թադեւոսյանն էլ կարծում է, որ եթե ինստիտուտներում չլինեն «մեռած հոգիներ», եւ ֆինանսական հատկացումները ծախսվեն նպատակային, ապա գիտնականների աշխատավարձերը կրկնակի կբարձրանան: Այսպիսով՝ առաջարկվող մյուս կարեւոր փոփոխությունն է. սահմանել գիտական կազմակերպության գիտխորհրդի որոշումների գերակայությունը՝ կազմակերպության գործունեության բոլոր ոլորտներում: «Ըստ մեր առաջարկների, ամեն ինչ պետք է որոշի գիտխորհուրդը: Վերջինս նաեւ պետք է ընտրի տնօրենին՝ ռոտացիոն սկզբունքով, 1 ժամկետով, ինչպես նաեւ՝ վերահսկի տնօրենի գործունեությունը»,- բացատրում է հ/կ անդամ Ազատ Սարգսյանը:
«Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդը» նաեւ անդրադարձավ ԲՈՀ-ի կարգավիճակի հետ կապված առաջարկներին: Խորհրդի անդամների կարծիքով, ՄԱԿ-ն առաջարկում է լուծարել ԲՈՀ-ը, ինչի արդյունքում, ըստ Ս. Բաջինյանի, կընկնի գիտնականների որակը:
Նրանց ովքեր չեն կարդացել ՄԱԿ-ի ծրագրի՝ ԲՈՀ-ին վերաբերող հատվածը, ասենք, որ այս ծրագրում, ընդհակառակը, ԲՈՀ-ին ավելի բարձր կարգավիճակ է տրվում՝ դարձնելով այն որակավորման եւ փորձագիտության ազգային գործակալություն: Միայն թե գիտական աստիճանի վկայականը տալիս է ոչ թե ԲՈՀ-ը, այլ բուհի գիտխորհուրդը: Ի վերջո՝ կարեւոր չէ, թե ով ինչն է տալու, կարեւորն այն է, որ այդ ամենն արվի արդարացի:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ