Քաղծառայության
մրցույթում հաղթելու դեպքում էլ պաշտոնում նշանակվելու համար միեւնույն է՝ ընտրությունը
տվյալ մարմնի ղեկավարինն է: Քաղծառայողի ինստիտուտը 4-5 տարի է, ինչ ներդրվել
է մեր երկրում: Շատերը կարծիք են հայտնում, որ այն ֆիկտիվ բնույթ է կրում եւ որ ի
վերջո խորհուրդը կարողանում է իր ուզած մարդուն անցկացնել՝ ընդ որում առանց օրենքը
խախտելու: Բացի այդ, ոմանք էլ դժգոհում են, որ քաղծառայության խորհրդում մասնագիտական
գիտելիքների ստուգման մեթոդները բավականաչափ մշակված չեն: Առիթի դեպքում Քաղաքացիական
ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ասում է, որ լրագրողները ցանկացած
ժամանակ կարող են գալ եւ հետեւել, թե որքան թափանցիկ են անցնում քաղծառայության խորհրդի
«քննությունները»: «Առավոտը» երկու օր՝ մարտի 29-ին եւ 30-ին հետեւեց, թե ինչպես
են անցնում չինովնիկների «ընդունելության քննությունները»: Առաջին օրը մրցույթ էր
հայտարարված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների
եւ վերլուծությունների վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի թափուր
պաշտոնի համար: Այս պաշտոնը զբաղեցնել ցանկացել էր հինգ քաղաքացի, սակայն
երկուսը քննությանը չէր ներկայացել: Բացակաների ամփոփաթերթիկները մասնակիցների աչքի
առաջ գցվեց նախապես կնքված արկղի մեջ: Երեք մասնակիցներից մեկը՝ Ռոզա Պողոսյանը,
ֆիննախի նախկին աշխատակից էր, եւ հենց ինքն էլ մրցույթում ճանաչվեց հաղթող: Մրցույթի
առաջին փուլում դիմորդներին տրվեց թեստային առաջադրանք, որը ձեւավորել էր համակարգիչը:
Նրանք 50 րոպեում պետք է պատասխանեին Սահմանադրության եւ օրենքների վերաբերյալ 40
հարցի: Թեստից հետո հարցազրույցի փուլն է, որը մրցույթի հիմնական որոշիչն է: Այս
փուլում հանձնաժողովի քննությունը բանավոր է, դիմորդը պատասխանում է 5 հարցի, որից
երկուսը քաղծառայության օրենսդրությունից է, երեքը՝ տվյալ մարմնի իրավասություններից
բխող: Քննող հանձնաժողովի վեց անդամներից երկուսը քաղծառայության խորհրդից են, երկուսը՝
համապատասխան մարմնից, երկուսն էլ՝ գիտական կազմակերպություններից: Հանուն արդարության
պետք է նշել, որ մրցույթը հաղթահարած կինը միակ մասնակիցն էր, որը ոլորտից քիչ թե
շատ տեղյակ էր եւ, ասենք, պատկերացում ուներ բյուջեի կատարման ժամկետների մասին:
Այս աթոռի համար պայքարողներից մեկը անգամ գաղափար չուներ, թե ինչից է բաղկացած,
ասենք, համայնքային բյուջեն: Չնայած սրան, դիմորդը հարցազրույցի ընթացքում հանձնաժողովին
հպարտորեն պատմում էր, թե «սովետի» տարիներին զբաղեցրել է Ախուրյանի հարկային տեսչության
բաժնի պետի պաշտոնը: Առավել ուշագրավ էր մարտի 30-ի Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության
եւ քաղաքաշինության վարչության հողհատկացման եւ հողօգտագործման քաղաքաշինական փաստաթղթերի
ձեւակերպման բաժնի գլխավոր մասնագետի ընտրությունը: Այս պաշտոնի համար դիմել էր երկու
քաղաքացի, որից մեկն այդպես էլ չներկայացավ: Ի դեպ, այս մրցույթում քննական հանձնաժողովի
կազմում քաղաքապետարանի մասով հանձնաժողովի անդամ էր Ճարտարապետության եւ քաղաքաշինության
վարչության պետի տեղակալ Բորիս Քոչարյանը: Միակ մասնակից Ալբերտ Ստեփանյանը
թեստավորման փուլը 95%-ով հաղթահարեց (անցողիկը 90 %-ն է), սակայն հարցազրույցի փուլում
բավականաչափ թերացավ: Հինգ հարցից ընդամենը երկուսին պատասխանեց, այն էլ կցկտուր:
Երեք հարցին ընդհանրապես տեղյակ չէր, ընդ որում՝ մասնագիտական: Նա այդպես էլ չկարողացավ
ասել, թե ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունն ինչ առնչություն ունի
գովազդների եւ ցուցանակների տեղադրմանը կամ որոնք են համարվում հատուկ նշանակության
հողեր: Իր կարծիքով, վարչությունն իրականացնում էր գովազդների եւ ցուցանակների վերահսկողությունը,
ինչին ի պատասխան՝ Բ. Քոչարյանը հորդորեց նոր լիազորություններ չհնարել. «եղածն էլ
հերիք ա»: Սակայն ճիշտ պատասխանը հետեւյալն էր. Ճարտարապետության եւ քաղաքաշինության
վարչությունը զբաղվում է փաստաթղթային փաթեթների ձեւակերպմամբ եւ տեղադրման հետ կապված
խնդիրների կանոնակարգմամբ: Չնայած Ա. Ստեփանյանի ոչ պրոֆեսիոնալ պատասխաններին,
մրցույթն ամփոփելիս հայտնի դարձավ, որ հանձնաժողովի հինգ անդամներից երեքը նրան կողմ
է քվեարկել, ինչի արդյունքում Ա. Ստեփանյանը հաղթող ճանաչվեց: Ինչպես հետո պարզվեց,
նրա օգտին կողմ էին քվեարկել հենց քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանձնաժողովի
նախագահ Վահրամ Տեր-Բալյանը քաղծառայության խորհրդին ամոթով չթողնելու համար ստիպված
եղավ բողոքարկել մրցույթի արդյունքները: Այն կորոշվի եռօրյա ժամկետում: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ