Գլոբալացման մասին իր դիրքորոշումն է արտահայտում
արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը Տեխնոլոգիաների զարգացումը բերեց կապի
եւ տրանսպորտի այնպիսի զարգացմանը, որոնց շնորհիվ փոխվեցին մարդու՝ աշխարհի ճանաչման
երկու կատեգորիաները՝ ժամանակն ու տարածությունը: Ներկայումս ժամանակն ընդլայնվել
է, որովհետեւ կարող ես, ասենք, Տոկիոյի բորսայում մեկ րոպեի ընթացքում ավարտել գործարքդ՝
գտնվելով Երեւանում: Իսկ տարածությունը սեղմվել է, որովհետեւ «Կոնկորդի» ի հայտ գալուց
հետո, երեք ժամում կարող ես Ամերիկայից օվկիանոսը կտրել եւ հասնել Եվրոպա: Այն, ինչի
վրա առաջ ամիսներ, տարիներ էին անհրաժեշտ, այսօր օրերի, վայրկյանների խնդիր է: Աշխարհի
միասնականությունն ու «փոքրությունը» բերում են նրան, որ այս կատեգորիաների փոփոխման
հետեւանքով ամեն բան փոխկապակցվում է: Սա հանգեցնում է մի կարեւոր եզրակացության.
գլոբալ աշխարհում պետք է գործի կառավարման գլոբալ համակարգ, որը պիտի նպաստի հիմնական
ենթակառուցվածքների՝ էներգակիրների, որոնք փոխանցվում են գազատարներով, նավթատարներով,
էլեկտրական գծերով, ֆինանսական հոսանքների, այսինքն՝ բանկային ամբողջ համակարգի,
ողջ երկրագունդը ծածկող տրանսպորտային ուղիների անխափան աշխատանքին: Սառը պատերազմի
ավարտից հետո Խորհրդային Միությունն ու Արեւելյան բլոկը պարտություն կրեցին, եւ ԽՍՀՄ-ի
կործանումից հետո Միացյալ Նահանգները մնաց մենակ՝ ՆԱՏՕ-ով եւ իր դաշնակիցներով: Սակայն
ՆԱՏՕ-ն կարծես իր խնդիրը լուծել էր՝ ապահովել էր երկու ռազմաքաղաքական բլոկների պայքարում
իր հաղթանակը, եւ ԱՄՆ-ի առաջ ծառացավ մի հարց, որը դարձավ Հենրի Քիսինջերի հերթական
գրքի անվանումը՝ արդյո՞ք Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արտաքին քաղաքականություն,
թե՞ ոչ: Իհա՛րկե անհրաժեշտ էր, սակայն ինչպիսի՞: Պատասխանը տրվեց անմիջապես սեպտեմբերի
11-ից հետո, երբ Ջորջ Բուշը հայտարարեց պատերազմ համաշխարհային ահաբեկչության դեմ:
Իմ խորին համոզմամբ՝ սա ոչ միայն եւ ոչ այնքան պատերազմ է ահաբեկչության դեմ, որքան
պետության պայքարն է ցանցային համակարգերի դեմ: Ցանցային համակարգերը, ենթակառուցվածքների
նման, ծածկում են ողջ երկրագունդը: Այդ ցանցային համակարգերը կարող են կառուցված
լինել կրոնական, տնտեսական եւ իր գաղափարականացման ունակություններով նմանատիպ բնույթ
ունեցող այլ հիմքի վրա: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ն ընդունեց «Պետրիոտ» փաթեթը,
որը պիտի սահմանափակեր պետության անվտանգության համակարգեր թափանցելու ցանցերի հնարավորությունը:
Այդ փաթեթի օրենքներով, բնականաբար, սահմանափակվեցին նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքները,
ազատությունները: Հիմա կարելի է անարգել հեռախոսալսումներ իրականացնել՝ առանց նախկինում
անհրաժեշտ բյուրոկրատական բազում գործողությունների: Ներկայումս շատ թեթեւացել
են բանկային հաշիվների, անձնական էլ. փոստերի ստուգումները: Բարդացել է ԱՄՆ-ի մուտքի
գործընթացը: ԱՄՆ-ի ներսում կազմակերպված կամքի դրսեւորումների որոշակի սահմանափակումներ
կան: Եթե Եվրոպայի համար կա 3 հավասար արժեք՝ հավասարություն, ազատություն, եղբայրություն,
ապա ԱՄՆ-ի հիմնական արժեքն ազատությունն է, որը սահմանափակում է միայն օրենքը: Իսկ
օրենքն էլ պիտի լինի այնպիսին, որ որեւէ կերպ չսահմանափակի սոցիալապես ոչ վտանգավոր
անձնական ազատության դրսեւորումները: Առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից
հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բուշին սատարում են մշտապես միմյանց միջեւ մրցակցող
ամերիկյան երեք ուժերը՝ նավթային, գազային, էներգետիկ համալիր ներկայացնող ընկերությունները,
Պենտագոնը եւ ռազմաարդյունաբերություն իրականացնող ընկերությունները: Սակայն ամերիկյան
քաղաքականությունը որոշակի բարդություններ է ստեղծել եւ դեռ կստեղծի ամերիկյան վարչակազմի
համար. նկատի ունեմ Իրաքը, Աֆղանստանը, Իրանը: Սակայն ամենաշատը նկատի ունեմ այն
լրջագույն մրցակցությունը, որը սկսվել է Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի
միջեւ: Դոլարի եւ եվրոյի կուրսի տատանումները ակնհայտորեն ցույց են տալիս այդ երկու
խոշոր միավորումների միջեւ տեղի ունեցող պայքարը»: Կա մի շատ լուրջ խնդիր՝ էներգակիրների
խնդիրը: Կտրուկ աճել է զարգացած եւ զարգացող երկրների նավթի պահանջը: Որպես խոսուն
օրինակ՝ բերվում է Չինաստանի օրինակը, ուր ամեն տարի 30-40 տոկոսով աճում է նավթի
պահանջարկը: Իսկ նավթի եւ գազի պաշարներն աշխարհում սահմանափակ են: Պարզվել է, որ
սրանց պաշարները կբավարարեն ոչ թե 100-150 տարի, ինչպես նախկինում էին կարծում, այլ
առավելագույնս 40 տարի: 15 տարի հետո արդեն մարդկությունը լրջորեն կզգա գազի եւ նավթի
պակաս: Հետեւաբար, այնպիսի հզոր տնտեսություն ունեցող երկրներին, որպիսիք
են ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները, Չինաստանը, պետք է վստահություն, որ իրենք էներգակիրների
պակաս չեն զգա: Պարզ է, որ տեղի է ունենում նոր տեխնոլոգիաների որոնում, սակայն սառը
միջուկային էներգիայի խնդիրը դժվար թե մինչեւ 2015-2020 թթ. լուծվի, ուստի այս պրոբլեմը
հսկելը այս պետությունների համար կարեւորագույն խնդիր է դառնում: Ուստի մրցակցություն
է այս ռեգիոններում ազդեցութունն ուժեղացնելու համար, որպեսզի այդ հումքի անխափան
եւ երաշխավորված մատակարարման խնդիրը կողմերից յուրաքանչյուրն իր համար կարողանա
լուծել: Սա ստեղծում է այնպիսի լարված իրավիճակ աշխարհում, ինչպիսին Կարիբյան ճգնաժամից
հետո անգամ սառը պատերազմի ժամանակ չի ստեղծվել: Դա կարող է հանգեցնել այս կամ այլ
գործընթացների արագացմանը կամ հակառակը: Մեր աչքի առաջ դանդաղեց Եվրամիության ընդլայնման
գործընթացը: Մեր աչքի առջեւ իրենց մահկանացուն կնքեցին սառը պատերազմի ավարտից հետո
Միջին Արեւելքում ծագած ինտեգրիզմի գաղափարները: Իր խնդիրները կարծես հիմնականում
լուծած Բալկաններում նոր, վտանգավոր գործընթացներ են սկսվում: Եվ, իհարկե, Կովկասը,
որը եւս վտանգավոր եւ անհանգիստ շրջան է: Արդյո՞ք պատմական անհրաժեշտություն
է միաբեւեռ իշխանություն ունեցող երկրի առաջացումը, որն իր գերհզոր տնտեսական եւ
քաղաքական պոտենցիալը աշխատեցնելով՝ կկարողանա մարել աշխարհի տարբեր անկյուններում
պատերազմի բռնկման օջախները: Նման միաբեւեռ կառավարում իրականացնելու ունակություն
եւ աշխարհի խնդիրները կարգավորելու լծակներ ունեցող պետություն չկա եւ չի կարող լինել:
Ազդեցությունը ծնում է հակազդեցություն, եւ այդ հակազդեցությունը կարող է ավելի քայքայիչ
լինել, քան ազդեցությունը, որովհետեւ ուղղված է մի նշանակետի, ինչը ԱՄՆ-ն արդեն այսօր
զգում է: Միաբեւեռ աշխարհը, որի մասին խոսում են, միֆ է, այնպիսի միֆ, ինչպիսին,
ասենք, քաղաքակրթությունների բախումը: Սրանք էլ են միֆեր, որոնք տրվում են հասարակությանը:
Եկեք միասին մտածենք՝ Մարոկկոյի եւ Ինդոնեզիայի մահմեդականները ամենեւին էլ նույն
մշակույթները չեն, բայց նույն քաղաքակրթությանն են պատկանում: Իրաքի սունիներն ու
Իրաքի շիաները նույն քաղաքակրթությունն են, բայց տարբեր մշակույթներ են: ԱՄՆ-ն եւ
Իրանը նույն քաղաքակրթությունն են, բայց տարբեր մշակույթներ են: Ուղղակի գոյություն
ունեն քաղաքակրթությանն ադապտացվելու՝ մշակույթի ուղղվածություններ: Ասենք, իրանական
մշակույթի ադապտացման մակարդակը ժամանակակից քաղաքակրթության մեջ բավականին բարձր
է: Իսկ Զիմբաբվեինը՝ ցածր: Այսօր բախվում են ոչ թե քաղաքակրթություններ, կրոններ,
այլ կրոնը դրոշ սարքած եւ դրանով քողարկվող շահեր: Մարդիկ առաջ կռվել են հացի, հողի,
լավ արոտավայրերի համար, հիմա կռվում են գազի, նավթի համար: Ինչի համար կռվելու ուժ
կարող է ունենալ Հայաստանը եւ, առհասարակ, աշխարհի նման զարգացումների պարագայում
Հայաստանը գործո՞ն է: Անցած ամռանը տեղի ունեցած Ծաղկաձորյան կրեատիվ խաղի մասնակիցները
Հայաստանը որակեցին որպես ցանցապետություն դառնալու ներուժ ունեցող պետություն: Եթե
կարողանանք գիտակցել, որ մենք ցանցապետություն ենք եւ ըստ այդմ կառուցենք մեր քաղաքականությունը
եւ օգտվենք դրա տված հնարավորություններից, խելամիտ կվարվենք: Մեր մշակույթը՝
լինելով շատ ճկուն, դարերի ընթացքում ադապտացման մեխանիզմներ ստեղծած մշակույթ, բավականին
լավ կադապտացվի: Օգտվել՝ նշանակում է իմաստավորված, ամբողջական քաղաքականություն
անցկացնել՝ հայաստանակենտրոն, եւ հայաստանակենտրոնությամբ պետք է տոգորված լինեն
ողջ հայության գործողությունները: Ցանցը հենց նրանով է ցանց, որ կարողանա անել այն,
ինչ պետությունը չի կարող: Ես համարում եմ, որ սա պատմության վերջը չէ, սա ժանրի
ճգնաժամ է: Աշխարհը նոր է: Այսօր ստեղծվել է մի բացարձակ նոր իրավիճակ, որի մեջ ապրում
է մարդը: Մարդը կարող է իր սենյակից դուրս չգալով՝ սովորել, բիզնես դնել, ստեղծագործել,
ներկայացումներ դիտել, սեքսով զբաղվել, ինչի արդյունքում ստացված սերմը ուղարկել
համապատասխան բանկ. կան անգամ այդպիսի սերմից առաջացած երեխաներ: Իսկ նոր աշխարհը,
խաղի նոր պայմանները կյանք են տալիս նոր ժանրերի: Պատրաստեց
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ