«Արտավազդ»
մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի տպավորությունները «Առավոտը»
տեղեկացրել էր, որ այս տարի Թատրոնի միջազգային օրը նշվել է Կապանում՝ իշխանությունների
ուշադրությունը անմխիթար վիճակում գտնվող տեղի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի
վրա բեւեռելու նպատակով: Իսկ մարտի 28-ին էլ նշվել է Կապանի թատրոնի 80 տարին: Հիշեցնենք,
որ Կապանում «Արտավազդ» շնորհվեց Երվանդ Մանարյանին՝ վաստակի, Արմեն Էլբակյանին՝
լավագույն ներկայացման համար, իսկ մեդալներով պարգեւատրվեցին Գուժ Մանուկյանը, Նելլի
Խերանյանը, Կարեն Գրիգորյանը, Լարիսա Մանգասարովան: Թատերական գործիչների
միության «Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը
փոխանցեց իր տպավորությունները Կապանից: «Հիմա ամենուր, նաեւ թատերական ասպարեզում,
լարված հարաբերություններ են, ամեն ինչ քաղաքականացված է, սակայն դրա մասին չէ, որ
ուզում եմ խոսել: Կապանյան միջոցառումները իսկապես լուսավոր բան էին համատարած գորշության
ու ծանր կյանքի ֆոնի վրա»,- ասաց տիկ. Արզումանյանը: Երկու օր տոն էր Կապանում, ուրախություն,
Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր, ժողովուրդն էլ՝ զուգված-զարդարված: Երեւանյան
բոլոր թատրոնների ղեկավարները, բեմադրիչները եւ հյուրերը նվերներով էին ներկայացել:
Ըստ մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի, այդ օրը տիրում էր համերաշխություն,
սեր, միասնություն, մի բան, որ առօրյայում պակասում է թատրոններին: «Շատ սիրելի մարդիկ
էին կապանցիների համար հատկապես Երվանդ Մանարյանը, որ Գորիսում է աշխատել, Գուժ Մանուկյանը,
որ Կապանում է աշխատել, նաեւ Հակոբ Ղազանչյանը, որին Կապանի պատվավոր քաղաքացու կոչում
տրվեց»,- հիշեց տիկին Արզումանյանը: Նրա խոսքերով, զանգեզուրյան միջոցառումները իսկապես
ծառայեցին նպատակին: Վարչապետը 2 մլն գումար տրամադրեց Կապանի թատրոնին, 1 մլն՝ Գորիսի,
իսկ Կապանի կինոթատրոնի շենքը խոստացան տրամադրել տեղի թատրոնին: Մանավանդ, շենք,
որպես այդպիսին՝ չկար: «Այս միջոցառումները ինչ-որ ձեւով թատրոնի գոյատեւման հարցը
լուծեցին, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն
էլ խոստացավ իր ղեկավարած «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի միջոցներով Կապանի
թատրոնի որեւէ պատրաստի բեմադրություն ներկայացնել Երեւանում»,- նշեց տիկ. Արզումանյանը:
Նա շատ տպավորված է կապանյան պատկերներով. «Կապանը գավառական մռայլ քաղաք
է, այդ օրերին եղանակն էլ մռայլ էր, իսկ քաղաքի միջով անցնող գետը աղբով էր լցված:
Տխուր ու հուզիչ բան կար նրա մեջ, որ հանդիսատեսը հատուկ պատրաստվել էր այդ միջոցառումներին,
բոլորը մեդալներով էին, կանայք՝ զուգված-զարդարված: Նրանց ջերմությունը, ծափերը ամեն
ինչ արժեին: Երեւի անհիշելի ժամանակներից այստեղ ներկայացումներ ու նման միջոցառումներ
չէին եղել»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ