Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՏԻՎ ՄՈՑԱՐՏԻ՝ ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԻԻ

Ապրիլ 01,2006 00:00

Վիեննայում
կբացվի գյումրեցի ուսանող-նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Քաղաքակիրթ
երկրներում գիտեն իրենց մեծերի հոբելյանները հավուր պատշաճի տոնել: Մոցարտի անունն
ու հոբելյանն առաջին հերթին ասոցացվում է երաժշտության ու արվեստի հետ, սակայն Ավստրիայում
բոլոր ոլորտներում է կոմպոզիտորի մեծարման յուրատեսակ շքերթ նկատվում: 2006-ից այնտեղ
«Մոցարտ» անունով շոկոլադեղենի (ընդ որում՝ բոլոր տուփերում CD կա մոցարտյան երաժշտության-
Ս.Դ.), երշիկեղենի, խմիչքի լայնածավալ արտադրություն է սկսվել, բայց ավստրիացիների
համար դա բավարար չէ, նրանք ուզում են ուրիշ ժողովուրդների արվեստով էլ մեծարել իրենց
հանճարներին: Օրինակ, Մոցարտի ծննդյան 250-ամյակին նվիրված, ՅՈՒՆԵՍՕ-ի հատուկ ծրագրով
ու հովանավորությամբ Վիեննայում ապրիլի 4-ին կբացվի Երեւանի գեղարվեստի ակադեմիայի
Գյումրիի մասնաճյուղի ուսանող նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը կտեւի
մինչեւ ապրիլի 12-ը: Ինչո՞ւ հատկապես նկարիչների այցելություն Վիեննա՝ ավստրիացի
մեծ կոմպոզիտորի հոբելյանի առիթով եւ ինչո՞վ բացատրել ավստրիական կողմի բարեհաճությունը
գյումրեցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպելու առումով: Հանդիպեցինք
Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանին: Զրույցի
սկզբում հարցերի նախապատմությունն այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը. «Երեք տարի
առաջ Հայաստան այցելեց եւ Գյումրիի արվեստի ակադեմիայում եղավ Վիեննայի կառավարության
պաշտոնական պատվիրակությունը: Հյուրերի թվում էին Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի
բաժնի պետ դոկտոր Բերնհարդ Դենշերը տիկնոջ՝ Բարբարա Դենշերի հետ: Նրանք հիացած էին,
տեսնելով, թե ինչպես է մեր շենքի ձեղնահարկը վերածվել նկարչական ստուդիաների: Նրանց
պատմեցինք, որ ունենք նաեւ մասնաճյուղի զարգացման ապագայի ծրագրեր: Անցյալ տարի դոկտոր
Դենշերը կրկին այցելեց Գյումրի, եւ ինձ հետ խորհրդակցելով, որոշվեց Մոցարտի 250-ամյակի
առիթով կազմակերպել ակադեմիայի մասնաճյուղի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք,
որից գոյացած գումարը կուղղվի Գյումրիի մասնաճյուղի նկարչական ստուդիաների կարգավորմանն
ու նոր դասասենյակների ստեղծմանը»: Պարոն Ղուկասյանը տեղեկացրեց, որ տիկին Դենշերը
առաջին լրագրողն է Ավստրիայում, որը ժամանակին եթեր է հեռարձակել «Արարատի հովանու
ներքո» հաղորդաշարը ու հետագայում հրատարակել նույնանուն գիրք: «Առավոտի»
հետաքրքրությանը՝ խնդրում ենք համառոտ թվարկել, թե ավստրիական կողմի, մասնավորապես՝
դոկտոր Դենշերի աջակցությամբ այս տարիներին ի՞նչ օգնություն է տրամադրվել Գյումրիին,
պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Մինչ Գեղարվեստի ակադեմիայի մասին խոսելը, նշեմ, որ
մեծ էր օգնությունը Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցին ու մանկապարտեզին:
Գյումրիի արվեստի ակադեմիայի կոնսերվատորիայի մասնաճյուղը նվեր ստացավ հարուստ ձայնադարան.
ավելի քան 500 լազերային սկավառակ: Կազմակերպվեցին մեկ ուսանող-նկարչի եւ դաշնակահարուհու
երեքշաբաթյա այցը Վիեննա, գեղարվեստի եւ երաժշտական բաժնի ղեկավարների այցելությունը
Ավստրիա, իսկ մեկ նկարիչ 3 ամսով մեկնեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա՝ վարպետության
դասընթացների»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել