Պետպատվերի ցանկ մտած «անվճար» ծննդաբերությունը արժենում
է առնվազն 70-80 հազար դրամ, եւ դա՝ միայն ծննդատանը: Ամեն ինչ սկսվում է
այն պահից, երբ հղի կինն այցելում է պոլիկլինիկա՝ հաշվառման կանգնելու եւ համապատասխան
բուժսպասարկում ստանալու նպատակով: Այցելուի եւ բժշկի երկխոսության սկզբնական թեման
հղիության անվճար բուժսպասարկումն է: Հղին նույնիսկ փաստաթուղթ է ստորագրում այն
մասին, որ ինքը տեղեկացված է «անվճարի» մասին: Այդ «պրոցեդուրայից» հետո բժիշկն ու
բուժքույրը խոսակցությունը տեղափոխում են օրեցօր ծանրացող սոցիալ-տնտեսական դաշտ՝
ընդհանուր թեման հետզհետե կենտրոնացնելով հատկապես բուժաշխատողների դժվար ու անշնորհակալ
աշխատանքի ու անտանելի սոցիալական պայմանների վրա: Հետո գովեստի խոսքեր են հնչում
«քթի ծակ» ունեցող այն հղիների մասին, ովքեր անտարբեր չեն մնում իրենց բժշկի սոցիալական
վիճակին եւ «շնորհակալություններ» են հայտնում մատուցված ծառայությունների համար:
Զուգահեռ հրապարակվում են շնորհակալությունների արժանի ծառայությունները եւ դրանց
գները: Այսպիսի կամավոր-պարտադիր սկզբունքով բժշկին յուրաքանչյուր այցելությունը
հղիին արժենում է նվազագույնը 2500-3000 դրամ: Հղիության սկզբնական եւ վերջին շրջանում
կատարվող հետազոտությունների ժամանակ ավելանում են նաեւ լաբորատորիայում դարձյալ
կամավոր-պարտադիր սկզբունքով վճարվող գումարները՝ այցելության գինը հասցնելով 6-7
հազար դրամի: Սա այն դեպքում, երբ հղիությունն ընթանում է նորմալ, առանց բարդությունների:
Հակառակ պարագայում գները ուղիղ համեմատական են հղիի վիճակի բարդությանը եւ նրա հարազատների
վճարունակությանը: Իմ տպավորությամբ, սակայն, այս օղակում առավել համեստ են, քան
ծննդատանը, որտեղ առանց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին անդրադարձ կատարելու՝
միանգամից ծանուցում են, թե ում ինչքան պետք է «մուծվել»: Վճարել սկսում ես ընդունարանից՝
շուրջ 5 հազար դրամ: Այս տեսարանն ամբողջացնում են ծննդատան պատերին փակցված «ի գիտություններն»
այն մասին, որ ծնունդը պետպատվերի ցանկում է: Պակաս հետաքրքիր չէ հաջորդ տեսարանը,
երբ արդեն բժիշկն է գումարը վերցնելիս հաշվում այն՝ հավաստիանալու, որ չես խաբել
ու վճարել ես պահանջվածը՝ 35 հազար դրամ: Նաեւ, ասես ընթերցելով իրեն ուղղված հայացքը՝
«արդարացնում» է. «Գիտեք, այս գումարը այսքան մարդու մեջ պետք է բաժանվի…»: Ի դեպ,
ամուր նյարդեր ունեցողները կարող են սակարկել, բայց դրա արդյունքը, որպես կանոն,
այնքան էլ շոշափելի չի լինում: Վերջում դեռ մի բան էլ հիվանդը եւ նրա հարազատներն
են պարսավանքի ենթարկվում՝ ժողովրդական լեզվով ասած՝ «քձիպության» համար: Ետծննդյան
օրերին նորածնին եւ նրա մորն այցելող յուրաքանչյուր բուժաշխատող (իսկ նրանք օրական
5-6-ն են) ջանք չի խնայում ներկայացնելու հատկապես ի՛ր կարեւոր ու պատասխանատու դերը
նրանց կյանքում՝ դրա դիմաց, բնականաբար, ակնկալելով իր հասանելիքը, որը ստանալուց
հետո անհետանում է նույնքան անսպասելի, որքան՝ հայտնվել էր: Վերջին ակորդը մոր եւ
մանկան բժիշկներն են, ովքեր ներկայացնում են դուրսգրման պայմանները՝ 12 հազար դրամի
կարգի եւ փաստաթղթային ձեւակերպումները կատարելու թույլտվություն են տալիս միայն
համապատասխան գումարը ստանալուց հետո: Բուժաշխատողներն առաջնորդվում են ոչ
պետական մակարդակով սահմանված կարգով, որ ծննդաբերության բուժսպասարկումը պետպատվերով
է, ոչ էլ հղիի վճարունակության չափով, այլ՝ նախադեպով. «Սովորաբար այսքան են տալիս..»:
Ասում են՝ մի հայ օլիգարխ իր արու զավակի ծննդյան առթիվ բժշկին 50 հազար դոլար
արժողությամբ մեքենա է նվիրել, իսկ նվազագույն թեյադրամը 100 դոլար է եղել: Աստված
չանի՝ սա նախադեպ դարձնեն: Իսկ վերոնշյալ «մուծումների» արդյունքում՝ երեխա
ունենալու համար գրպանում պետք է ունենալ առնվազն 70-80 հազար դրամ գումար: Սա այն
դեպքում, երբ ծննդաբերությունն ընթացել է բնական եղանակով եւ նորածնի ու մոր առողջությանը
ոչինչ չի սպառնում: Վիրահատական միջամտության կամ այլ խնդիրների դեպքում գումարի
չափը կախված է մոր կամ մանկան վիճակի բարդությունից, նրանց հարազատների վճարունակությունից
եւ անպայման՝ բժիշկների ախորժակից: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ.
Գ. Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ «Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ՝ ես եմ ծննդաբերել»:
Պոլիկլինիկայի եւ ծննդատան համարները հոդվածում նշված չեն այն պատճառով, որ դրանք
բնավ էլ բացառիկ կամ բացառիկներից չեն: Համանման իրավիճակ է բոլոր բուժհիմնարկներում:
Ուստի կոնկրետ անուններ եւ բողոքներ պահանջող ՀՀ առողջապահության նախարարության հարգարժան
այրերը թերեւս առավել մեծ ծառայություն մատուցած կլինեին, եթե մտահոգվեին ոչ թե առանձին
անձանց պատժելու, այլ համակարգը հիմնովին առողջացնելու խնդրով: Ձեռի հետ կխթանվի
ծնելիությունը: