Դատավորի տղան դատարանում պարտվեց
Այս գործի նախապատմությունը սկսվել է նրանից, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Միշա Ասատրյանին հայցադիմում ուղարկեց հարազատ որդին՝ Արթուր Ասատրյանը, հայտնելով, որ «Ստեղծել ենք «Ալմաստ» կոոպերատիվ, կատարել եմ 17 հազար ռուբլու ներդրում: Այդ ժամանակահատվածում իմ հայր ծնողի միջոցով կատարվել է վերը նշված դրամական ներդրումը, որով ձեռք է բերվել KPC-5 եւ CMP-013 տեսակի հաստոցներ», ենթակայան, շարժական տնակ, ստեղծվել է քարի մշակման արտադրամաս: Ըստ դիմումատուի, «Ալմաստ» կոոպերատիվը վերանվանվել է «Վան» ՍՊԸ-ի, որի բաժնեմասի 50%-ի սեփականատեր է դարձել Ասատրյանը: Նորից վերակազմավորվել է «Ալմաստը» եւ նա բաժնետերերի մեջ չի ընդգրկվել: Որդի հայցվորը դատավոր հորից խնդրել էր, որ արգելանք դրվի քարի մշակման հաստոցների, գույքի վրա եւ պատասխանողներից էլ պահանջել «ապօրինի տիրապետման» տակ գտնվող գույքը՝ դադարեցնելով դրանց «ապօրինի շահագործումը»: Գործը, հավանաբար, ոչ միայն ընդդատյա չէր լսվելու հայրական օջախում (բացարկի հիմք էր), այլ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Այնուամենայնիվ, գործը հանգրվանում է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում, մինչեւ տնտեսական դատարանը արձանագրեց կատարված իրավախախտման մասին եւ գործն ընդունեց վարույթ: Ի վերջո, պարզվեց, որ ՀՀ գյուղնախարարության «Հայջրշին» շինարարական պետական ձեռնարկության կազմում գործող Սիսիանի տնտհաշվարկային տեղամասի ղեկավար, 3-րդ անձ ճանաչված Գագիկ Գեւորգյանի նախաձեռնությամբ է «Հայջրկոնստրուկցիա» փորձարարական գործարանից գնվել քարի մշակման հաստոցը, որի արժեքը՝ 15.260 ռուբլի վճարվել է տեղամասի կողմից (առկա է 29/25 հաշիվ-ապրանքագիրը): Հաստոցը վարձակալությամբ էր հանձնվել «Ալմաստ» կոոպերատիվին, որը հետագայում առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է Գ. Գեւորգյանին: Պատասխանողը՝ «Վան» ՍՊԸ նախագահ Էդիկ Մանուչարյանն առարկել է 3-րդ անձին, հայտնելով, որ 1994-ից հաստոցն իրենց տնօրինության տակ է գտնվել, որ ՍՊԸ-ն կատարել է դրա կապիտալ վերանորոգման համար պահանջվող բոլոր ծախսերը: Մանուչարյանը տեղամասի դրամարկղ էր մուծել 500 ԱՄՆ դոլար՝ մնացորդային գումարը եւ այն օրինական հիմքերով մուտքագրվել էր «Վան» ՍՊԸ-ի հաշվեկշիռ:
Ուշադրության արժանի է թերեւս այն, որ ծախողված հայցվոր Արթուր Ասատրյանը այս դատարանում հանդես եկավ որպես վկա եւ իր հերթին պնդեց, որ թե քար կտրող հաստոցը, թե վագոն-տնակն իրենն են: Տնտեսական դատարանը վճռել է ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Գագիկ Գեւորգյանի (որը դատավորի ընկերն է) հայցը բավարարել՝ «պարտադրել «Վան» ՍՊԸ-ին՝ նրան վերադարձնել» քարի մշակման հաստոցն ու վագոն-տնակը: 10 ամիս է, ինչ կալանքի տակ են վերոնշյալ հաստոցն ու վագոն-տնակը, ինչի պատճառով, ըստ Է. Մանուչարյանի, բյուջե չի մուտքագրվել 1,5 մլն դրամ գումար: Ի դեպ, տեղեկացնենք, որ մեկ անգամ արդեն տնտեսական դատարանի նույնիմաստ վճիռը բեկանել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը եւ գործն ուղարկվել էր «բեկանված մասով նոր քննության»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ