Խոսքը «Արմատ» կենտրոնում տեղի ունեցող
քաղաքական կոնսուլտացիաների մասին է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
նախագահը դեռ շատ վաղուց մեր թերթին տված մի հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե
ՀՀ քաղաքական դաշտում աջ ազատական ուժերի միավորման անհրաժեշտություն կա: Այս գաղափարն,
ի դեպ, արդեն վաղուց էր շրջանառության մեջ դրվել, ու այս օրերին «Արմատ» հասարակական-քաղաքական
կազմակերպության գրասենյակում աջ ուժերի ներկայացուցիչների պարբերական դարձած հավաքները
ե՛ւ մամուլում, ե՛ւ քաղաքական շրջանակներում դիտարկվում են որպես աջ ուժերի միավորման
կամ քաղաքական նոր ձեւաչափի ստեղծման նախերգանք: Նշվում են հանդիպում-կոնսուլտացիաներին
մասնակցող տարբեր գործիչների ու լրագրողների անուններ, որոնց թվում է նաեւ Պ. Մակեյանի
անունը: Հենց նրանից էլ փորձեցինք ճշտել «Արմատում» տեղի ունեցող հանդիպումների նպատակը:
– Այսօր Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ
յուրաքանչյուր բակում են մարդիկ մտահոգված երկրի ճակատագրով ու ստեղծված իրավիճակով:
Մտահոգված են առավել եւս աջ ուժերը, որոնք Երրորդ Հանրապետության հիմնադիրներն են:
Բնականաբար, Հայաստանին սպառնացող վտանգների, ԼՂ հիմնախնդրի շուրջ եղել են քննարկումներ,
բայց քաղաքական որեւէ ձեւաչափի ստեղծման, միավորման մասին խոսք չի եղել: –
Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունեն այդ քննարկումները: – Դրանք իմ մատնանշած հարցերի
շուրջ կարծիքներ փոխանակելու հնարավորություն են: – Բայց այդ քննարկումներն
ու կարծիքների փոխանակումներն ինչ-որ բանի պե՞տք է հանգեն՝ հետեւությունների, կոնկրետ
ձեռնարկվելիք քայլերի, Ձեր մատնանշած հարցերի լուծման շուրջ միավորման… –
Առանց հետեւությունների չի լինում, իսկ քայլերը կյանքը՝ ինքը կթելադրի: Պարզ է, որ
եթե որեւէ մեկը որեւէ քայլ չնախաձեռնի, այս երկրում ժողովուրդը դուրս կգա փողոց:
Իսկ ժողովուրդը հեղեղ է, որը վտանգավոր է: Դրա համար քաղաքական ուժերը մտածում են
այնպես անել, որ բանը դրան չհասնի, եւ հատկապես արտաքին սպառնալիքները, որոնք օրեցօր
աճում են, մեր պետականության արդեն վտանգված հիմքերն ամբողջությամբ չքանդեն: –
Հնարավո՞ր է, որ այդ մտահոգո ւթյունը, ի վերջո, հանգեցնի այն բանին, որ Ձեր ասած
քննարկումներին մասնակցող մարդիկ մտածեն նաեւ միավորման ու քաղաքական նոր ձեւաչափի
ստեղծման անհրաժեշտության մասին: – Այսօր նման որեւէ քննարկումներ, նման հարցադրումներ
չկան: Բայց կյանքում որեւէ բան երբեք բացառել չի կարելի: – Այդուհանդերձ,
ըստ շրջանառվող տեղեկությունների, աջ ուժերի ներկայացուցիչների հանդիպումներում այնքան
էլ «անմեղ» քննարկումներ չեն լինում, լուրեր են պտտվում, թե աջ ուժերը մտադիր են
միավորվել նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: –
Մասնավորապես մեր կուսակցությունը 2003թ.-ի ընտրությունների ժամանակ միակն էր, որ
քաղաքական բոյկոտ հայտարարեց ու չմասնակցեց դրանց, որովհետեւ համոզված էր, որ ընտրություններ՝
որպես այդպիսիք, չէին լինելու: Եթե 2007 թվականին Հայաստանում քաղաքական իրավիճակը
չփոխվի, ընտրությունների մասնակցելը նշանակում է մասնակցել կրկեսային միջոցառման,
որտեղ մասնակցողն այդ ամբողջ խաղում մի փոքրիկ օղակ է լինելու: Որեւէ ընտրությամբ
Հայաստանում իրավիճակ փոխելու մասին խոսելն անիմաստ է, ուստի՝ մեր կուսակցությունն
ու, համոզված եմ, նաեւ քաղաքական լուրջ ուժերը՝ աջ ուժերը, նույն կերպ են մտածում:
– Իսկ քաղաքական գործիչներից ու կուսակցություններից ովքե՞ր են մասնակցում
այդ քննարկումներին: – Տարբեր հարցերի շուրջ քննարկումներին ոչ միշտ է, որ
նույն մարդիկ են մասնակցում, բայց ընդհանուր առմամբ մասնակիցների թիվը մեծ է: Մյուս
կողմից, այդ մարդիկ ներկայացնում են ոչ թե իրենց կուսակցությունները, այլ իրենք իրենց`
որպես քաղաքական գործիչներ: – Այսինքն` անուններ տալ չեք ուզում: –
Գուցե վաղ է դրա մասին խոսելը: – Ի՞նչ նպատակ ունի այսպիսի «կոնսպիրացիան»,
եթե ընդամենը քննարկումներ են լինում: – Քաղաքական ցանկացած կազմակերպությունում
մարդիկ շաբաթը մեկ կամ երկու անգամ հանդիպում, խոսում են: Հիմա անուններ տալ ու դրանք
հրապարակելը լուրջ չէ: – Օրերս թերթերից մեկում ձեր հավաքների ու դրանց մասնակիցների
մասին գաղտնապահությունը համեմատվել էր ՀՅԴ փակ նիստերի հետ: Ձեր կարծիքով, համեմատությունը
տեղին չէ՞: – Դա անլուրջ է, որովհետեւ մեր քննարկումներին մարդիկ ազատորեն
կարծիքներ են հայտնում, քննարկում են: Իսկ Դաշնակցության փակ նիստերում ոչ թե քաղաքական,
այլ՝ այլ տիպի հարցեր են քննարկվում: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ