Այսպես
է փաստաբան Աշոտ Սարգսյանը գնահատում «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ
Հակոբյանին եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանին առաջադրված մեղադրանքները, որոնց շահերը
նա պաշտպանում է անվճար: ԳՐԵԿՈ-ի զեկույցի համաձայն՝ Մաքսային կոմիտեն Հայաստանի
ամենակոռումպացված պետական մարմիններից է: Մինչդեռ Աշոտ Սարգսյանը կարծում է, թե
միայն «Ռոյալ Արմենիա»-ի գործը բավարար է, որ Մաքսային կոմիտեն ճանաչվի հե՛նց ամենակոռումպացված
մարմինը: Սակայն նախ հիշեցրեց ընկերության ղեկավարներին առաջադրված մեղադրանքների
էությունը: «Ֆեդերալ Ինվեստմենտ Գրուպ» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ
Վաչե Բեդրոսյանը փաստաթուղթ էր ներկայացրել Մաքսային կոմիտե եւ հայտարարել, թե «Ռոյալ
Արմենիա»-ի կողմից ապրանքներ մաքսազերծելու համար կոմիտե ներկայացված հաշիվ-ապրանքագրերը
(ինվոյսները) չեն համապատասխանում իր ուղարկած ինվոյսներին: «Միանգամից հարց է առաջանում,
թե ինչպե՞ս կարող էր Վ. Բեդրոսյանը ծանոթանալ «Ռոյալ Արմենիա»-ի առեւտրային գաղտնիք
հանդիսացող փաստաթղթերին,- ասաց Աշոտ Սարգսյանը:- Ակնհայտ է, որ դա եղել էր Մաքսային
կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ. նրան հանձնարարել էին ներկայացնել նոր ինվոյսներ,
որոնց տվյալները չպիտի համապատասխանեին ապրանքների հետ ուղարկված ինվոյսներին: Ուշագրավն
այն է, որ կասկածի տակ են դրվել այն ինվոյսները, որոնց վերաբերյալ «Ռոյալ Արմենիա»-ն
շուրջ 2 տարի դատական վեճերի մեջ է եղել Մաքսային կոմիտեի հետ եւ բոլոր վճիռները
եղել են հօգուտ ընկերության»: Գագիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ
նա իբր խաբեությամբ Վաչե Բեդրոսյանից հափշտակել է 368 հազար դոլար: Աշոտ Սարգսյանը
նկատեց. «Ըստ առերես հարցաքննության ժամանակ Վաչե Բեդրոսյանի տված ցուցմունքի՝ այդ
պարտքը գոյացել է ապրանքներ մատակարարելու եւ դրանց մի մասը չվճարելու հետեւանքով:
Պետք չէ շատ փորձառու իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ եթե երկու տնտեսվարող
սուբյեկտների միջեւ առաջանում են ապրանքների մատակարարման եւ դրանց չվճարելու հետ
կապված վեճեր, ապա դրանք առաջացնում են քաղ. իրավական հարաբերություններ եւ լուծվում
տնտեսական դատարաններում, այլ ոչ թե ԱԱԾ-ում»: Մեջբերեց նաեւ Սահմանադրության 16
հոդվածը. «Մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի
չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները»: Այս դրույթն, ըստ պրն Սարգսյանի՝
արտագրված է Մարդու իրավունքների կոնվենցիայից: Երկրորդ մեղադրանքը մաքսանենգությամբ
զբաղվելն է եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելը: Սակայն «Ռոյալ Արմենիա»-ն համատեղ ձեռնարկություն
է եւ որպես արտասահմանյան ներդրող կազմակերպություն՝ ազատված է մաքսատուրքից եւ շահութահարկից:
Փաստաբանը, որ այս գործը համարում է իր պրակտիկայում ամենաարտառոցը՝ այսպես մեկնաբանեց
տվյալ փաստը. «Մարդ պետք է հոգեկան հիվանդ լինի, որ օրենքով ազատված լինելով այդ
2 հարկերից՝ փաստաթուղթ կեղծի մաքսանենգության համար»: Աշոտ Սարգսյանը հարկ
համարեց հիշեցնել պատճառը, թե ինչու են Մաքսային կոմիտեն եւ Ազգային անվտանգության
ծառայությունը դիմում նման քայլերի. «2 տարի առաջ առաջին անգամ մի տնտեսվարող սուբյեկտ՝
ի դեմս «Ռոյալ Արմենիա»-ի, համարձակություն ունեցավ Մաքսային կոմիտեին մեղադրել կոռուպցիայի
մեջ: Գագիկ Հակոբյանը դիմեց տնտեսական դատարան՝ իր շահերը պաշտպանելու համար, որից
հետո էլ սկսվեցին նրա դեմ հալածանքները: Ասուլիսի ժամանակ Գագիկ Հակոբյանը պարզ հայտնեց,
որ Մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը եւ Սուրեն Ֆահրադյանը իրենից
կաշառք են ուզել եւ առաջարկել ինվոյսներում գները իջեցված ցույց տալ, իսկ դրանից
առաջացած շահույթից իրենց բաժին տալ (այսինքն՝ առաջարկել են այն, ինչի մեջ հիմա մեղադրում
են): Այդ հայտարարությունը տպագրվել է թերթերում, սակայն իրավապահ մարմինների կողմից
չի եղել ոչ մի արձագանք: Գագիկ Հակոբյանը, որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ,
նույն փաստը ներկայացրել է քննիչ Մնացական Մարուքյանին, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ
չի արվել ոչ մի գործողություն: 2006թ. հունվարի 26-ին, երբ ես Գագիկ Հակոբյանին տեղյակ
պահեցի, որ վերաքննիչ դատարանում կալանքի ժամկետը երկարացնելու մասին մեր բողոքը
մերժել են՝ ինձ ասաց, թե գիտի, որ բողոքները օրինական ընթացք չեն ստանալու, եւ հայտնեց
ձերբակալման օրը քննիչ Մարուքյանի ասածները. «Իմ բարձր ղեկավարության հանձնարարությամբ
քեզ կալանավորելու եմ եւ ինչ հոդված որ ասեն՝ դրանով էլ քեզ մեղադրանք եմ առաջադրելու,
եւ ոչ մի բողոք էլ հաշվի չի առնվելու»: Փաստաբանն այժմ պնդում է, որ «Ռոյալ
Արմենիա»-ի նախագահն ու նախկին տնօրենը «ոչ թե կալանավորներ են, այլ քաղաքական պատանդներ:
6 ամսվա ընթացքում առաջին 2 օրն է միայն հարցաքննվել Գագիկ Հակոբյանը: Իսկ Արամ Ղազարյանը
հարցաքննվել է 1 անգամ՝ 1 էջ, որից հետո էլ, մեր դիմումով, հարցաքննվել է եւս 15
րոպե: Այսինքն՝ նրանց նկատմամբ չեն կատարվում քննչական գործողություններ: Նրանք ուղղակի
պետք է մնան կալանքի տակ, որ խելքի գան մյուսները: Պատժելով «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարներին՝
մաքսային ծառայությունը ցույց է տալիս, թե ինչ ապագա է սպասվում մյուս տնտեսվարող
սուբյեկտներին՝ իրենց անօրինական պահանջներին չենթարկվելու դեպքում»: «Ռոյալ
Արմենիա» համատեղ ձեռնարկության տնօրեն Տոնի Էլ Լաբակին օրերս բաց նամակով դիմեց
Ռոբերտ Քոչարյանին: Նամակում մասնավորապես հիշատակված է, որ տարեսկզբի մի խորհրդակցության
ժամանակ Ռոբերտ Քոչարյանի քննադատեց մաքսային կոմիտեին՝ նույն պայմաններով ներմուծված
միատեսակ ապրանքները տարբեր մաքսային արժեքներով մաքսազերծելու կապակցությամբ: Աշոտ
Սարգսյանը վստահ է, որ սա վերաբերում է հենց «Ռոյալ-Արմենիա»-ին, քանի որ ընկերությունն
այդ մասին առաջին անգամ բարձրաձայնել է դեռ 26.07.04 թ. ասուլիսում՝ բացահայտելով
ներմուծվող սուրճի համար մաքսային արժեքների «խաղերի» հիմքում առկա կոռուպցիոն դրսեւորումները:
Այսուհանդերձ, մի փաստի հիման վրա փաստաբանը համոզվել է, որ այս գործի պատվիրատուն
բնավ միայն Մաքսային կոմիտեի ղեկավարությունը չէ. «Կալանքի վերաբերյալ միջնորդությունները
փետրվարի սկզբին երկրորդ անգամ երկարացնելիս դատարանը քննիչի մեղքով կոպտորեն խախտեց
ՔԴՕ-ն: Դատարանը միջնորդությունը պետք է լսեր ոչ ուշ, քան կալանքի ժամկետը լրանալուց
5 օր առաջ: Սակայն միջնորդությունը ներկայացվեց փետրվարի 8-ին, այսինքն՝ կալանքի
ժամկետը լրանալուց 2 օր առաջ: Եվ բնական է, որ դատավորը պարտավոր էր չընդունել այդ
միջնորդությունը ու չքննարկել: Սակայն երբ դատավորը ոչ միայն քննարկեց, այլ նաեւ
բավարարեց միջնորդությունը՝ ինձ համար հասկանալի դարձավ, որ այս գործի պատվերը շա՜տ
վերեւից է՝ Մաքսային կոմիտեից էլ բարձր: Դատավորն ապօրինություն թույլ տվեց, եւ վստահ
էր, թե չի պատժվելու: Ուրեմն՝ երաշխիք ուներ, որ իրեն հանձնարարողը երբեք չի պատժի
իրեն»: Այս ամենը նկատի առնելով՝ արդյոք անիմա՞ստ չէ բողոքներ ներկայացնելը՝
հարցին ի պատասխան, Աշոտ Սարգսյանն ասաց. «Ո՛չ: Մեզ համար հետաքրքիր է, թե մինչեւ
ո՞ր ատյանն է ղեկավարում Մաքսային կոմիտեն: Այն, որ Ազգային անվտանգության քննիչը
նրանց թելն է թելում՝ մեզ համար ի սկզբանե պարզ էր: Ես նրան միջնորդություն եմ ներկայացնում,
փաստեր բերում եւ դրանից հետո հանկարծ իմանում, որ քննիչը չի անում այն գործողությունները,
որ պետք է աներ, այլ իմ միջնորդությունը կարդալով՝ շտկում է քրգործում եղած թերություններն
ի վնաս մեզ: Իրավական դաշտում մեր դեմ այնպիսի պատնեշ է, որը հնարավոր չէ հաղթահարել»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ