Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՄՈՒՆԻՏԵՏ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ»

Ապրիլ 01,2006 00:00

Այս կարծիքին է Վահագն Խաչատրյանը

– Վերջերս քաղաքական ուժերը միաձայն խոսում են քաղաքացիական հասարակության ստեղծման անհրաժեշտությունից: Այս իրավիճակում դա՞ է ելքը:

– Իրականում, այն, ինչ կատարվում է եւ տեղի ունեցավ, խոր վերլուծության կարիք ունի հատկապես քաղաքագետների կողմից, որովհետեւ, համոզված եմ, մենք որպես երկիր՝ առաջինը չենք հայտնվել այս իրավիճակում: Եվ եթե խոսքը նորմալ, ժողովրդավարական երկրների մասին է, ապա այս իրավիճակից դուրս գալու ելքը լինում են ընտրությունները, անգամ՝ մշտական ընտրությունները. այնպես, ինչպես տեղի ունեցավ Ֆրասիանյում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Կան նաեւ ոչ դեմոկրատական երկրներ, որոնք փորձել են այս իրավիճակից դուրս գալ ավտորիտար համակարգ ստեղծելով, փորձելով այն ծառայեցնել երկու նպատակի՝ երկրի բարօրության բարձրացմանը, այն, ինչ տեղի ունեցավ, օրինակ, Հարավային Կորեայում, բայց հետագայում, պարզվում է, որ այդ համակարգն այլեւս չի կարող նպաստել երկրի բարգավաճմանը, եւ հենց նույն երկրների ղեկավարներն իրենք են արդեն առաջարկում դեմոկրատական բարեփոխումներ: Կան նաեւ այլ երկրներ, որոնք փորձում էին իրենց հարցերը լուծել ուժի միջոցով, բայց մինչեւ վերջ էլ չհասկացան, որ այսօր ուրիշ աշխարհ է, եւ եթե այդ պայմաններում դու շարունակելու ես այդ ձեւով գնալ, վերջդ բարի չի լինելու: Կարծում եմ, մենք այս վերջին երկրների շարքում ենք գտնվում: Իսկ այս պայմաններում ակնկալել, որ սովորական, քաղաքակիրթ, դեմոկրատական ճանապարհներով իշխանափոխություն տեղի կունենա, ցավոք սրտի, գրեթե անհնար է: Եվ դա ցույց տվեց մեր վերջին տարիների փորձը: Հիմա բոլորը մեղավորներ են փնտրում ընդդիմության մեջ, աջից-ձախից ով հասնի մեղադրում է, որ այս ընդդիմությունը մինչեւ վերջ չգնաց իր առջեւ դրված խնդրի իրականացմանը: Մեղմ ասած՝ համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետեւ ընդդիմությունը կարողացավ իր գործողությունները իրականացնել Սահմանադրության, դեմոկրատական նորմերի շրջանակներում: Նույնիսկ, կարող եմ ասել, ավելի պակաս, որովհետեւ այն ժամանակ գործող Սահմանադրությունը եւ դեմոկրատական նորմերը թույլ էին տալիս քաղաքացիներին, մարդկանց մեծ խմբերի՝ դիմել նաեւ այլ միջոցների, երբ հնարավորություն չի տրվում իրականացնել իրենց սահմանադրական իրավունքները: Այդ այլ միջոցներին ընդդիմությունը չդիմեց: Եվ դրա պատասխանը եղավ այն, որ իշխանությունը ցույց տվեց իր դեմքը: Ցանկացած այլ ճանապարհով եթե մենք, նկատի ունեմ իմ համախոհներին, նույնիսկ փորձեինք ցույց տալ, թե ով է այսօրվա իշխանությունը, ավելի լավ չէինք կարող:

– Սակայն նույնիսկ հիմա հետագա քայլերի հարցում ընդդիմությունը միասնական չէ: Մեկը գտնում է, որ հարկավոր է պատրաստվել արտահերթ ընտրությունների, մյուսը գնում է դեպի հերթական ընտրություններ, ի վերջո, քաղաքական ուժերը չհասկացա՞ն, որ մեր երկրում ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի լինում:

– Կարծում եմ, սովորական, հերթական ընտրությունների դեպքում կկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ: Մենք բոլորս պետք է կարողանանք հասնել արտահերթ ընտրությունների, եւ դրան պետք է ձգտեն բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են երկիրն այլ ուղղությամբ տանելու գործում: Դա նշանակում է՝ հասարակական անհնազանդության վերաբերյալ մեր դիրքորոշումը կարողանանք դարձնել ընդհանուր, գտնել ավելի մեծ համակիրների շրջանակ, ավելի մեծ թվով մարդիկ դառնան այն բանի կրողը, ինչի մասին մենք խոսում ենք: Իհարկե, կարող են ասել՝ ժողովուրդը անտարբեր է, պասիվ է, չի հետեւի մեզ: Բայց դա ավելի շատ մեր մեղքն է, քան ժողովրդի, քանի որ ցանկացած ընտրությունների ժամանակ հասարակությունը ապացուցեց, որ անում է այն, ինչ իր ցանկությունն է, ինչքան էլ որ ստիպեն, վախեցնեն կամ կաշառեն: Նայեք բոլոր ընտրությունների իրական պատկերը եւ կտեսնեք, որ ժողովուրդը միշտ էլ ճիշտ ընտրություն է կատարել: Այս պահին մեր առաջին խնդիրն այն է, որ կարողանանք ներկայանալ ժողովրդին: Նորից ներկայանալ ասելով՝ նկատի չունեմ փոխել մեր դեմքը, նկատի ունեմ՝ մեր գաղափարները, մոտեցումները փորձենք ավելի հստակ ներկայացնել ժողովրդին: Վստահ եմ, այդ դեպքում հասարակությունը կհավաքվի եւ կընդունի, որ կարելի է այս մարդկանց հետ ճանապարհ գնալ:

– Այս պահին տեսնո՞ւմ եք այն քաղաքական ուժը, որը կկարողանա այդ բանն անել եւ հասարակությանը տանել իր ետեւից:

– Չէ, այսօր, ցավոք, չկա այդ քաղաքական ուժը, առանձին միավորներ կան, բայց այդ առանձինները բավարար չեն իմ ներկայացրած խնդիրն իրականացնելու համար: Բոլորը, ովքեր տասից ավելի տարիներ քաղաքականության մեջ են, հասկանում են, որ այդ խնդիրը կարող է լուծվել միայն համախմբման ճանապարհով: Եվ հարցը պետք է լուծել ոչ թե Երեւանում կամ ոչ միայն Երեւանում, այլ ամբողջ հանրապետության մասշտաբով, քանի որ այսօր ստացվել է այնպես, որ կյանքը Երեւանում եւ դրանից դուրս բոլորովին տարբեր երեւույթներ են: Նաեւ՝ փոխվել է ժողովուրդը, փոխվել է քաղաքացին: Իսկ ամենամեծ վտանգը, որ կախված է պետության գլխին, առաջին հերթին այն է, որ ժողովուրդն իշխանության նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել, որեւէ վստահություն, հավատ չկա: Այն, ինչ կատարվում է իշխանության կողմից՝ միասնական շուրջպարեր, միասնական ծառատունկեր կամ միասնական սումգայիթյան միջոցառումներ, դրանք բոլորն այնքան «ֆալշ» են, դրանց մեջ այնքան կեղծիք կա, որ ժողովուրդն անմիջապես ընկալում է, որ դա հերթական ներկայացումն է: Խորհրդային ժամանակներում մենք դա տեսել ենք, երբ բոլորին տանում էին շքերթների:

– Հնարավո՞ր եք համարում, որ «նախկինները» եւ այսօր գործող ընդդիմադիր ուժերը համախմբվեն եւ միասնական հանդես գան ընդդեմ իշխանությունների:

– «Նախկիններ» կամ այսօրվա ընդդիմություն տարանջատումը ես չեմ ընդունում, որովհետեւ ընդդիմությունը ընդդիմություն է: Մենք բոլորս իշխանությունից դժգոհություն ունենք, եւ նույնիսկ շատ-շատ հարցերում մեր դժգոհությունը նույնն է՝ որ գործող իշխանությունը չի ապահովում Հայաստանի ժողովրդավարական զարգացումը: Նույնիսկ ելքերի հարցում կարծես բոլորը համակարծիք են եւ միայն մանրուքներում են տեսակետները տարբերվում: Կարող ենք ասել, որ ընդհանուր համագործակցության եզրեր կան, եւ համատեղ աշխատելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան հնարավոր է պատկերացնել:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել