Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Ապրիլ 01,2006 00:00

Ըստ
դառը փորձ ունեցողների՝ ճգնաժամը պետք է հաղթահարել իրավաբանորեն, օրենքի ուժով եւ
ոչ թե սպասել իշխանափոխության: Չորս տարի առաջ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի»
(«ՆՏ») հետ կատարվածը, երբ քաղաքական որոշման արդյունքում եթերից զրկվեցին իշխանության
վերահսկողությունից դուրս գտնվող այս երկու հեռուստաընկերությունները, պայմանավորեց
հաջորդող տարիների ընթացքում մեր հեռուստաեթերի բովանդակությունը: Այդ խնդիրներին
էր նվիրված Քաղաքացիական ազգային նախաձեռնության հրավիրած՝ «Հայաստանում տեղեկատվական
ճգնաժամի հաղթահարման ուղիները» թեմայով սեմինարը: Քաջ գիտենալով, որ քննարկման ժամանակ
խոսք կգնա «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի մասին, տասնյակից ավելի հեռուստաընկերություններից այնտեղ
հայտնվել էին ընդամենը երկուսը՝ «Երկիր մեդիան» եւ «Երեւանը»: Այսինքն՝ դեռ չորս
տարի առաջ նրանց՝ հայաստանյան «ազատ եւ պատասխանատու» լրատվամիջոցների ստորագրած
ստրկության մուրհակը դեռ ուժի մեջ է: «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը այդ առթիվ
նկատեց. «Երբ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եթերազրկումից հետո տասնինը լրատվամիջոցներ ստորագրեցին
մի բաց նամակի տակ, ըստ որի՝ ՀՀ-ում խոսքի ազատությունը վտանգված չէ, դրանով իսկ
նրանք իրենց դատավճիռը կայացրեցին: Կար «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի օրինակը՝ եթե ձայնդ չկտրես
ու վերահսկողության չենթարկվես, կարժանանաս նույն ճակատագրին: Եվ բոլորի մեջ նստեց
ինքնագրաքննիչը: Այսօր ես նույնիսկ լրագրողների եմ հանդիպում, որ վախենում են «Ա1+»
անունը տալ»: Նա վստահ էր, որ «Ա1+»-ի փակումը պայմանավորված էր նրանով, որ մեր իշխանավորները
չէին ուզում նայել հայելուն. «Մեր կարգախոսն էր՝ «Դիտեք մեզ՝ ճանաչեք ձեզ»: Սակայն
նրանք որոշեցին, որ ավելի լավ է հասարակությունն իրենց չճանաչի, մնան անհայտ ու անեն՝
ինչ ուզում են»: «Նոյյան տապան» լրատվական գործակալության վերլուծաբան Դավիթ
Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր փորձ է արվում հաստատել «կառավարվող ժողովրդավարություն»,
սակայն ի տարբերություն Ռուսաստանի, որից էլ օրինակը վերցված է, մեզ մոտ ամեն ինչ
արվում է բռնի, չսիստեմավորված, կատաղի ձեւերով: Ու այդ ֆոնի վրա են փակվում լրատվամիջոցներ,
ճնշվում ազատ խոսքն ու քաղաքական այլախոհները: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներին,
ապա ըստ Դ. Պետրոսյանի. «Շատերը կարծում են, որ եթե նույնիսկ իշխանությունը փոխվի
ու ընդդիմությունը գա իշխանության, ոչինչ չի փոխվի: Այս իշխանություններին ծառայողները
կծառայեն նոր տերերին, իսկ ազնիվ ու անկախ լինելու ցանկություն ունեցողները պրոբլեմներ
կունենան նաեւ նրանց հետ»: Ու որպեսզի այս ամենից խուսափենք, ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ
են իրավական լուծումներ, որոնք կբացառեն որեւէ իշխանավորի՝ ազատվել անցանկալի լրատվամիջոցից:
Ներկաներին հետաքրքրում էր այս երկու հեռուստաընկերությունների՝ Եվրոդատարանում
գտնվող գործերի ընթացքը: Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ «Ա1+»-ի հայցը մերժված չի, ընդունվել
է քննարկման, անցել են հարցադրումների փուլը, երբ դատավորները հարցադրումներով դիմել
են եւ «Ա1+»-ին, եւ կառավարությանը՝ լիակատար պատկերացում կազմելու համար: Թե ինչ
կլինի հետո՝ դեռ պարզ չէ: Իսկ Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց՝ ամենայն հավանականությամբ,
«ՆՏ»-ի հայցը ավելի շուտ կընդունվի, քան կմերժվի: Ի հավելումն, Հետաքննող լրագրողների
ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, հղում կատարելով իրենց աղբյուրներին,
հայտնեց, որ ըստ երեւույթին 2006-ի ընթացքում «Նոյյան տապանի» հարցով որոշում կկայացվի,
սակայն «Ա1+»-ի գործը գուցե թե դեռ էլի ձգձգվի: Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Լարիսա Ալավերդյանը այս առթիվ նկատեց, որ չնայած նման գործի նախադեպ Եվրոդատարանում
չկա, ինչը փոքր-ինչ բարդացնում է հարցի լուծումը՝ «հարթված ճանապարհով ավելի արագ
են գնում», սակայն նախադեպ չկա նաեւ նման հայցի մերժման. «Ինչպես միշտ, Հայաստանը
ստեղծել է աննախադեպ նախադեպ»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել