Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲՅԵԿՏԻՎ

Մարտ 31,2006 00:00

ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼ ՀՈԳՍԵՐ Ապրիլի վերջին Մոսկվայում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում մայրաքաղաքի Հավաքական թիմերի կենտրոնում: Մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հանդիպեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին: – Գո՞հ էք նախապատրաստության ընթացքից: – Ամեն բան գնում է ըստ կազմված ծրագրի: Տղաները մարզվում են ջանադրաբար: Երեւանում կմնանք մինչեւ ապրիլի 9-ը: Դրանից հետո մեկնելու ենք Սոչի, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք Ռուսաստանի հավաքականի հետ ու այնտեղից էլ ապրիլի 24-ին կմեկնենք Մոսկվա: – Եվրոպայի առաջնությանը քանի՞ քաշային կարգում ենք մասնակից ունենալու: – Մեր ձեռքի տակ եղածներից ընտրել ենք չորս հոգու՝ 55, 60, 66 եւ 74 կիլոգրամ քաշերում: Բայց թե հետո նրանց կմիանա՞ն Ռուսաստանում գնվածները, որոնց չեմ էլ տեսել, չգիտեմ, ոչինչ ասել չեմ կարող: – Իսկ այստեղ ո՞ւմ եք ընտրել: – Անուններ չեմ ուզում տալ: Ասեմ միայն, որ հավաքներին հիմնականում երիտասարդներ են մասնակցել: Թիմում հներից գրեթե ոչ ոք չի մնացել: – Այսինքն հավաքականում սերնդափոխությո՞ւն է կատարվում: – Դա պարտադիր գործընթաց է: Նախկին հիմնական կորիզն աստիճանաբար տեղը պիտի զիջի երիտասարդներին: Բայց, ցավոք, մեր պարագայում բնականոն սերնդափոխությունը խափանվեց: Խոսքս Մարտին Բերբերյանի մասին է, որը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նա թիմի առաջատարն էր, մյուսներին տանում էր իր ետեւից ու դեռ կարող էր օգտակար լինել, մինչեւ երիտասարդները կհասնեին համապատասխան մակարդակի: Բայց հեռացավ՝ անակնկալի բերելով բոլորիս ու խառնելով բոլոր խաղաթղթերը: Իսկ մենք այնքան հզոր չենք, որպեսզի բոլոր յոթ քաշային կարգերում էլ այդպիսի լիդերներ ունենանք: – Ինչո՞ւ գնաց, ի՞նչ պատճառաբանությամբ: – Ասում են՝ ամուսնանալու նպատակով: Նա նյութականի հետ կապված որեւէ խնդիր երբեք չի ունեցել: Առավել եւս Գագիկ Ծառուկյանի ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվելուց հետո: Պարոն Ծառուկյանը նրան բնակարան էլ տվեց, մեքենա էլ, բարձր թոշակ էլ: Էլ չեմ խոսում ամեն մի հերթական նվաճման, եւ տարեվերջյան դրամական խոշոր խրախուսանքների մասին, որ տալիս էր պետությունը: Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարությունը Մարտինի համար անում էին ամեն բան, որ նա եւ լավ ապրի, եւ լավ սնվի, որպեսզի մարզվելուն ոչինչ չխանգարի: – Ուրեմն Մարտին Բերբերյանի անունն ընդմիշտ ջնջվա՞ծ է հավաքականի ցուցակից: – Համենայնդեպս, նա հաստատ այս տարի չի մասնակցի ոչ Եվրոպայի, ոչ աշխարհի առաջնություններին: – Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվայում Հայաստանը դուրս է մնալու մեդալների համար մղվող պայքարից: – Ես այդքան խիստ չէի արտահայտվի: Բայց խոստումներ էլ չեմ ուզում տալ: Սպորտում ամեն բան էլ լինում է: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մշտապես մեդալներ են լինելու: Մեր հավաքականում այս անգամ երիտասարդներ են լինելու: Նրանք իրենց լավագույն կողմերով են դրսեւորել Եվրոպայի, աշխարհի երիտասարդական առաջնություններում, որտեղ հաղթել կամ մրցանակային տեղեր են գրավել: Այսինքն, ըմբշամարտում իրենցից ինչ-որ բան ներկայացնում են: Բայց մեծահասակների պայքարն ուրիշ է, անհամեմատ ավելի դժվար: Չի բացառվում, որ այս անգամ ձեռնունայն վերադառնանք: Բայց ես դրանից ողբերգություն չեմ սարքի: Տղաներին առնվազն մեկ-երկու տարի դեռ պետք է լինելու: Նրանց հետ հարկավոր է այդ ընթացքում աշխատել: Եթե մեդալ չլինի, չի կարելի ասել, թե դու վատն ես: Ընդհակառակը, այ հենց այժմվանից պիտի նրանց հույս ներշնչել, խրախուսել, ինչպես ժամանակին վարվել ենք նույն Մարտին Բերբերյանի հետ, որը նոր-նոր գալիս էր փոխարինելու, ասենք, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանին: Մարզասերները չգիտեն, որ սպորտում չգրված մի դաժան օրենք կա. խոստումնալից, հեռանկարային մարզիկները ամբողջ տարվա ընթացքում ավելի շատ ծառայում են հավաքականների առաջին համարներին կարեւոր ստուգատեսներին նախապատրաստելուն: Եվ վերջինների մեդալների մոտ հիսուն տոկոսը նաեւ նրանց շնորհիվ է նվաճվում: Այդ երիտասարդներն էլ ընտանիք ու հոգսեր ունեն: Ու, իմ համոզմամբ, իրենք էլ արժանի են դրամական, թեկուզ խորհրդանշական վարձատրության, որպեսզի ստիպված չլինեն մտածել սպորտը թողնելու եւ ապրուստի այլ միջոց գտնելու մասին: Նրանք են, որ վաղը խոշոր մրցումներում բարձրացնելու են երկրի դրոշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել