Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԻՎԱՆՈՒ

Մարտ 31,2006 00:00

ՋԻՎԱՆՈՒ ԵՐԵԿՈՆ ԵՎ ԿԱՅԱՑԱՎ, ԵՎ ՈՉ Աշուղի ծոռ Ջիվան Հակոբյանը դժգոհ է հայ երգիչ-երգչուհիներից Աշուղ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով Ջիվանու անվան մշակութային նորաստեղծ հիմնադրամը «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 28-ին անցկացրեց «Ջիվանու մուտքը Երեւան» հոբելյանական միջոցառումների առաջին համերգը: Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել աշուղ Ջիվանու ծոռը՝ Ջիվան Հակոբյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ մեծ աշուղին վայել, հավուր պատշաճի չի անցել երեկոն, պատճառաբանելով, որ երգիչ-երգչուհիները միաբերան հրաժարվել են մասնակցել երեկոյին՝ առանց հոնորարի: Իսկ երեկոյի նպատակն էր լայն մասսաներին, այդ թվում՝ երիտասարդներին, ծանոթացնել Ջիվանու «խոր փիլիսոփայությանը»: «Յուրաքանչյուր երգի կատարման համար պահանջում էին 50 դոլար: Բայց եթե այդ գումարը վճարեինք, երկու երգ էլ կերգեին»,- նշեց Ջ. Հակոբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք դիմել են Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանին, որը նույնպես հրաժարվել է անվճար ելույթից եւ այդ մասին հայտնել է համերգից մի քանի ժամ առաջ: Համերգը եղել է միայն հրավիրատոմսերով ու անցել լեփ լեցուն դահլիճում: Ընդ որում, հնչել է ընդամենը 3 երգ Ջիվանուց, ինչի պատճառով էլ հանդիսատեսը հուսախաբ է եղել: Սերունդներ են կրթվել Ջիվանու երգերով ու քանի՜ երգիչ ճանաչում է ձեռք բերել հենց աշուղի թողած ժառանգությամբ, հետաքրքիր է՝ ո՞ր երգիչներն են հրաժարվել առանց հոնորարի բեմ դուրս գալ եւ հնարավոր չէ՞ր ի հարգանք աշուղի՝ մեկ համերգ էլ բացառություն անեին: «Ճանաչված երգիչների անունները չեմ ուզում հրապարակվի, որ նրանք հետագայում խնդիրներ չունենան Թովմաս Պողոսյանի հետ (5 երգիչ Թովմաս Պողոսյանի ղեկավարած դպրոցից էր-Ս. Դ.),- ասաց աշուղի ծոռը:- Համերգը փրկեցին աշուղ Լեյլին, երգիչներ Ռուբեն Սահակյանը, Րաֆֆին, թառահար Էդվարդ Ղեւոնդյանը, դաշնակահարուհի Անժելա Ղեւոնդյանը: Աշուղի մասին խոսք ասաց ճանաչված ազգագրագետ Շավիղ Գրիգորյանը»: Քանի որ ողջ տարի պետք է լինեն Ջիվանուն նվիրված միջոցառումներ Հայաստանի մարզերում ու քաղաքներում, վերջին ակորդն էլ՝ աշուղի ծննդավայրում՝ Ջավախքի Ղազախ գյուղում, Ջ. Հակոբյանը հույս ունի, որ հետագա համերգները կանցնեն ճանաչված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ 2005-ին Ջիվանուն նվիրված կառավարական մակարդակով կազմակերպված միջոցառմանը հարազատներից ոչ մեկը չի հրավիրվել, իսկ որպես Ջիվանու ծոռ՝ ներկայացրել են այլ անձի. «Եվ սա սփռվեց հեռուստատեսությամբ»: Կապվեցինք երգիչ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ: Վերջինս հերքեց, որ իր եւ կազմակերպիչների միջեւ ընդհանրապես եղել է հոնորարի խնդիր: «Եկել են փետրվարի 18-ին, խնդրելով, որ մարտի 28-ին կայանալիք համերգին ես եւ իմ ղեկավարած աշուղական խումբը ելույթ ունենանք: Հետաքրքրվեցի՝ ովքե՞ր են մասնակցելու համերգին, նաեւ՝ թե կազմակերպչական բոլոր հարցերը, այդ թվում եւ ֆինանսականը, լուծվա՞ծ են: Պատասխանը եղավ՝ մի բան կանենք: Գնացին-եկան, արդեն համերգի նախօրեին դարձյալ խնդրելով իմ եւ երգիչներիս մասնակցության համար: Ես հիմնադիր տնօրենն են մեծանուն աշուղի անունը կրող դպրոցի, պրոֆեսիոնալ մարդ եմ եւ չեմ կարող տանել ինքնագործունեությունը, այդ թվում ամենագլխավորը՝ կազմակերպչական ինքնագործունեությունը: Աշուղ Ջիվանու 160-ամյակին մենք պատրաստվում ենք մեծ միջոցառման՝ նոյեմբեր ամսին, որի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք անցյալ տարվանից»,- հայտնեց Թ. Պողոսյանը: Քանի որ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով կազմակերպված երեւանյան համերգին ներկա է եղել մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը, ուստի ցանկացանք լսել նրա տպավորությունը համերգից: Նախարարի մամուլի քարտուղար Նառա Դանիելյանը «Առավոտին» փոխանցեց. «Նախարարն ինքն էլ է հուսախաբ եղել համերգից: Նախարարությունը աջակցել է, որ «Ա. Խաչատրյան» համերգասրահը վարձակալության տրվի ինքնարժեքից ցածր գումարով: Ինչ վերաբերում է ծրագրի հագեցվածությանն ու կազմակերպչական խնդիրներին, այդ հարցում էլ կաջակցեինք, եթե դիմեին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել