Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխպրեզիդենտը ստել է»

Մարտ 31,2006 00:00

«Փոխպրեզիդենտը ստել է» Ակադեմիկոս Ա. Ներսիսյանը ստիպված կլինի դիմել լրագրողների օգնությանը Երեկ ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը իր վրդովմունքը հայտնեց մամուլում ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս-քարտուղար Էդուարդ Ղազարյանի հայտարարությունների վերաբերյալ: Խնդիրն այն է, որ Էդ. Ղազարյանը, խոսելով ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի դեմ Անրի Ներսիսյանի ներկայացրած մեղադրանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների մասին, ասել էր, թե նախագահությունում բնավ էլ չեն կարծում, որ հանձնաժողովի եզրակացությանը կհաջորդի Ֆ. Սարգսյանի հրաժարականը, ինչպես կարծում են շատերը, այլ՝ «պարզապես ստուգումները լույս կսփռեն ֆինանսական չարաշահումների մասին արագորեն տարածվող ասեկոսեների վրա»: Էդ. Ղազարյանի խոսքերով, Ներսիսյանն իբր արդեն իսկ հրաժարվել է իր ներկայացրած 12 հարցերի մի մասից, որոշների համար էլ՝ ներողություն խնդրել: Ինքը՝ Ա. Ներսիսյանը, ասում է, որ փոխպրեզիդենտը պարզապես ստել է: «Նախ՝ նա իրավունք չուներ հրապարակել մանրամասներ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ, քանի որ աշխատանքները փակ են եղել եւ բնական էր, որ դրանց մասին պետք էր խոսել միայն այն բանից հետո, երբ եզրակացությունները կներկայացվեին նախագահություն: Ես մինչ այժմ էթիկայի բոլոր կանոնները պահպանել եմ, նույնը պետք է աներ հանձնաժողովի այն անդամը (կամ անդամները), որի մեղքով ինչ-որ ինֆորմացիայի արտահոսք է եղել (իսկ Էդվարդ Ղազարյանը հանձնաժողովի անդամ չէ): Փոխպրեզիդենտի հրապարակած միտքը, փաստորեն, դեզինֆորմացիա է, որը թյուրիմացության մեջ կարող է գցել հասարակությանը: ԳԱԱ նախագահից հետո երկրորդ մարդը կեղծ ինֆորմացիա է տարածում. սուտը վարակիչ է՝ Ֆադեյ Սարգսյանին հետեւում են մյուս ԳԱԱ պաշտոնյաները»,- մեզ հետ զրույցում ասաց Անրի Ներսիսյանը: Նախագահությունն արդեն քանի շաբաթ անընդմեջ նիստ չի գումարում եւ Ա. Ներսիսյանին, ըստ էության, հնարավորություն չի ընձեռվում ներկայացնել իր հատուկ կարծիքը: «Եվ քանի դեռ ես չեմ հայտնել իմ կարծիքը, ոչ ոք չի կարող ասել, թե ես ինչին եմ դեմ, ինչին՝ կողմ, կամ իմ ո՞ր մեղադրանքից եմ հրաժարվել: Ի դեպ, իմ մեղադրանքների քանակը 24-ն է, որ խմբավորված է 13 կետում: Ինչ վերաբերում է Էդ. Ղազարյանին, նա առաջին անգամ չէ, որ գերազանցում է իր լիազորությունները»,- ասաց Ա. Ներսիսյանը: Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ էլ, երբ նախագահությանը դիմում է ներկայացրել Ֆ. Սարգսյանի՝ գիտնականներին հայհոյելու հարցը նախագահության նիստում քննարկելու խնդրանքով, Ղազարյանը (նիստերի կազմակերպիչը) այդպես էլ հարցը թողել է առանց քննության՝ նույնիսկ չհանձնելով դիմումը նախագահության անդամներին: «Այսքանից հետո ես դեռ կմտածեմ՝ արժե՞ գործ ունենալ նման նախագահության հետ ու տրամադրել նրանց այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնավորում են հայտնի չարաշահումների մասին իմ կասկածները, թե՞ այդ ամենը ներկայացնեմ լրագրողների դատին..»,- ասում է Անրի Ներսիսյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել