Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 31,2006 00:00

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌԵՎՍ ԱՆՏՈՒՆ Է Կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը տեղեկացնում է, որ ապօրինությունները կուսակցության հանդեպ շարունակվում են: «Ժառանգություն» կուսակցությունը մինչ օրս շարունակում է մնալ անօթեւան: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 4-ին այս կուսակցության զբաղեցրած տարածքը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի աշխատակիցների կողմից տնօրենի հրահանգով փակվել էր կուսակցության առջեւ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ դատախազությանը ուղղված կուսակցության դիմում-ահազանգերը, ըստ էության, մնացել են անպատասխան, քանի որ այն, ինչ ստացվել է այդ կառույցներից, չի լուծել հարցը: Վերջերս էլ վարչապետ Ա.Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց, որ կուսակցությունը իրեն չի դիմել նոր տարածք ստանալու խնդրանքով, եթե դիմի, մի բան կմտածեն: Մեզ հետ զրույցում կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը նկատեց, որ իրենք դիմել են ոչ միայն վարչապետին, այլեւ գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին՝ համարելով, որ ըստ էության տեղի է ունեցել կոպիտ ոտնձգություն ոչ միայն քաղաքական ազատությունների հանդեպ ընդհանրապես, այլեւ կոնկրետ կուսակցության հանդեպ ուղղակի հալածանքների ձեւով. «Սա է իրականությունը: Բայց մենք մտադիր չենք մեր հայրենիքում պատուհանից ներս մտնել: Մեր պահանջն օրինական է եւ մենք չենք կարող զիջել մեր իրավունքները: Փաստն այն է, որ տեւական ժամանակ փակված է, կուսակցության կենտրոնական գրասենյակը, որի արդյունքում կաթվածահար է եղել կուսակցության կյանքը, հարաբերությունները՝ կենտրոնի եւ տարածքային կառույցների միջեւ: Կուսակցության գործունեությունը կաթվածահար է եղել, որովհետեւ կնիքը մնացել է գրասենյակում, ամբողջ փաստաթղթային բազան, տեխնիկան եւ այլն մնացել են գրասենյակում, եւ մենք պատկերացում չունենք, թե ինչ է այս ընթացքում կատարվել կուսակցության սեփականության հետ, որովհետեւ թատրոնը ունի, այսպես կոչված, «ձախ» մուտք դեպի այդ տարածքները: Մենք մտադիր չենք օգտվել որեւէ միջնորդավորված տարբերակից, մեզ առաջարկում են՝ եկեք գողտու մտեք ներս, ինչ-որ պետք է վերցրեք եւ այլն: Մեզ այս ամենը, որպես քաղաքական կուսակցություն, հարիր չէ, եւ մենք գտնում ենք, որ ամեն ինչ պետք է ընթանա մեր իրավունքների պաշտպանության օրինական դաշտում»: Մենք նկատեցինք, որ հակառակ կողմի ներկայացրած փաստերը եւս խոսուն են: Օրինակ, թատրոնի ղեկավարությունը, նաեւ վարչապետը նշում են, որ տարածքի վարձակալության պայմանագիրը կնքվել է ոչ թե կուսակցության, այլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որ այն համապատասխան նոտարական վավերացում չի ստացել, թատրոնի ղեկավարությունը նաեւ ժամանակին ասել էր, որ փոխվել է տարածքի դռան փականը միայն եւ երկու բանալիներից մեկը կուսակցության ներկայացուցիչների մոտ է, մյուսը՝ թատրոնի եւ այլն: Վարդան Խաչատրյանը իրար ետեւից «սխալ հանեց» այս բոլոր փաստարկները եւ ներկայացրեց իր հակափաստարկները, որոնք էլ, կարծում ենք, իրենց հերթին են համոզիչ: Հայտարարեց հետեւյալը. «Նախ, կցանկանայի այդ սուտը հերքել՝ մենք երկրորդ բանալի չունենք, չենք էլ ունեցել, իրենց կողմից չի էլ առաջարկվել, մենք պահանջել ենք այդ բանալին, բայց նրանք հայտարարել են՝ «Ոչ, բանալին չենք տա, դուք պետք է դուրս գաք այս տարածքից»: Գիտեք նաեւ, որ տարածքի համար վճարված է, պայմանագրի ժամկետները եւս չէին լրացել: Մենք 12 տարի եղել ենք այդ տարածքում, կուսակցությունը գրանցված է այդ տարածքում, թող հիմա չասեն, թե պայմանագիրը կուսակցության հետ չի: Ի՞նչ կապ ունի, թե ում հետ է՝ կուսակցությա՞ն, թե՞ նրա նախագահի: Համենայնդեպս, որպես կուսակցության գրանցման վայր, նշված է այդ հասցեն»: Վարդան Խաչատրյանը մեկ ուրիշ ուշագրավ իրողություն եւս բացահայտեց՝ թեպետ եւ վարչապետը, եւ թատրոնի ղեկավարությունը շարունակ խոսում են այն մասին, որ պայմանագիրը նոտարի կողմից չի հաստատվել, իրականում, պարզվում է, այն չի հաստատվել հենց թատրոնի խնդրանքով. «Իրենք են մեզ խնդրել, որ այն նոտարով չհաստատվի, որովհետեւ թատրոնը հայտնվել էր այնպիսի իրավիճակում, որ ինքը իր սեփականությունը հանձնում էր պետգույքի կառավարմանը, վերջինս այդ սեփականությունը դեռեւս չէր ընդունել: Այսինքն՝ իրենք այսպիսի կախյալ վիճակում էին: Եվ անգամ պայմանագրում նշված է՝ պայմանագիրը մնա այս վիճակում, մինչեւ կստեղծվի նոտարական վավերացման հնարավորությունը: Դրանից կոնկրետ էլ ի՞նչ ասենք»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Իսկ թե ինչո՞ւ է այս ամենը ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ եւ ի՞նչ ելքեր կան ստեղծված իրավիճակից՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել