Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն

Մարտ 31,2006 00:00

ԱՄՆ-Ն ՆԵՐՍԻՑ ԿՔԱՅՔԱՅԻ ԻՐԱՆԸ Ամիսներ տեւած երկար ու ձիգ բանակցություններից ու խորհրդատվություններից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջապես արձագանքեց Իրանի շուրջ ստեղծված միջազգային բավականաչափ բարդ իրադրությանը: Նախօրեին խորհրդի 15 անդամները ընդհանուր փոխզիջմամբ ընդունված մի փաստաթղթով Իրանին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուրանի հարստացմանն ուղղված հետագա աշխատանքներից, իսկ ՄԱԳԱՏԷ-ին պարտավորեցրին մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե որքանով է Իրանը կատարում վերոհիշյալ պահանջը: Ըստ զանազան խողովակներով ստացվող հաղորդագրությունների, Անվտանգության խորհուրդը, այնուամենայնիվ, այդպես էլ չի հստակեցրել, թե ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել Իրանի դեմ՝ ՄԱԿ-ի պահանջը չկատարելու դեպքում: Երեկ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի արտգործնախարարների եւ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված լրացուցիչ քննարկումներ պետք է կայանային Բեռլինում: Այս ամենով հանդերձ, Իրանը ոչ միայն ՄԱԿ-ին ընդառաջ ինչ-ինչ քայլեր չի ձեռնարկում, այլեւ որոշակի ցուցադրական գործողություններով կարծես էլ ավելի է ընդգծում իր անհանդուրժողական եւ ըմբոստ կեցվածքը: Երեկ հայտնի է դարձել, որ Իրանը մտադիր է մասշտաբային զորախաղեր անցկացնել ինչպես ցամաքում, այնպես էլ Պարսից եւ Օմանի ծոցերում: Ըստ որոշ տվյալների, վարժանքներին կմասնակցեն 17 հազարից ավելի զինվորներ եւ նավաստիներ: Իրանցի զինվորականների հավաստմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու Օրմուզի նեղուցի շրջանի զորավարժություններին, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսին: Հարկ է նշել, որ հենց այս նեղուցով է ապահովվում ողջ աշխարհում արդյունահանվող նավթի մատակարարումների 25%-ը: Ըստ այդմ, միանգամայն օրինաչափ է նաեւ Թեհրանի հիմնական ընդդիմախոսի՝ ԱՄՆ-ի հերթական գնահատականը Իրանի վարչախմբին: Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե ներկայումս «Իրանը ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքն է»: Նա Թեհրանին մեղադրել է ահաբեկչության, Իրաքի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաեւ Լիբանանում եւ պաղեստինյան ինքնավարությունում իրադրության ապակայունացմանն աջակցելու մեջ: Ընդսմին, Ռայսն ընդգծել է «Թեհրանի ահաբեկչական գործունեության» դեմ հանդես եկող երկրների կոալիցիան ընդլայնելու անհրաժեշտությունը: Ընդ որում, Ահմադինեջադի ռեժիմին մեղադրելով Իրաքի իրադրության ապակայունացման մեջ, Ռայսը չի թաքցրել Վաշինգթոնի մտադրությունը՝ ազդեցություն գործելու հատկապես Իրանի ներքաղաքական կյանքի վրա: «Մեր տրամադրության տակ կան մի շարք լծակներ, այդ թվում այնպիսիք, որոնք հնարավորություն են ընձեռում սրել իրանական ժողովրդի եւ վարչակազմի միջեւ եղած հակասությունները»,- ասել է պետքարտուղարը: Ինչեւէ, ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի նկատմամբ ավելի հստակ վերաբերմունք կդրսեւորվի թերեւս մեկ ամսից: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել