2007-ԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ Է Ասում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանյան ընդդիմությունն անցած տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ իշխանափոխություն իրականացնելու հարցում իր հաջողությունները պայմանավորում էր նաեւ արտաքին ուժերի կամ այլ կերպ ասած` «դրսի» աջակցությամբ: Ուստի իր որեւէ գործողության ծրագրի տապալումը ընդդիմությունը պայմանավորել է ոչ միայն իշխանությունների ռեպրեսիվ գործողություններով, այլեւ «դրսի» աջակցության կամ չեզոքության հանգամանքով: Մյուս պայմանը, որի առկայությամբ է ընդդիմությունը պայմանավորում իշխանափոխության հաջողությունը՝ ԼՂ հիմնախնդիրն է. արտաքին ճնշումներ՝ հարցը լուծելու համար, փաստաթղթի ստորագրում, որը բողոքի ժողովրդական ալիք կբարձրացնի, կամ՝ չստորագրում, որի արդյունքում այդ «դուրսը» կփորձի ընդդիմության միջոցով փոխել իշխանությունը: Ա. Կարապետյանի դիտարկմամբ, 2003-2005-ին արտաքին աշխարհը Հայաստանով հետաքրքրված չէր: Նա զբաղված էր այլ խնդիրների լուծմամբ, ուստի Հայաստանում տիրող հարաբերական կայունությունը նրան ձեռնտու էր հատկապես ԼՂ խնդրի լուծման համատեքստում: Միջազգային հանրությունը, ըստ պարոն Կարապետյանի, չէր ուզում Հայաստանով զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ գոնե թվացյալ կայունություն կար՝ իշխանությունն ուժեղ է, ընդդիմություն գոյություն չունի: Արտաքին աշխարհին թվում է, որ Հայաստանը պետք է շարժվի էվոլյուցիոն ճանապարհով, որովհետեւ իրավիճակն է այդպիսին՝ պայքարողների բազմությունը չկա: Նա պատրաստ էր հանուն ԼՂ խնդրի լուծման աչք փակել մեր ժողովրդավարության ցածր մակարդակի վրա: «Հիմա Հայաստանում նոր իրավիճակ է: Կա Իրանի հարց, ու մենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող երկրների համար դարձել ենք հետաքրքիր: Ընդ որում, այս դեպքում էլ Հայաստանը չէ, որ հետաքրքրել է աշխարհին: Այդ հետաքրքրությունը ծագեց այն ժամանակ, երբ առաջացան Իրանի խնդիրը ու դրա հետ կապված ԼՂ հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը: Որքանով այս խնդիրներն օրակարգում կլինեն եւ Հայաստանն էլ հետաքրքիր կլինի, այնքանով աշխարհաքաղաքական զարգացումները կհանգեցնեն Հայաստանի ներքին խմորումներին: Հիմա եկել է պահը, երբ աշխարհը կհիշի այն ժամանակները, թե ինչպես Քոչարյանը իշխանության եկավ, համոզված եղեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հարցաշարին ստիպված են լինելու պատասխանել ուրիշները»,- համոզմունք հայտնեց Ա. Կարապետյանը: Այս դեպքում ո՞րը պետք է լինի հայաստանյան ընդդիմության անելիքը: «Այս իմաստով ընդդիմությունն, իհարկե, անելիք ունի, բայց երկու շատ կարեւոր հանգամանք կա: Այն ընդդիմությանը, որը պատրաստվում է 2007-ի ընտրություններին ու իշխանությունների հետ պայմանավորվելով` ընդդիմության դեր է ուզում խաղալ, ուզում եմ ասել՝ շուտ եք սկսել: Իշխանությունները նրանց «քցելու» են: 2003-ին Արա Աբրահամյանին բերեցին, ռամկավարների հետ պտտացրին, վերջում «քցեցին»: Դա քաղաքական սխալ կլինի: Իմ կարծիքով, հիմա պատգամավորական մանդատի համար կռիվ տալու ժամանակը չէ»,- հայտարարեց «Նոր ժամանակների» նախագահը: Վերջինիս փոխանցմամբ, իր գլխավորած կուսակցության անելիքն ապագայի հաշվարկով հստակ է՝ «եթե այս երկրում բան չփոխվի մինչեւ 2007-ը, ընտրություններ, որպես այդպիսին, չեն լինելու»: Ա. Կարապետյանը հիշեցրեց, որ դեռեւս 2005թ.-ին կուսակցությունը հայտարարել էր ապրիլից սկսել ազգային հեղափոխության ծրագրի իրագործումը: «Սեւանում մեզ կրակոցներով են կանգնեցրել, բայց մենք այդ գործընթացը շարունակելու ենք: Մենք դրանից ետ չենք կանգնել: Մենք ո՛չ իշխանությունների հետ պայմանավորվածությունների ենք գնում, ո՛չ էլ ծախվում ենք: Ես առաջարկում եմ հետեւյալը. եթե աշխարհաքաղաքական դաշտում սրացումներ լինեն, մենք պետք է պատրաստ լինենք իշխանությունը վերցնելու: Կոնկրետ մեր կուսակցությունն ու մեր այն գործընկերները, ովքեր կհասկանան, որ իշխանությունների հետ պայմանավորվելն անիմաստ է, կհամագործակցենք այս խնդրի շուրջ»,- իր մոտեցումները շարադրեց Ա. Կարապետյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե՝ «Նոր ժամանակներն» այսօր բանակցո՞ւմ է արդյոք այլ կուսակցությունների հետ, ասաց. «Դեռ՝ ոչ: Ժամանակ է պետք այդ ամենը հասկանալու համար: Իհարկե, կան կուսակցություններ, որոնց հետ հնարավոր է համագործակցել սրա շուրջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ