Աշուղի
ծոռ Ջիվան Հակոբյանը դժգոհ է հայ երգիչ-երգչուհիներից Աշուղ Ջիվանու ծննդյան
160-ամյակի առիթով Ջիվանու անվան մշակութային նորաստեղծ հիմնադրամը «Ա. Խաչատրյան»
համերգասրահում մարտի 28-ին անցկացրեց «Ջիվանու մուտքը Երեւան» հոբելյանական միջոցառումների
առաջին համերգը: Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել աշուղ Ջիվանու
ծոռը՝ Ջիվան Հակոբյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ մեծ աշուղին վայել, հավուր պատշաճի
չի անցել երեկոն, պատճառաբանելով, որ երգիչ-երգչուհիները միաբերան հրաժարվել են մասնակցել
երեկոյին՝ առանց հոնորարի: Իսկ երեկոյի նպատակն էր լայն մասսաներին, այդ թվում՝ երիտասարդներին,
ծանոթացնել Ջիվանու «խոր փիլիսոփայությանը»: «Յուրաքանչյուր երգի կատարման համար
պահանջում էին 50 դոլար: Բայց եթե այդ գումարը վճարեինք, երկու երգ էլ կերգեին»,-
նշեց Ջ. Հակոբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք դիմել են Ջիվանու անվան աշուղական
դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանին, որը նույնպես հրաժարվել է անվճար ելույթից եւ այդ
մասին հայտնել է համերգից մի քանի ժամ առաջ: Համերգը եղել է միայն հրավիրատոմսերով
ու անցել լեփ լեցուն դահլիճում: Ընդ որում, հնչել է ընդամենը 3 երգ Ջիվանուց, ինչի
պատճառով էլ հանդիսատեսը հուսախաբ է եղել: Սերունդներ են կրթվել Ջիվանու երգերով
ու քանի՜ երգիչ ճանաչում է ձեռք բերել հենց աշուղի թողած ժառանգությամբ, հետաքրքիր
է՝ ո՞ր երգիչներն են հրաժարվել առանց հոնորարի բեմ դուրս գալ եւ հնարավոր չէ՞ր ի
հարգանք աշուղի՝ մեկ համերգ էլ բացառություն անեին: «Ճանաչված երգիչների անունները
չեմ ուզում հրապարակվի, որ նրանք հետագայում խնդիրներ չունենան Թովմաս Պողոսյանի
հետ (5 երգիչ Թովմաս Պողոսյանի ղեկավարած դպրոցից էր-Ս. Դ.),- ասաց աշուղի ծոռը:-
Համերգը փրկեցին աշուղ Լեյլին, երգիչներ Ռուբեն Սահակյանը, Րաֆֆին, թառահար Էդվարդ
Ղեւոնդյանը, դաշնակահարուհի Անժելա Ղեւոնդյանը: Աշուղի մասին խոսք ասաց ճանաչված
ազգագրագետ Շավիղ Գրիգորյանը»: Քանի որ ողջ տարի պետք է լինեն Ջիվանուն նվիրված միջոցառումներ
Հայաստանի մարզերում ու քաղաքներում, վերջին ակորդն էլ՝ աշուղի ծննդավայրում՝ Ջավախքի
Ղազախ գյուղում, Ջ. Հակոբյանը հույս ունի, որ հետագա համերգները կանցնեն ճանաչված
երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ 2005-ին Ջիվանուն նվիրված
կառավարական մակարդակով կազմակերպված միջոցառմանը հարազատներից ոչ մեկը չի հրավիրվել,
իսկ որպես Ջիվանու ծոռ՝ ներկայացրել են այլ անձի. «Եվ սա սփռվեց հեռուստատեսությամբ»:
Կապվեցինք երգիչ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, կոնսերվատորիայի
պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ: Վերջինս հերքեց, որ իր եւ կազմակերպիչների միջեւ
ընդհանրապես եղել է հոնորարի խնդիր: «Եկել են փետրվարի 18-ին, խնդրելով, որ մարտի
28-ին կայանալիք համերգին ես եւ իմ ղեկավարած աշուղական խումբը ելույթ ունենանք:
Հետաքրքրվեցի՝ ովքե՞ր են մասնակցելու համերգին, նաեւ՝ թե կազմակերպչական բոլոր հարցերը,
այդ թվում եւ ֆինանսականը, լուծվա՞ծ են: Պատասխանը եղավ՝ մի բան կանենք: Գնացին-եկան,
արդեն համերգի նախօրեին դարձյալ խնդրելով իմ եւ երգիչներիս մասնակցության համար:
Ես հիմնադիր տնօրենն են մեծանուն աշուղի անունը կրող դպրոցի, պրոֆեսիոնալ մարդ եմ
եւ չեմ կարող տանել ինքնագործունեությունը, այդ թվում ամենագլխավորը՝ կազմակերպչական
ինքնագործունեությունը: Աշուղ Ջիվանու 160-ամյակին մենք պատրաստվում ենք մեծ միջոցառման՝
նոյեմբեր ամսին, որի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք անցյալ տարվանից»,-
հայտնեց Թ. Պողոսյանը: Քանի որ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով կազմակերպված
երեւանյան համերգին ներկա է եղել մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը, ուստի ցանկացանք
լսել նրա տպավորությունը համերգից: Նախարարի մամուլի քարտուղար Նառա Դանիելյանը «Առավոտին»
փոխանցեց. «Նախարարն ինքն էլ է հուսախաբ եղել համերգից: Նախարարությունը աջակցել
է, որ «Ա. Խաչատրյան» համերգասրահը վարձակալության տրվի ինքնարժեքից ցածր գումարով:
Ինչ վերաբերում է ծրագրի հագեցվածությանն ու կազմակերպչական խնդիրներին, այդ հարցում
էլ կաջակցեինք, եթե դիմեին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ