Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» ռոբոտներն էլ են խաբում»

Մարտ 31,2006 00:00

Շիրակցիները բողոքում են «ԱրմենՏելի» «անկապ» կապից

Վերջերս Գյումրին դարձել է արտակարգ իրավիճակների կենտրոն, այստեղ ոչ միայն օրումեջ արտառոց պատմություններ են տեղի ունենում, օրինակ՝ նռնակ տեղադրելու ու զոքանչ սպանելու փորձեր կամ փլուզումներ, այլ սկսել են «համը հանել» լույսը, ջուրն ու հեռախոսը՝ դարձյալ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Գյումրիում համատարած են դարձել ջրազրկումներն ու հոսանքազրկումները, իսկ օրերս անձրեւային եղանակների հետ կապված գյումրեցիների «ներվերի» վրա սկսել է ազդել «ԱրմենՏելը»: Բանն այն է, որ հիշյալ ընկերությունը ակնհայտորեն խաբում է բնակիչներին: Գյումրեցիների ասելով՝ «ըդտեղ ռոբոտներից սկսած բոլորը ստախոս են»: «Էնքան անգյալ կազմակերպություն է, որ կզլանան նույնիսկ ռոբոտների ձենը ճիշտ տեղում միացնել, հազար տարվա իմացածդ համարով զանգ կուտաս, ռոբոտը միանգամից մեջ կընկնի, թե տվյալ ուղղությունը գոյություն չունի, լավ եղանակներին էլ ժամերով կչարչրվիս Պողոսին զանգ կուտաս՝ Մարտիրոսին կընկնիս»,- սրտնեղում են գյումրեցիները՝ վստահեցնելով, որ «ԱրմենՏելը» հարստանում է իրենց անտեղի մուծած րոպեավճարների հաշվին: Ընկերությունն «իր անգյալությամբ» զայրացնում է Շիրակի մարզի մյուս համայնքների բնակիչներին նույնպես, որոնք շտապօգնություն զանգելու հնարավորություն անգամ չունեն: Երկու տարի է մեր օրաթերթը հիշեցնում է ընկերությանն այդ մասին, սակայն Շիրակի մարզի մոտ 60 համայնքներից ձեւի համար դեռ ոչ մեկը հեռախոսիֆիկացված չէ: Ինչպե՞ս է լուծվելու այս խայտառակ պրոբլեմը եւ ո՞վ է հարկադրելու «ԱրմենՏելին»՝ ներդրումներ կատարել Շիրակի մարզում: Մեր օրաթերթը այս հարցի կապակցությամբ դեռեւս տարեվերջին պարզաբանում էր խնդրել Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանից: Մարզպետի տեղեկացնելով՝ Գյումրիում կառուցվող «ԱրմենՏելի» շենքը կավելացնի քաղաքում բաժանորդների քանակը 12 հազարով, սակայն մարզպետարանը դեռեւս «լուրջ, առաջնային» ծրագիր չունի մյուս համայնքներում հարցը լուծելու: «Մի մխիթարանք ունենք, որ գոնե «ՎիվաՍելլի» ու «ԱրմենՏելի» բջջային կապը հնարավորություն տվեց համայնքների հետ կապ ձեւավորելու, հիշում եմ, որ նախագահական ընտրությունները կազմակեպելու համար ռադիոկապ էինք օգտագործում, էն էլ Երեւանից բերեցինք: Հիմա, փառք Աստծո՝ 99 տոկոսով մեր մարզի համայնքները օգտվում են բջջային կապի ծառայություններից, հատկապես «ՎիվաՍելլից»: Այս առումով կարելի է ասել՝ մեզ մեծ օգուտ է, օգնություն է, հասել ենք այն մակարդակին, որ դպրոցականների ձեռքին հեռախոս կա»,- ինքն իրեն մխիթարում էր Շիրակի մարզպետը:

Ի տարբերություն Ռոմիկ Մանուկյանի, բջջային կապից օգտվողները, հատկապես՝ բարձրլեռնային շրջաններում բնակվողները ոչ միայն դժգոհում են անտեղի սնանկանալուց, այլեւ կապի «անորակ որակից»: Նրանց ասելով՝ «հեռախոս ունեն ու չունեն՝ միշտ կամ ռադիոծածկույթից դուրս են, կամ էլ, ըստ ռոբոտի՝ անջատել են հեռախոսը»: «Մարզպետի ձենն ի՞նչ էլ տաք տեղից է գալիս»,- վերջինիս հանգիստ վերաբերմունքից զարմանում են որոշ համայնքների բնակիչներ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել