Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզմունքի պահի՞ն է սպանել

Մարտ 31,2006 00:00

Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը երեկ՝ դատավոր Արիս Սիսակյանի նախագահությամբ, շարունակեց Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Արզնիի էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանի սպանության համար Նոր Հաճընի նախկին քաղաքապետին առաջադրվել է մեղադրանք «Քրեական օրենսգրքի» 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), որը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը երեկվա դատական նիստի մասին հայտնեց «Առավոտին», թե շարունակել են լսել վկաներին՝ «ոստիկանության աշխատակիցներին, որոնք ներկա են եղել սպանության ժամանակ: Նրանցից մեկի՝ Կորյուն Չոբանյանի ցուցմունքը կասկած հարուցեց, եւ դատարանին միջնորդություն արեցինք անցկացնել քննչական փորձարարություն: Կորյուն Չոբանյանը ցուցմունք տվեց, որ լսել է, թե ինչպես է ամբաստանյալ Արմեն Քեշիշյանը զենքը բերել մարտական վիճակի: Տարօրինակն այն է, որ գտնվելով, իր ասելով, մոտավորապես 30 մետր հեռավորության վրա՝ նա լսել է այդ ձայնը: Այնինչ մենք հակված ենք կարծել, որ Արմեն Քեշիշյանն արդեն պատրաստված է եկել Աշոտ Մխիթարյանին սպանելու»:

Հիշեցնենք, որ Նոր Հաճընի նախկին քաղաքապետի պաշտպանի առաջադրած վարկածն է, թե Արմեն Քեշիշյանի եւ Աշոտ Մխիթարյանի հարաբերությունները երկար ժամանակ եղել են լարված, որոնք հասել են գագաթնակետին, երբ Աշոտ Մխիթարյանի ապօրինի շինարարությունը կանխելու նպատակով քաղաքապետը ոստիկանների հետ եղել է դեպքի վայրում, եւ Աշոտ Մխիթարյանը նրա հասցեին տվել է սեռական հայհոյանքներ:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք նման ցուցմունքներով փորձ չի՞ արվում ապացուցել, թե Նոր Հաճընի նախկին քաղաքապետը խիստ հուզմունքի պահին է կատարել հանցագործությունը (դա ապացուցվելու դեպքում նրան սպառնում է ընդամենը 6-12 տարվա ազատազրկում)՝ փաստաբան Աշոտ Սարգսյանը պատասխանեց. «Այդպես են ներկայացնում ամբաստանյալը եւ իր պաշտպանը: Բայց մեր համոզմամբ՝ այդ ամբողջը եղել է նախապատրաստված: Եվ Արմեն Քեշիշյանի հիմնական նպատակը շինարարությունը կանխելը չէր. դրա կարիքը բացարձակապես չկար, քանի որ ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ կանխել էին, եւ նրանց ներկայությունը լրիվ բավարար էր դադարեցնելու համար բանվորների կատարած գործողությունները: Իսկ Արմեն Քեշիշյանի մտադրությունն, ըստ մեզ, եղել է Աշոտ Մխիթարյանին այնպիսի գործողությունների դրդելը, որոնք իբր կառաջացնեին իր մոտ «հոգեկան հուզմունք»: Դե, բնական է, որ Աշոտ Մխիթարյանի կողմից չէր կարող վերաբերմունք չլինել: Եվ Արմեն Քեշիշյանը նախապատրաստված էր եկել սպանելու Աշոտ Մխիթարյանին: Ցուցմունք տված բոլոր չեզոք ականատես վկաները՝ 2 բանվորները եւ ոստիկանության 2 աշխատակիցները կտրականապես են ժխտում, որ Աշոտ Մխիթարյանը հայհոյանքներ է ուղղել Արմեն Քեշիշյանին»:

Քննչական փորձարարությունը կկատարվի առաջիկայում, իսկ դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 12-ին:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել