Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԽՂՃԻ ՀԱՐՑՆ Է

Մարտ 31,2006 00:00

«Դրո»-ի գործով դատապարտվածներին ազատ արձակելու օգտին հանդես եկած դաշնակցականների մասին ասում է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Դրո» ահաբեկչական կառույցի բացահայտումից հետո ՀՅԴ-ն սեփական ներքին հետաքննությունն էր անցկացրել (Վահան Հովհաննիսյանը հաստատեց մեր այս պնդումը), որի հետեւանքով մի շարք դաշնակցականներ, որոնք այս կամ այն կերպ առնչություն էին ունեցել այդ խմբին, արժանացան կուսակցական բարձրագույն պատժի՝ արտաքսվեցին ՀՅԴ-ից: Սակայն այժմ ստորագրահավաք է նախաձեռնված նման արտաքսվածներից մեկին՝ «Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն ազատ արձակելու միջնորդությամբ: Եվ «11 տարիների ազատազրկումը քայքայել է ընտանիքի հայր, պարկեշտ ամուսին, հայրենասեր մտավորական Արսեն Արծրունու առողջությունը» տողերի ներքո ստորագրել են նաեւ բազմաթիվ դաշնակցականներ: Իր կարգապահությամբ հայտնի կուսակցության համար բավական տարօրինակ այս փաստը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ՀՅԴ Բյուրոյի անդամն ասաց. «Կարծում եմ, որ այս կամ այն անձի՝ անկախ նրա անցյալից կամ առաջադրված քրեական մեղադրանքներից, պաշտպանությանն ուղղված նամակները կրում են հասարակական բնույթ: Եվ մենք հենց այդպես էլ մոտեցել ենք այս հարցին: Այսինքն՝ ընդամենը ոչ մեկին չենք արգելել մասնակցել նման ստորագրահավաքի: Բայց ինչպես նկատել եք, Դաշնակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչները մասնակից չեն այս ստորագրահավաքին: Սա ընդամենը պետք է կարողանալ դիտել 2 տեսանկյունից՝ մեկը քաղաքական երանգ է հաղորդում այս հասարակական նախաձեռնությանը, իսկ մյուսը՝ զուտ մարդասիրական: Քանի որ կա այս երկվությունը՝ մենք որոշեցինք այնուամենայնիվ չմիջամտել ու ոչ մեկին չկողմնորոշել այս հարցում: Ստորագրել կամ չստորագրելը յուրաքանչյուրի խղճի հարցն է»:

«Դրո» խմբի զոհերից մեկը դաշնակցական էր՝ Գագիկ Սահակյանը: Վահան Հովհաննիսյանը նրա անվան հիշատակմանն այսպես արձագանքեց. «Նա շատ ավելի արժանիքներ ուներ, քան նրանք, ովքեր…» եւ կիսատ թողեց խոսքը: Մեր ունեցած տեղեկություններով՝ Դաշնակցությունը ներքին որոշում ուներ որեւէ կերպ չաջակցել այն մարդկանց, ովքեր առնչություն էին ունեցել Գագիկ Սահակյանի սպանությանը: Եվ այդ պատճառով էլ կուսակցության ղեկավարներն այս տարիներին որեւէ միջնորդություն չէին անում հօգուտ «Դրո» խմբի գործով դատապարտյալների, չնայած նրանց հարազատները նաեւ դիմում էին նման խնդրանքներով: Սակայն Գագիկ Սահակյանի սպանության համար նաեւ դատապարտվածների ազատ արձակման օգտին միջնորդելն այլեւս ընդամենը խղճի հա՞րց է: «Ինձ «Դրո» գործով միայն մեկ դատապարտյալի ազգականներն էին դիմել այս հարցով,- ասաց պրն Հովհաննիսյանը:- Բացի այդ, ինքն՝ այդ դատապարտյալը քաղաքական սենսացիայի միտումով լեցուն բազմաթիվ նամակներ է գրում բանտերից (խոսքը «Դրո» գործով մեկ այլ ցմահ ազատազրկման դատապարտվածի՝ Արմեն Մնջոյանի մասին է.- Ա. Ի.), եթե սա կարելի է համարել դիմումի ինչ-որ ձեւ: Ինձ ծանոթ են միայն միջամտության այս խնդրանքները: Այնուամենայնիվ, որեւէ քաղաքական եւ վարչական միջամտություն չի եղել մեր կողմից: Բայց կրկնում եմ, հասարակական բնույթ կրող, ինչ-որ կազմկոմիտեի ստեղծած նամակի տակ ստորագրելը մենք չենք դիտում որպես այդպիսի միջամտություն, դրա համար էլ այս հարցում ընդհանրապես չի եղել արգելք»:

Արմեն Մնջոյանն, ի դեպ, բանտից հղված իր նամակներում ծանրագույն մեղադրանքներ է առաջադրում. ասենք, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի առնչությամբ պնդում է, թե նա համագործակցել է արտերկրի հատուկ ծառայությունների հետ: Մեր հարցին, թե ՀՅԴ մարմինները նման մեղադրանքները քննության առնո՞ւմ են, ստուգո՞ւմ, թե՞ անտեսում են՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դաշնակցությունն ունի իր ներքին համակարգը, եւ մենք ամեն ինչ գիտենք միմյանց մասին: Մեր գործունեությունը թափանցիկ է: Եթե ինչ-որ մեկը մեզ մեղադրում է, ապա այդ մեղադրանքն ապացուցելու գործն այդ անձինն է, մերը չէ: Ի վերջո, գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ եթե ինչ-որ մեկին մեղադրել են՝ մեղադրողն էլ պետք է ապացուցի: Իսկ օդից վերցրած մեղադրանքները, որոնք բացարձակապես անհիմն են՝ ստուգելու վրա ժամանակ վատնելու անհրաժեշտություն մենք չենք տեսնում»: Արմեն Մնջոյանը Վահան Հովհաննիսյանին էլ է մեղադրանքներ ուղղում, սակայն վերջինս պնդում է՝ «Մեծ մասամբ չեմ էլ կարդում այդ նամակները: Ծավալուն են, ժամանակ չունեմ դրանցով զբաղվելու: Ինձ դրանց մասին պատմում են: Եվ հիշում եմ, որ մեկ անգամ ինձ հրավիրել է բանտ՝ այցելելու խնդրո առարկա մարդկանց, որը ես բնականաբար չեմ արել: Ինձ համար այնտեղ վաղուց արդեն չկա ո՛չ ասելիք, ո՛չ էլ խոսելու թեմա: Դրանից հետո սկսեցին տեղալ այդ նամակները: Եթե ինչ-որ մեկը՝ լրագրող կամ իրավապահ մարմին, կուզենա ստուգել այդ նամակներում պարունակվող պնդումների իսկությունը՝ նրանց իրավունքն է: Եվ մենք ցանկացած պահի պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի: Բայց ինձ ոչ ոք չի տվել նման հարց: Սա նշանակում է, թե այն գնահատականը, որ ունենք այդ նամակների վերաբերյալ՝ լռությամբ կիսում են նույնիսկ նրանք, ովքեր հրապարակում են այդ նամակները»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել